Հայաստանի ոստիկանության պետի` 2013 թ. մարտի 22-ի հրամանով` մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանությունում ձեւավորվել է համակարգող խումբ: Գործում է 1-02 բազմուղի ցանցը, նաեւ` (010) 54-69-12 եւ (010) 54-69-14 հեռախոսահամարները:Ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում գրանցված անօրինական գործողությունների մասին կարելի է ահազանգել նաեւ համակարգող խմբի անդամ, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանին` 093-20-00-90 հեռախոսահամարով:
ՀՀ ոստիկանությունը բազմիցս հայտարարել է եւ առաջնորդվում է նույն սկզբունքով` անհետեւանք չի մնա ոչ մի ահազանգ, տեղերից ստացվող ոչ մի տեղեկատվություն:
Ոստիկանությունը կրկին համագործակցություն է առաջարկում քաղաքական ուժերի նախընտրական շտաբներին` նպատակ ունենալով համատեղ ապահովել արդար ու թափանցիկ ընտրություններ: Ոստիկանությունը կարեւորում է զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցությունը եւ ակնկալում նաեւ նրանց աջակցությունը:
Ոստիկանությունը հորդորում է բոլոր քաղաքական ուժերին` հանրային միջոցառում անցկացնելու մասին նախապես իրազեկել համապատասխան մարմնին, ինչը բխում է բոլորի շահերից:
Ոստիկանությունը մշտապես շեշտել է իր վերքաղաքական եւ վերկուսակցական լինելը` գործով ապացուցելով, որ իր խնդիրը հասարակական կարգ ու կանոնի պահպանումն է, հանրային հավաքների մասնակիցների անվտանգության ապահովումը: Միաժամանակ, ոստիկանությունն օրինահարգություն է պահանջում բոլորից` հիմնվելով օրենքի պահանջի եւ հասարակական շահի առաջնահերթության վրա: