Տեսանելի ապագայում Հայաստանի քաղաքական դաշտում ամենահզոր կուսակցությունը Հանրապետականն է. Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունների համար սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կյանքի և մահվան հարց չէ: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով ընդդիմության այն մեղադրանքներին, որ ընտրացուցակներն ուռճացված են, Շարմազանովը հայտարարեց. «Եթե ընտրացուցակներն ուռճացված են, թող դիմեն համապատասխան մարմիններին: Ես հեռու եմ այն մտքից, որ որևէ խախտում չի լինի: Բայց մենք անելու ենք ամեն ինչ, որ այս հանրաքվեն անցնի հնարավորինս որակյալ»:

Անդրադառնալով նախագծի 89-րդ հոդվածին` Շարմազանովը նշեց, որ սա հնարավորություն է տալիս, եթե առաջին փուլից հետո քաղաքական ուժերը չեն կարողանում կոալիցիա կազմել, կարող է տեղի ունենալ երկրորդ փուլ, որով էլ կստեղծվի կայուն մեծամասնություն:

Լրագրողների այն դիտարկմանը, որ կայուն մեղծամասնության մասին հոդվածը ներառվել է, որպեսզի հենց ՀՀԿ-ն առաջիկա տարիներին լինի մեծամասնություն, Շարմազանովն ընդգծեց. «Հանրապետականին բոբո մի սարքեք, թերություններով հանդերձ՝ ամենակայացած քաղաքական ուժն ենք:  Այո, ես հաստատում եմ, որ տեսանելի ապագայում Հայաստանի քաղաքական դաշտում ամենահզոր կուսակցությունը Հանրապետականն է»:




Լրահոս