«ՀԱԿՎԱԾ ԵՄ ՄԵՆԱԿՅԱՑ ԿՅԱՆՔԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանը, ով այժմ նկարահանվում է «Ուրիշի հոգին», «Սահմանին» սերիալներում, անկեղծ զրույց է ունեցել «Ժողովուրդ»-ի հետ: Նա պատմել է, որ «ճիշտ տղայի» մարմնավորելուց մի փոքր հոգնել է եւ կուզենար խաղալ բացասական կերպարներ: Աշոտը խոսել է նաեւ կանանց հարցում հաջողակ լինելու թեմայի շուրջ` խոստովանելով, որ դա հարաբերական հաջողություն է, որն ունի նաեւ իր բացասական կողմերը:

-Աշո՛տ, որքանով տեղյակ ենք` չեք ծառայել հայոց բանակում: Այդ հանգամանքը չի՞ դժվարացնում Ձեր աշխատանքը «Սահմանին» սերիալում:
-Բանակում չեմ ծառայել, բայց երեւի շատ ծառայածներից ավելին գիտեմ եւ ավելին կարող եմ անել: Այս սերիալում ներկայանալու համար, բացի տեխնիկական հարցերին տիրապետելուց, անհրաժեշտ է նաեւ հոգեւոր պատրաստվածություն, ինչը ես ունեմ: Առհասարակ, բանակային կյանքի նկատմամբ հետաքրքրություն միշտ ունեմ, հաճախ քիթս խոթում եմ ռազմական գործերի մեջ: Նկարահանումների ժամանակ, իհարկե, ամեն րոպե հանդիպում ենք խոչընդոտների. բանակի կյանք է նկարագրվում, ու դու հասկանում ես ոչ միայն սահմանին կանգնած զինվորի ծառայության բարդությունը, այլեւ մեր հատուկ ծառայությունների տղաների, հետախույզների, հակադիվերսիոն հատուկ խմբերի անդամների ծառայության դժվարության աստիճանը:
-Առհասարակ, Դուք հեռուստասերիալներում մշտապես գլխավոր դերերում եք, «կինոյի սրտակեր տղա» լինելուց չե՞ք հոգնել:
-Իհարկե, կրկնությունը միշտ էլ հոգնեցնող է. ես կուզենայի, օրինակ, բացասական դերեր խաղալ: Սրտակերի, հերոսի, շատ ճիշտ տղայի կերպարը, այո, հոգնեցնող է: Ես փորձում եմ հնարավորինս տարբեր որակներ դնել իմ ամեն հերոսի մեջ, բայց ինձ համար հետաքրքիր կլինի ավելի բազմաշերտ կերպարներ մարմնավորել: Իսկ այդ դրական դերերի միջոցով անելու շատ բան չկա: Պարզապես մեզ մոտ սերիալների շուկան այնքան զարգացած չէ, որ ռեժիսորները ռիսկի դիմեն: Իրենց առջեւ կա կոնկրետ բյուջե, սցենար, կան դերասաններ, նրանք դրանցից շեղվելու իրավունք չունեն, ինչը հասկանալի է:
-Միաժամանակ մի քանի սերիալում եք նկարահանվում, զբաղված եք թատրոնում: Հագեցած առօրյան, կարծես, կլանել է բոլորիս: Մեր դարի խնդիրներից մեկն իրար համար ժամանակ չունենալն է: Բայց բանը հասել է նրան, որ մենք ժամանակ չունենք անգամ ինքներս մեզ համար: Դուք Ձեզ հետ մենակ մնալու պահը գտնո՞ւմ եք:
-Ես մի քիչ հակված եմ մենակյաց կյանքին, երբ պետք է լինում, կարողանում եմ մենակ մնալ, եւ ոչ ոք չի կարող մտնել այդ անձնական շրջանակի մեջ: Կողքից քո կյանքի մասին տեղեկացված լինելու մարդկանց ցանկությունն, իհարկե, շատ մեծ է: Բայց այստեղ կա թույլ տալ-չտալու հարց:
-Դուք այն մարդկանցի՞ց եք, որոնք կարողանում են «պատ» դնել իրենց եւ շրջապատի մարդկանց միջեւ, կառավարել դեպի իրենց եկող էներգիաները:
-Միանշանակ, այո. էներգետիկ դաշտից չեմ դժգոհում: Եթե ուզենամ, կտամ մարդկանց էներգիա, եթե ուզենամ, կվերցնեմ կամ չեմ թողնի «ներս»: Այդ առումով շատ ուժեղ եմ:
-Կանանց հարցում Ձեզ հաջողակ համարո՞ւմ եք:
-Դա մի քիչ կախված է մարդու տեսակից, մի քիչ` էներգետիկ դաշտից, մի քիչ էլ` շարմից: Ես ինձ այդ առումով համարում եմ հաջողակ, բայց դա այդքան էլ լավ չի. այդ ժամանակ խճճվում ես ու չես հասկանում, թե ինչ է կատարվում: Դա ունի իր լավ եւ վատ կողմերը:
-Այսինքն` «հաջողակին» կարող է խանգարել այդ նույն «հաջողությունը»…
-Հաջողակ հասկացությունն այս դեպքում հարաբերական է: Անհաջողակը կարող է մեկին գտնել, բայց այդ մեկը դառնա նրա ամբողջ կյանքի ուղեկիցը, իսկ հաջողակի ընտրության հնարավորությունը մեծ է. դա դժվարացնում է գործը:
-Ձեր ամուսին տեսակը պատրա՞ստ է երկրորդ անգամ իր բախտը փորձելու, ընտանիք կազմելու…
-Դա պլանավորելով չի, նախ` դու դա պետք է ուզես, հետո` դա պետք է ստացվի: Զուգընկերուհուց էլ է շատ բան կախված: Նա պետք է այնպիսին լինի, որ դու ուզենաս իր հետ ընտանիք կազմել, ամբողջովին նվիրվել ընտանիքին: Ես ապագա ընտանիքս պատկերացնում եմ հարգանքի, փոխըմբռնման մթնոլորտում, երջանիկ ու թեթեւ…

 

 

 

 
«ՄԵՐ ԵՐԳԱՐՎԵՍՏԸ ՃԱՀՃԻ ՄԵՋ Է»

Հայաստանի Երգի պետական թատրոնի մեներգիչ Ռուսլան Էլյազյանը, ով ժամանակին «Ընծա» մրցույթ-փառատոնին մասնակցելով` լավագույն կատարման համար արժանացել է «Հատուկ մրցանակի», այսօր, կարծես, ասպարեզում չի երեւում: Այնինչ՝ Երգի թատրոնի` նրա սերնդակից մի շարք սաներ արդեն իրենց տեղն են հաստատել հայկական երգարվեստում: Ռուսլանը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ ինքը հիմա բացի մեներգիչ լինելուց` դասավանդում է Երգի թատրոնի դպրոց-ստուդիայում: Նա նշեց, որ իր տասը սանից հինգը խոստումնալից տվյալներ ունի, սակայն ինքն անհանգստանում է հենց այդ հինգի ապագայի համար:

«Այսօր երգարվեստի դրությունն ավելի բարդ է, քան, օրինակ, տասը տարի առաջ: Այն ժամանակ Երգի թատրոնի երգչի «պիտակ» (լավ իմաստով) ունեցողի համար ավելի հեշտ էր: Հիմա եւս աշխատում է այդ «պիտակ»-ը, բայց ժամանակներն ու պահանջները փոխվել են: Այն երաժշտությունը, որից մենք սնվում ենք, հիմա լայն մասսաներին հետաքրքիր չի, իսկ քանի որ հենց այդ մասսան է մեր ժողովրդի «լսող ականջը», երգարվեստ մուտք գործելու իմ քայլերը դանդաղում են»,-ասաց նա` հավելելով, որ կա երկու նոր երգ, որոնց վրա ինքն աշխատում է:
Մեր այն հարցին, թե արդյոք թատրոնի որոշ սաների պես Ռուսլանն էլ կանգնած չէ «գայթակղվելու» եւ հեշտ ուղի բռնելու վտանգի առջեւ, վերջինս պատասխանեց. «Ես հեշտ ուղին բռնելուց հետո եմ եկել թատրոն: Նախկինում երգել եմ, օրինակ, ռեստորաններում: Եթե հիմա էլ դեմ առնեմ ֆինանսական խնդիրների, էլի կընտրեմ այդ ուղին, որպեսզի գումար վաստակեմ»:
Խոսելով արդի հայ երգարվեստի, մասնավորապես էստրադայի մասին՝ Ռուսլանը նկատեց, որ երգչի գործունեությունն այժմ էժանացել է. «Մեր երգարվեստը հիմա ճահճի մեջ է, դրանից շուտ դուրս գալ հնարավոր չէ. որոշակի գործընթացներ են հարկավոր: Մեկ անզգույշ շարժում, եւ փոփը լիովին «կսուզվի» »,-ասաց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԱԶՆԱՎՈՒՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Լեգենդար կոմպոզիտոր, դաշնակահար Միշել Լեգրանի եւ հանրաճանաչ այլ աստղերի մասնակցությամբ թողարկված նոր ձայնասկավառակը հասանելի է հանրությանը: «Արմենպրես»¬ի փոխանցմամբ` «Michel Legrand & ses amis» («Միշել Լեգրանը եւ նրա ընկերները») CD¬ն վաճառքում է նոյեմբերի 27¬ից: «Մեծ հաճույքով մենք հայտնում ենք, որ «Michel Legrand & ses amis» ալբոմն այժմ հասանելի է»,-իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է Միշել Լեգրանը: CD¬ի ստեղծմանը մասնակցել են ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը, ինչպես նաեւ՝ մի շարք ֆրանսիացի արտիստներ: «Ես այս աշխատանքն արել եմ մեծ հաճույքով»,¬ֆրանսիական TF1 ալիքին տված հարցազրույցում ասել է Միշել Լեգրանը: Ալբոմում Շառլ Ազնավուրը կատարում է Les Moulins de mon coeur, հեղինակ¬կատարող, կիթառահար Թոմա Դյուտրոնը` Alcatraz, երգչուհի Maurane¬ը` L’adieu, ֆրանսիացի երգիչ Վենսան Նիքլոն` Un parfum de fin du monde ստեղծագործությունները: Ձայնասկավառակում երգեր են կատարում նաեւ Հելեն Սեգարան, Քրիստոֆ Վիլեմը, Chico & The Gypsies երաժշտական խումբը եւ այլք: Նրանց նվագակցել է Միշել Լեգրանը: Ձայնասկավառակը թողարկել է Sony Music¬ը:

 

ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԱՌԵՎԱՆԳԵ՞Լ
Բալետի հանրահայտ պարուհի Անաստասիա Վոլոչկովան վստահ է, որ իրեն ցանկանում են առեւանգել: «Ես ձգտում եմ ուշադրություն չդարձնել սադրանքներին: Բայց դրանք չեն դադարում: Ես շատ եմ վախենում: Ըստ երեւույթին, պետք է նորից դիմեմ իրավապահ մարմինների օգնությանը: Վերջերս իմ փիար-տնօրենին սկսել են զանգել ու առաջարկել, որ ես ինչ-որ խաղ խաղամ: Խնդրել էին, որ ես գամ «Ա» կետ, որտեղից ինձ կտանեն «Բ» կետ: Ընդ որում, չեն ասում, թե որտեղ է գտնվում այդ «Բ» կետը: Բնականաբար, մենք այդ առաջարկից հրաժարվել էինք: Կասկածելի խաղերի մասնակցելու մտադրություն չունեմ: Բայց նրանք չեն հանդարտվում. շարունակում են զանգել: Ինձ ուզում են նման յուրօրինակ ձեւով առեւանգել: Ասացին, որ դա կազմակերպել են այն նույն մարդիկ, որոնք հաղորդագրություններ էին տարածել այն մասին, իբրեւ թե ես ինտիմ ծառայություններ եմ մատուցում: Որքան եմ հոգնել սրիկաներից»- Անաստասիա Վոլոչկովայի խոսքերը փոխանցում է News.am Style-ը` հղում անելով ProZvezd-ին: Պարուհին համարում է, որ իր «հետապնդման» պատճառն այն բարեգործական համերգներն են, որոնք ինքը կազմակերպել է երկրում:

 

2000 ԴՈԼԱՐ Է ՇԱՂ ՏՎԵԼ
Ամերիկյան Նյու Ջերսի նահանգում ռեփեր Ֆեթի Վապն աչքի է ընկել անսպասելի արարքով: Նա Garden State Plaza-ի պատշգամբից խրձով դոլարներ է թափել իր երկրպագուների վրա: Twitter-ի իր էջում Վապը մեկնաբանել է, որ ինքն այդ քայլին գնացել է էմոցիաների ազդեցության ներքո, քանի որ իրեն այդ պահին բավական երջանիկ է զգացել: Երգչի խոսքով` երբ ինքն իր աղջկա հետ մտել է խանութ, հաճելիորեն զարմացել է երկրպագուների ջերմ վերաբերմունքից եւ փորձել է «վարձահատույց լինել»: Այդպիսով` նա 2000 դոլար է շաղ տվել երկրպագուների առջեւ:




Լրահոս