Այս տարվա օգոստոսին ՀՀ կառավարությունը վաճառեց «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի անշարժ գույքը: Իսկ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն մնաց ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինման տակ՝ կուտակած պարտքերի հետ միասին: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ընկերությունը ներկայումս գտնվում է լուծարման գործընթացում:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը մարզահամերգային համալիրը այս տարվա օգոստոս ամսին վաճառեց մոտ 30 մլն դոլարով: Այն գնեց «ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ» ՍՊԸ-ն, որը պատրաստվում է համալիրը ժամանցի կենտրոնի վերածել: Ի դեպ, ՀՀ կառավարության Էլեկտրոնային ռեգիստրի տվյալներով՝ այս ընկերությունը համալիրի վաճառքից ընդամենը մի քանի օր առաջ է գրանցվել` հուլիսի 20-ին: Իսկ ընկերության հիմնադիրն է Արմեն Զավենի Գեւորգյանը:
«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն տարիների ընթացքում հասցրել է խոշոր չափի պարտքեր կուտակել: Ընկերության պարտապաններից է Երեւանի քաղաքապետարանը: Վերջինս դիմել էր դատարան՝ ընդդեմ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի 58 մլն դրամ բռնագանձելու պահանջով: Այսպես՝ ՀՀ վարչական դատարանը 2013 թվականի մարտի 12-ի վճռով Երեւանի քաղաքապետարանի հայցն ամբողջությամբ բավարարել է: Սակայն նշված գումարից ընկերությունը կարողացել է վճարել ընդամենը 15.5 մլն դրամ: Մինչդեռ վճարման է ենթակա մոտ 43.5 մլն դրամ: Արդյունքում Երեւանի քաղաքապետարանը նախորդ տարվա օգոստոսի 2-ին դիմել է դատարան եւ խնդրել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին ճանաչել սնանկ: Իսկ ընկերությունը նույն տարվա օգոստոսի 15-ին դատարան ներկայացրած առարկություններով հայտնել է, որ Երեւան համայնքի կողմից դատարան ներկայացված դիմումը չի համապատասխանում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի պահանջներին եւ խնդրել է Երեւան համայնքի դիմումը մերժել:
Սակայն նախորդ տարվա սեպտեմբերի 23-ին Երեւան համայնքի դիմումը՝ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, դատարանը բավարարել է: Եւ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն ճանաչվել է սնանկ: Ի դեպ, նշենք, որ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի անշարժ գույքը վաճառվել է օգոստոսին: Մինչդեռ այդ ժամանակ այն չէր կարող վաճառվել, քանի որ համալիրի վաճառքի հետ կապված դատական գործերը, այդ թվում նաեւ սնանկությունը դեռ ավարտված չէին:
Ինչեւէ: Կառավարությունը վաճառեց համալիրը, իսկ պարտքերը մնացին ընկերությանը՝ առանց անշարժ գույքի: Այսպիսով, հիմա ունենք մի կազմակերպություն, որը գույք չունի, փոխարենը ունի պարտքեր: Նկատենք, որ սա մեր հանրապետությունում տասնամյակների ընթացքում ընդունված պրակտիկա է. այսինքն՝ այսպես գույքը մասնավորեցվում է, իսկ ընկերությանը թողնում են պարտքերի հետ միասին, ապա՝ լուծարում:
Սովորաբար կուտակված պարտքերը մարվում են անշարժ գույքի վաճառքից ստացված գումարով: Այս դեպքում արդյոք ընկերության պարտքերը կմարվեն համալիրի վաճառքից ստացված 30 մլն դոլարով: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ներկայումս «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն լուծարման գործընթացում է:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ընկերության ներկայացուցիչ Արմինե Հակոբյանը հայտնեց, որ իրենք բողոքարկելու են պարտատերերի պահանջները, որոնք դատարանը հաստատել է: Նա նկատեց, որ կան բազմաթիվ պարտատերեր, որոնք ընդհանրապես չպետք է լինեին ցանկում: «Երբ ավարտվում է սնանկության գործընթացը, վերջնական պարտատերերը ներկայացնում են իրենց պահանջները, դրան հաջորդում է լուծարման գործընթացը: Այսինքն՝ ընկերությունը պետական ռեգիստրով լուծարվում է: Դատարանը հաստատել է պահանջատերերի ցանկը, որի վերաբերյալ բողոք է տարվելու: Մինչեւ դեկտեմբերի 2-ը ժամկետ ունենք եւ մինչ այդ կտանենք», – ներկայացրեց Ա. Հակոբյանը:
Նրա խոսքերով՝ այնպիսի պարտատերեր են պահանջներ ներկայացրել, որոնց դեմ ընկերությունը առարկություններ ունի: «Իրենք իրավունք էլ չունեին որպես պահանջատեր գրանցվելու, բայց դատարանի կողմից իրենց պահանջները հաստատվել են: Մեր բողոքը կոնկրետ որոշակի պահանջների դեմ է: Պահանջատերերի ցուցակն է մեծ, մենք առարկել ենք գրեթե բոլորի դեմ, բնականաբար, որը որ հիմնավորում ունի, ապա մենք առարկություններ չունենք»,- ներկայացրեց իրավաբանը՝ նշելով, որ պարտավորության չափը այս պահին չի կարող ասել:
Մեզ մնում է ավելացնել, որ պետական համապատասխան կառույցները պարտավոր են իրենց աչալուրջ հսկողության տակ պահել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի լուծարման գործընթացը, քանի որ այստեղ կարող են լինել լուրջ կոռուպցիոն ռիսկեր:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԳՅՈՒՂՄԹԵՐՔԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿԱՎԵԼԱՆԱ՞
Երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է «Սպայկա» ՍՊԸ տնօրեն Դավիթ Ղազարյանին: Հանդիպման նպատակն էր քննարկել դեպի Ռուսաստան տեղական գյուղմթերքի արտահանման ծավալների ավելացման հնարավորությունները: Նախարար Սերգո Կարապետյանը նշել է. «Ինչպես տեղյակ եք, թուրքական գյուղմթերքի ներմուծումը ՌԴ սահմանափակվել է, որը լայն հնարավորություններ է ստեղծում հայ արտադրողների համար ավելացնելու դեպի ռուսաստանյան շուկա արտահանման ծավալները: Նախատոնական առեւտրի հետ կապված եւս ավելանում է արտադրանքի պահանջարկը, եւ անհրաժեշտ է մշակել կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրեր արտադրության եւ արտահանման ծավալներն ավելացնելու համար»:
Գյուղմթերքի թվում, որոնց արտահանման ծավալները կարելի է ավելացնել, նախարարը, մասնավորապես նշել է թարմ պտուղ-բանջարեղենը: «Սպայկա»-ի տնօրեն Դ. Ղազարյանն էլ նկատել է, որ Թուրքիայից դեպի Ռուսաստան արտահանվում էին հիմնականում ջերմոցային պտղատեսակներ: Նա նշել է, որ հայրենի արտադրողները նույնպես կարող են ավելացնել հատկապես ջերմոցային պայմաններում արտադրված գյուղմթերքի ծավալները: Գյուղնախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ավելացնել տրանսպորտային միջոցների քանակը` հաշվի առնելով արտահանման ծավալների ավելացումը:
ՎՆԱՍՎԵԼ ԵՆ ՏԱՆԻՔՆԵՐ
Երեկ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում ուժեղ քամու հետեւանքով վնասվել են մի քանի բնակիչների տների տանիքները: Իսկ ժամը 11-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում ուժեղ քամու հետեւանքով վնասվել են վեց տան տանիքներ եւ պոկվել 12 էլեկտրական ու հեռահաղորդակցման սյուներ: