ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկում և ստուգում է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում իրացվող թռչնամսի նկատմամբ: Ծառայության կայքէջի փոխանցմամբ` 2013 թ.դիտարկում և ստուգում է իրականացվել “Գրիգ Էլ Մետ” ՍՊԸ-ում: Լրատվության միջոցների, այդ թվում “Փաստինֆո” գործակալության բազում հրապարակումներից հետո ծառայությունն ի վերջո հրապարակել է որոշ տեղեկություններ ստուգումների արդյունքների մասին:
Ծառայության տեղեկացմամբ` փաստաթղթային նույնականացման ընթացքում ուսումնասիրված փաստաթղթերի հիման վրա ընկերության կողմից արտադրված “Գետամեջ” ապրանքանիշի ամբողջ արտադրանքը (շուրջ 80 տոննա) արտադրողի կողմից բաժանվել է թվով 31 խմբաքանակի: Ամբողջ արտադրանքն առանձին հաշվառվել և պահվել է, միաժամանակ Ծառայության պետի համապատասխան որոշմամբ արգելվել է դրանց իրացումը և հանվել շրջանառությունից: Ծառայության մասնագետների հանձնարարությամբ և անմիջական մասնակցությամբ յուրաքանչյուր խմբաքանակից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Փորձաքննության արդյունքներով վտանգավոր ճանաչված խմբաքանակը ոչնչացվել է, իսկ մնացած մասերի լաբորատոր հետազոտությունները շարունակվում են, և յուրաքանչյուր խմբաքանակի անվտանգությունը փորձաքննության արդյունքում հիմնավորվելու պարագայում կթույլատրվի հետագա իրացումը՝ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մեկ այլ հրամանով իրականացված դիտարկման ընթացքում կատարվել են նմուշառումներ 2012թ. օգոստոսի արտադրության “Սադիա” և 2012թ. սեպտեմբերի արտադրության “Ֆրանգոսուլ” (DOUX)ե ապրանքանիշի սառեցված հավերից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Լաբորատոր փորձաքննության արդյունքում տվյալ խմբաքանակների “Սադիա” և “Ֆրանգոսուլ” (DOUX)ե ապրանքանիշի սառեցված հավերում արձանագրվել է աճի խթանիչների՝ սահմանված թույլատրելի քանակի շեղում: Ծառայության առաջադրանքով հայտնաբերված խմբաքանակները ներմուծող տնտեսավարող սուբյեկտի կողմից հետ են կանչվել շուկայից և ոչնչացվել, որի արդյունքում բացառվել է դրանց հետագա իրացումը:
Իրացման կետերում առկա “Սադիա” հավերի 2012 թվականի մայիս, հունիս, հուլիս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների արտադրության խմբաքանակները ճանաչվել են առողջության համար անվտանգ:
Սննդամթերքի հետ կապված հնարավոր վտանգի ներթափանցումը և տարածումը կանխելու նպատակով հանձնարարվել է Ծառայության կազմում գործող սահմանային հսկիչ կետերին՝ “Սադիա” և “Ֆրանգոսուլ” (DOUX)ե ապրանքանիշի սառեցված հավերի ներմուծման ժամանակ՝ անկախ ներմուծվող սննդամթերքի ռիսկայնությունը որոշող չափանիշների հիման վրա գնահատման արդյունքից և ուղեկցող փաստաթղթերի առկայությունից, կատարել նմուշառում՝ լաբորատոր փորձաքննությամբ ներմուծվող բեռի անվտանգությունը որոշելու համար:
Ծառայության կողմից նաև ձեռնարկվել են միջոցառումներ վարակիչ հիվանդությունների ներթափանցումն ու տարածումը կանխելու համար: Այլ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման կենդանիների ինֆեկցիոն հիվանդությունների, մասնավորապես՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքում արձանագրված թռչնի գրիպ (H7N9 տիպի) հիվանդության ներթափանցումը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով ծառայության պետի հրամանով արգելվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը:
“Փաստինֆո”