Խորհրդային տարիներին Թիֆլիսի Խոջիվանքի պանթեոնն անմխիթար վիճակում էր. 35-40 տարի առաջ քչերն էին համարձակվում երեկոյան Հավլաբար թաղամասից Խոջիվանքով բարձրանալ Էլյա թաղամաս. ասում էին՝ այնտեղ գողերն են հերթապահում ու… հայ գրողների հոգիները: Սակայն 2002թ. աշնանը Երեւանի եւ Թիֆլիսի քաղաքապետարանների համատեղ ջանքերով հայ մեծերի պանթեոնը վերջապես բարեկարգվեց:
Մի քանի օր առաջ էլ Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությամբ բարեկարգման աշխատանքներ են իրականացվել հայ գրողների եւ հասարակական գործիչների՝ Խոջիվանքի պանթեոնում: Կենտրոնի աշխատակիցները, մի քանի տասնյակ երիտասարդներ մաքրել ու բարեկարգել են «Մեծաց մեծերի» պանթեոնի տարածքը, հեռացրել ծառերի չորացած ճյուղերը, փխրեցրել հողը՝ նախապատրաստելով ծաղիկների տնկարկման համար: Շաբաթօրյակին մասնակցել են նաեւ Վրաստանի սպորտի եւ երիտասարդության գործերով նախարարության երիտասարդ կամավորները:
ՀՀ ժողովրդական արտիստ, «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար Թովմաս Պողոսյանը հաճախ է լինում Թիֆլիսում, քաջատեղյակ է այնտեղ անցկացվող մշակութային միջոցառումներից: Ըստ նրա՝ Խոջիվանքի հայոց պանթեոնը հիմա ավելի բարվոք վիճակում է, քան խորհրդային տարիներին. «Շատ լավ ցանկապատված է (նախկինում էլ ցանկապատ կար, բայց մի քանի տեղից ջարդված էր, նույնիսկ կովեր էին մտնում), ներսը բարենորոգված է, Առաջնորդարանը սուրբ մասունքներ՝ քարեր է փրկել, բերել ինչ-որ տեղից, որոնք պատի տակ շարված են: Համապատասխան գրություն կա, թե դա ինչ վայր է: Հիմա, որքան գիտեմ, նույնիսկ պահակ կա, դարպասները փակում են, բացում: Իսկ խորհրդային տարիներին այդտեղ խաղամոլներ էին, կասկածելի վարքի տեր մարդիկ… Ի դեպ, Վրաստանի իշխանություններն ամեն տարի Վարդատոնը շատ ավելի լավ են կազմակերպում, քան մենք` Երեւանում»:
Քանի որ խոսվեց Վարդատոնի մասին, հիշեցրինք, որ անցյալ տարի նշվեց Սայաթ-Նովայի 300-ամյակը, սակայն այն համաժողովրդական չդարձավ: «Եթե թղթերով նայենք, ահագին գործ արել են` ֆիլմ, գիրք, տարբեր բաներ… Երբ հոբելյանական հանձնախումբը վարչապետի գլխավորությամբ հավաքվեց, ես ասացի՝ այո՛, բավական գործ արվել է, բայց ինձ թվում է` բավարար չէ. ամենակարեւորը տեղի չունեցավ. Սայաթ-Նովայի 300-ամյակը համաժողովրդական հնչեղություն չունեցավ: Իսկ մեր անսամբլը այդ առիթով անցյալ տարի մեկամսյա շրջագայության մեկնեց ՌԴ եվրոպական մասի քաղաքներ, այս տարի էլ ծրագրում է մեկնել Ուկրաինայի Հանրապետության հայաշատ քաղաքներ»,-նշեց Թ. Պողոսյանը:
«300-ԱՄՅԱԿԸ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀՆՉԵՂՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑԱՎ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռ. ԹԱԹՈՅԱՆ