Նոյեմբերի 25-ին տեղի ունեցած զինված խմբի վնասազերծումից հետո ձերբակալված, ապա կալանավորված 21 անդամների ամբողջական ցանկը շարունակում է անհայտ մնալ: Երեկ միայն պարզ դարձավ, որ նոյեմբերի 25-ին ձերբակալվել է նաև ազատամարտիկ Էդուարդ Ներսիսյանը, ով ավելի շատ հայտնի է Ապար անունով: Ի վերջո, փորձենք ի մի բերե, թե 21 անդամներից քանիսի մասին են տեղեկություններ հայտնի:
Արթուր Վարդանյանը համարվում է զինված խմբի պարագլուխը: Armlur.am-ը պարզել էր, որ նա «Հայոց վահան» նախաձեռնության ղեկավարն է։ Արթուրի հայրն Արցախյան ազատամարտի մասնակից է և մահացել է պատերազմական գործողությունների ժամանակ:
Նելի Մինասյանն ակտիվիստ է, ով մասնակցել է Բաղրամյան փողոցում տեղի ունեցած էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցերին։ Նա 22 տարեկան է, Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի բնակչուհի է, սովորում է Գլաձոր համալսարանում:
Արման Հայրապետյանը Հ1-ի աշխատակից է եղել և հեռուստաընկերությունից հաստատել են այդ մասին:
Ավետիս Բարեյանն Արմավիր մարզի Արևիկ համայնքի բնակիչ է: Նույն համայնքի բնակիչներ են նաև Վաղինակ Ստեփանյանն ու Արթուր Եղիազարյանը: Նրանք երեքն էլ ամուսնացած են:
Տիգան Բոյաջյանը 19 տարեկան է, Շիրակի մարզի Փանիկ համայնքից է: Վերջերս հաճախ էր մասնակցում «Հիմնադիր խորհրդարան»-ի կազմակերպած ակցիաներին: Նրա հայրը ևս Արցախի հերոսամարտի մասնակից է: Նույն համայնքից է նաև Գևորգ Ջնդոյանն է, ով վերջերս հացադուլ է արել:
Հայր Անտոնիո Ծայրագույն վարդապետ Թոթոնջյանը «Ռադիո Մարիամ Հայաստան» ռադիոկայանի տնօրենն է, ով ԱԱԾ է տարվել նոյեմբերի 26-ին:
Նրա հետ միասին ԱԱԾ էր տարվել նաև Լիլիթ Թորոսյանը: Վերջինս ռադիոընկերության եթերում հարցազրույց էր անցկացրել Արթուր Վարդանյանի հետ:
Կալանավորվածնեի թվում են նաև Մարինե և Ասյա քույրերը, ովքեր բնակվել են Նուբարաշենում։
Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանի մասին հայտնել էինք: Նա նախկինում աշխատել էր ՊՆ-ում, սակայն վերջինիս ավելի քան 10 մլն դրամ է պարտք եղել և կալանավորվել, ապա համաներմամբ ազատ արձակվել:
Ապար մականունով ազատամարտիկին կարելի էր հանդիպել տարբեր ակցիաների ժամանակ:
Կան նաև Սրբուհի և Դավիթ անունով կալանավորվածներ, որոնց մասին դեռևս տեղեկություններ չկան:
Նոյեմբերի 25-ին ձերբակալված 21 անդամներից հայտնի են այսքանի տվյալները, մյուսներինը խնամքով թաքցվում են, սակայն ակնհայտ է, որ դեռևս հետաքրքիր բացահայտումներ են սպասվում: