Այսօր՝ ապրիլի 22-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրաֆյան և Այվազովսկի փողոցների հատման մասում գտնվող “Վարդան 91” ՍՊԸ-ին պատկանող բենզալցակային է մոտեցել մի քաղաքացի և լիցքավորող, Երևան քաղաքի բնակիչ, 17-ամյա Արթուր Տիկբիկյանին հայտնել, որ ցանկանում է շշով բենզին գնել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երբ բենզալցակայանի աշխատակիցը մոտեցել և բացել է սրահի մուտքի դուռը, այդ ժամանակ դրսից դիմակավորված մեկ այլ անձ նույնպես հրել և բացել է դուռը, մտել սրահ, հարվածել Ա. Տիկբիկյանի գլխին, և մինչ նրանք կկատարեին իրենց ավազակային հարձակումը, մոտակայքում լսվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 1-ին վաշտի ոստիկանների ծառայողական ավտոմեքենայի ազդանշանի ձայնը, որից հետո նրանք դիմել են փախուստի:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՊՊԾ գնդի ոստիկանները կատարվածի մասին տեղեկացրել են ոստիկանության Էրեբունու բաժին և նշված բենզալցակայան են ժամանել Էրեբունու ոստիկանապետ Լևոն Յազիչյանը, օպերգծով տեղակալ Արսեն Ավոյանը, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Հակոբյանը և քննչական բաժնի պետ Թեմուր Ջնդոյանն ու քննիչ Արմեն Մաթևսյանը: Մինչ տուժող Ա. Տիկբիկյանը քննիչին պատմում էր տեղի ունեցածը, Էրեբունու ոստիկանները բենզալցակայանի մոտ հայտնաբերել են 2 հատ բրդյա գործվածքից սև գույնի դիմակ:
Քննիչի որոշմամբ Ա. Տիկբիկյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով՝ Էրեբունու ոստիկաններն ունեն արդեն օպերատիվ տեղեկություններ, թե ովքեր են կատարել ավազակային հարձակումը: Ձեռնարկվում են օպերատիվ քննչական հետախուզական միջոցառումներ՝ ավազակային հարձակում կատարող անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Ի դեպ, նշված բենզալցակայանը պատկանում է Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, հանգուցյալ Գևորգ Հակոբյանի եղբորը՝ ,Կոմբիկերի Վլադինե: