«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ որոշել էր Հայաստանի լրագրողներին պատվել իր ասուլիսով: Հովհաննիսյանի ասուլիսն ինքնին իրադարձություն է, քանի որ նա մշտապես անձնական ինչ-որ գործերով գտնվում է արտերկրում՝ հիմնականում ԱՄՆ-ում: Նույնիսկ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը նրա համար առիթ չեղավ մեկ ամսով Հայաստանում մնալու: Եւ, ահա, հիմա, երբ մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ է մնացել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին վերադարձել է Հայաստան: Ավելին՝ նա հեսա-հեսա իշխանափոխություն է խոստանում: «Թող ոչ մեկը չսպասի փրկարար գործողության, դեկտեմբերի 1-ից 6-ը հայ ազգը պիտի ցույց տա իր միասնականությունը, եւ ամսի 6-ից 7-ը նոր իրավիճակ ենք ունենալու, որը տանելու է դեպի նոր Հայաստան: Պետք է դուրս գալ այդ ճակատագրապաշտությունից, ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ապագան եւ միասնական պայքարի դուրս գա»,- այս խոսքերի հեղինակը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդն է: Այն նույն կուսակցության, որը կոնկրետ Սյունիքի հանձնաժողովի անդամների տեղերն արդեն վաճառել կամ նվիրել է Հանրապետական կուսակցությանը: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, որ թիվ 37 ընտրատարածքի մի շարք տեղամասերում «Ժառանգություն» կուսակցության կողմից նշանակված ՏԸՀ անդամներն իրականում այս կուսակցության հետ կապ չունեն, ավելին՝ նրանց մեջ անգամ կան այնպիսիք, որոնք օրաթերթի հետ զրույցում ուղղակի հայտարարեցին, որ իրենք ՀՀԿ անդամ են եւ այո-ի կողմնակից:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պետբյուջեի միջոցների բացակայության պատճառով իշխանությունները չգիտեն, թե ինչպես են լուծելու Հայաստանի խորհրդարանի աշխատակիցների աշխատավարձի խնդիրը: Արդեն իսկ հայտնի է, որ ԱԺ աշխատակիցների 13-րդ աշխատավարձը հնարավոր չի լինի վճարել, ինչը վերջին տարիների համար աննախադեպ երեւույթ կլինի, քանի որ այն մշտապես վճարվել է: ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել ֆինանսական դժվարությունների վերաբերյալ լուրի իսկությունը, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Հիմա հնարավոր չէ կանխատեսել, քանի որ աշխատավարձերը վճարելու ժամանակը չէ դեռ: Այլ հարց է, եթե աշխատավարձերի ժամանակը լինի, եւ չվճարվի: Այդ ժամանակ կփորձենք հասկանալ, թե ինչու չի վճարվել: Բայց դրա ժամանակը չի եկել: Ոչ մի խնդիր չկա»: Ինչպես ասում են՝ կապրենք, կտեսնենք:
«Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանն արդեն որոշել է, թե երբ է հրավիրելու իր կողմից ստեղծելիք նոր կուսակցության հիմնադիր համագումարը: Արդեն հայտնի է, որ կուսակցությունը կոչվելու է «Ազգային միասնություն»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նոր կուսակցության ծրագրի կազմման վրա այս օրերին ակտիվորեն աշխատում են տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը, Երվանդ Բոզոյանն ու ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը: Ասել կուզի՝ Արա Աբրահամյանը «վարձել» է Գագիկ Ծառուկյանի «հուշարարներին»: Մեր տեղեկություններով՝ «ստեղծագործական խմբի» անդամները նոյեմբերի 24-ին հանդիպել են Արա Աբրահամյանի հետ եւ բոլոր խնդիրների շուրջ համաձայնության եկել: Ըստ այդմ, «ստեղծագործական խումբը» նախ պետք է պատրաստի կուսակցության ստեղծման համար անհրաժեշտ փաստաթղթերը, որից հետո ձեռնամուխ կլինեն համագումարի կազմակերպման գործընթացներին:
Հայաստանի պետական բյուջեն փրկելու համար ՀՀ իշխանությունները պետք է կարողանան երկու ամսում հարկերի եւ տուրքերի տեսքով ավելի քան 260 միլիարդ դրամ հավաքագրել: Սա այն դեպքում, երբ հարկեր եւ տուրքերից պետբյուջեի ամսական մուտքերը կազմում են 90 մլրդ դրամի սահմաններում: Այսինքն՝ ակնհայտ է, որ այս տարի պետական բյուջեի մուտքերը թերակատարվելու են եւ ՀՀ իշխանությունները ստիպված են լինելու ծախսերը կրճատել կամ էլ թոշակները եւ պետական հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերը պետք է սկսեն «նիսիայով» վճարել: Նման պայմաններում տարօրինակն այն է, որ իշխանությունները այդպես էլ չեն փորձում պետական հիմնարկների ծախսերը վերանայել եւ կրճատել, նրանք շարունակում եմ միլիարդավոր դրամներն ինչ-որ անիմաստ եւ կոռուպցիոն ծրագրերի վրա ծախսել: Մյուս կողմից հասկանալով, որ Հայաստանի տնտեսությունն այսպես երկար չի կարող շարունակել գոյատեւել, անդադար ավելացնում են պետական պարտքը՝ նորանոր վարկեր վերցնելու ճանապարհով:
ՉՀԵՐՔՎԱԾ
Հատկապես վերջին օրերին՝ գերլարված ռուս-թուրքական հարաբերությունների ֆոնին, առանձնակի կարեւորություն են ստանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ տարածաշրջանային հիմնական խաղացողների կողմից հնչող հայտարարությունները: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը, թե Թուրքիան ամեն ինչ անելու է, որպեսզի Ադրբեջանը վերադարձնի Հայաստանի կողմից «օկուպացված» տարածքները, երեկ իր շարունակությունը ստացավ Բաքվում` Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի եւ ադրբեջանցի նրա գործընկերոջ` Էլմար Մամեդյարովի համատեղ ասուլիսի ընթացքում: Իհարկե, այս զույգի շուրթերից նման հայտարարությունները նորություն չեն, սակայն ներկայիս պայթյունավտանգ իրավիճակում նման բարձրաձայնումները նոր զարգացումների միտումներ են նախանշում, որոնցում, սակայն, հստակ չէ Ռուսաստանի դիրքորոշումը:
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նախօրեին արդեն իսկ հայտարարել էր, թե ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ միջնորդների անունից պաշտոնական Բաքվին է ներկայացրել միջնորդների առաջարկությունների փաթեթը, որի կարեւոր տարրերն են` Ադրբեջանի տարածքներից հայկական զինված ուժերի դուրսբերումը, բռնի տեղահանվածների վերադարձն իրենց տները եւ Լեռնային Ղարաբաղի հայկական ու ադրբեջանական համայնքների միջեւ շփումների հաստատումը: Մամեդյարովի այս հայտարարությունը հերքել էր ՀՀ ԱԳՆ խոսնակը` ասելով, թե Ադրբեջանի արտգործնախարարն ամեն ինչ «գլխիվայր է շուռ տվել»: Երեկ, սակայն, Մամեդյարովը երկրորդել է իր ասածը` ընդգծելով, որ Ռուսաստանի ԱԳ նախարարն առաջարկներ է ներկայացրել: Ըստ նրա.«Բոլորը համաձայն են, որ ամենամեծ խնդիրը ադրբեջանական տարածքների օկուպացիայի շարունակումն է»:
Նկատենք, որ Ս. Լավրովը Բաքու էր այցելել անցած սեպտեմբերի սկզբին, որից հետո սահմանային լարվածությունը շեշտակիորեն մեծացավ: Իսկ արդեն հոկտեմբերին՝ Երեւան կատարած այցելությունից հետո, թե՛ հայկական, թե՛ ռուական մամուլում եղան արտահոսքեր այն մասին, որ Լավրովը Երեւան էր եկել քննարկելու ազատագրված տարածքների մի մասը Ադրբեջանին հանձնելու հարցը: Եվ չնայած հայկական կողմից արված հերքումներին` Ադրբեջանի արտգործնախարարը շարունակում է պնդել, որ Լավրովը հենց այդպիսի օրակարգով է եկել թե՛ Բաքու, թե՛ Երեւան: Որքան էլ Մամեդյարովը դիվանագիտական խաղ տանելիս լինի, այդուամենայնիվ, նկատենք, որ եռանախագահների կողմից նման առաջարկության բացակայության դեպքում արդեն իսկ հայկական կողմի համար պետք է որ դժվար չլիներ այս ընթացքում ներկայացնել Մամեդյարովի պնդումների առավել արժանահավատ հերքում, քան Տիգրան Բալայանի կողմից լրատվամիջոցներից մեկի հարցին տրված պատասխանն էր: Իսկ քանի դեռ տարածքների վերադարձի վերաբերյալ միջնորդների ներկայացրած առաջարկի մասին ադրբեջանական կողմի պնդումները չեն հերքվել հենց իրենց` միջնորդների կողմից, այդ հարցը մնում է բաց: