Երեկ հայտնի դարձավ, որ «զինված հանցավոր խմբի» կալանավորված անդամների մեջ է նաև ազատամարտիկ Էդուարդ Ներսիսյանը (Ապարը): Այս լուրը հաստատել է նաև ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը:
Պարզվել է, որ Ներսիսյանը ձերբակալվել է նոյեմբերի 25-ի առավոտյան: Խուզարկել են նրա բանակարանը, սակայն ոչինչ չեն հայտնաբերել: Ապարը հրաժարվել է փաստաբանից:
Հարկ է նկատել, որ Ապարն արդեն երկրորդ ազատամարտիկն է, որ այս գործով կալանավորվել է: Նրա կարգավիճակում է հայտնվել նաև ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը:
«Ազատամարտիների դաշինքի» համակարգող, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը նկատում է, որ ազատամարտիկը չի կարող լինել զինված հանցախմբի անդամ. «Հիմա էնպիսի ժամանակ ենք ապրում, որ կարող են վաղն էլ մեկ ուրիշին ձերբակալել: Արդեն եթե ազատամարտիկներին ծեծում են, ջարդում են.. հիմա էլ կկալանավորեն, ի՞նչ խնդիր կա»:
Հարցին՝ ո՞րն է պատճառը, որ այս գործում շահարկվեցին ազատամարտիկների անունները, Ռազմիկ Պետրոսյանը պատասխանեց, որ չի կարող լինել ազատամարտիկ, որն իր արյան գնով ձեռք բերած պետությանը վնաս տա. «Մարդն իրա կյանքի գնով պաշտպանած երկրի համար չի կարա չարիք լինել: Եթե հասել ենք էն օրվան, որ ազատամարտիկին Անկախության օրը ծեծում են, ամեն ինչի էլ կարող ենք սպասել: Ես Ավետյան Խաչիկի մասին էի կարդացել, Ապարի մասին անգամ չգիտեի: Այնտեղ մեծ հանցագործությունների, բանդայի մասին էր ասվում, իսկ եթե խոսվում է ազատամարտիկների մասին, ուրեմն վերնագիրը պետք է փոխվի. ազատամարտիկը տեռորիստ չի կարող լինել»:
Ռազմիկ Պետրոսյանի խոսքով՝ եթե պատկերն այսպիսին է, ապա ժողովուրդը չի սխալվել «վնասազերծման գործընթացը» շոու անվանելով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին տեղի ունեցած զինված խմբի վնասազերծումից հետո ձերբակալված, ապա կալանավորված 21 անդամների ամբողջական ցանկը շարունակում է անհայտ մնալ: