ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես անկողնային հիվանդ եմ եւ քայլել չեմ կարողանում: Ցանկանում եմ բնակարանի իմ մասնաբաժինը նվիրատվություն կատարել որդուս, բայց ես անձամբ կադաստրի համապատասխան բաժին չեմ կարող ներկայանալ: Տեղյակ եմ, որ կադաստրի մատուցած ծառայությունները տնային պայմաններում հնարավոր չէ իրագործել: Եթե նոտարի կողմից հաստատված լիազորագիր ուղարկեմ կադաստր, ապա այդ դեպքում գոնե կկարողանա՞ն գործարք իրականացնել: Եթե ոչ, ապա ի՞նչ կարող եմ անել, որպեսզի նվիրատվության գործընթացն իրականացվի:

Վարդուհի Մխիթարյան (82 տարեկան, թոշակառու)


ՊԱՏԱՍԽԱՆ.
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ստորագրությունների իսկության ճանաչման նպատակով պայմանագիրը ստորագրող անձինք անշարժ գույքի պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակ պետք է ներկայացնեն ՀՀ կառավարության կողմից հաստատված օրինակելի պայմանագրին համապատասխան կազմված պայմանագիր:
ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1851-Ն որոշմամբ հաստատված նոտարական վավերացում պահանջող պայմանագրի օրինակելի ձեւերը թույլ չեն տալիս, որ ստորագրությունների իսկության ճանաչմամբ կնքվող պայմանագրերը ստորագրվեն պայմանագրի կողմերի լիազորված անձանց միջոցով, եթե լիազորված անձը հանդես է գալիս քաղաքացու անունից: Հետեւաբար, Ձեր կողմից նշված գործարքը, գործող օրենքի պահանջների համաձայն, կարող է իրականացվել միայն նոտարական գրասենյակում:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով՝ Վարդուհի Մխիթարյանը պետք է ինչ-որ կերպ կադաստրի գրասենյակ հասնի այդ շատ կարեւոր գործարքն անձամբ վավերացնելու համար: Սակայն այս դեպքը երեւան է հանում մեր օրենսդրության մեջ առկա բացը, քանի որ կարող են լինել նաեւ այնպիսի իրավիճակներ, երբ հաշմանդամ քաղաքացին որեւէ կերպ չի կարող տնից դուրս գալ եւ հասնել կադաստրի գրասենյակ:




Լրահոս