Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 2013 թ. ապրիլի 10-ի որոշմամբ “Թրանսփարենսի Ինթերնեշնլ” հակակոռուպցիոն կենտրոնի դիմումի հիման վրա հարուցվել է վարույթ՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կամ իր պաշտոնական լիազորությունների իրականացման ընթացքում շահերի բախման իրավիճակում գտնվելու վերաբերյալ փաստերը ստուգելու նպատակով: Միաժամանակ, նույն որոշմամբ հանձնաժողովն առաջարկել է Գագիկ Խաչատրյանին քննարկվող հարցի վերաբերյալ10-օրյա ժամկետում ներկայացնել իր առարկությունները և բացատրությունները:
Հարկ է հիշեցնել, որ 2012 թ. դեկտեմբերի 17-ին ԹԻՀԿ-ը, հիմք ընդունելով “Հայկական ժամանակ” օրաթերթի 2012 թ. հոկտեմբերի 18-ի համարում (#180/3104/) հրապարակված “Մենքումերոնքով աշխատում են” և “Պայքարի իրական մարտիկըե” հոդվածները, դիմում է ներկայացրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Հոդվածներն անդրադառնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից իրականացվող կամ “վերահսկվող” ձեռնարկատիրական գործունեությանը: Ըստ թերթի հրապարակման՝ Գագիկ Խաչատրյանին է պատկանում ՀԴՄ կտրոնների թուղթ մատակարարող “Ալեքսերվ” ընկերությունը, որը, հաղթելով այդ ապրանքի մատակարարման մրցույթում, այս տարվա ապրիլ ամսին “Գնումների աջակցման կենտրոն” ՊՈԱԿ-ի հետ կնքել է շրջանակային պայմանագիր:
Բացի այդ, ըստ թերթի վերոնշված հրապարակումների՝ պետական եկամուտների կոմիտեի նախագահի անվան հետ են կապվում նաև այլ ընկերություններ, ինչպես օրինակ, “Ապեյրոն” ՍՊԸ-ն (սննդամթերքի ներկրում), “Մեգաֆուդ” ՍՊԸ-ն (սննդամթերքի ներկրում և արտադրություն), “Գալաքսի” սուպերմարկետը, “Մեգա մոթորս” ՍՊԸ-ն (“Միցուբիշիի” ներկայացուցիչը ՀՀ-ում), “Սանտա ֆե” սրճարանը, “Գալաքսի” հացի գործարանը, “Մեգա սպորտ” խանութների ցանցը, “Խրոնոգրաֆ” թանկարժեք ժամացույցների խանութ-սրահը, “Չիմեգ” ՍՊԸ-ն, “Յուքոմ” ընկերությունը (արբանյակային հեռարձակում, ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ), “Ամասիայի” կաթի գործարանը, “Ալյանս” մաքսային տերմինալը և այլնե:
ԹԻՀԿ-ը, դիմելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, խնդրել էր իր լիազորությունների շրջանակում ստուգել հրապարակումներում նշված փաստերի իսկությունը, պարզել՝ առկա է արդյո՞ք շահերի բախման իրավիճակ կամ նման ռիսկ պաշտոնավարման և միաժամանակ ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքում, ներդրումները կառավարելիս չեն օգտագործվել արդյո՞ք պաշտոնական դիրքը և լիազորությունները:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ