Առավել շատ ծախսել է ՀՀԿ-ն, առավել քիչ՝ Առաքելությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 19-ի դրությամբ Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող 7 քաղաքական ուժերը նախընտրական քարոզչության նպատակով ծախսեր են կատարել հիմնադրամներից: Ընդ որում՝ առավել շատ ծախսել է ՀՀԿ-ն, որը հիմնադրամ մուտքագրված 65 մլն 300 հազար 400 դրամից ծախսել է 56 մլն 300 հազար 23-ը:
Առայժմ ամենաքիչ ծախսեր կատարել է “Առաքելություն” կուսակցությունը, որն ապրիլի 16-ի դրությամբ ծախսեր չէր կատարել: Հիմնադրամ մուտքագրված 1 մլն 60 հազար դրամից կուսակցությունը երեք օրում ծախսել է 1 մլն 59 հազար 400-ը:
Կենտրոնական բանկից ստացված տվյալների հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կազմած տեղեկանքի համաձայն՝ ապրիլի 19-ի դրությամբ ՀՀԿ-ից հետո հաջորդ առավել շատ ծախսեր կատարածը ԲՀԿ-ն է. մուտքագրված 45 մլն 992 հազար դրամից ծախսվել է 44 մլն 344 հազար 114-ը:
ՕԵԿ-ը մուտքագրված 18 մլն 204 հազար 150 դրամից ծախսել է 15 մլն 559 հազար 808-ը:
“Հայ ազգային կոնգրես”-ի հիմնադրամ մուտքագրված 10 մլն 99 հազար 400 դրամից ծախսվել է 9 մլն 765 հազարը:
ՀՅԴ-ի հիմնադրամի 5 մլն դրամի մուտքերը քարոզարշավի սկզբից ի վեր մնացել են անփոփոխ, որից ապրիլի 19-ի դրությամբ ծախսվել է 1 մլն 760 հազար 400 դրամ:
Ապրիլի 16-ից հետո “Բարև Երևան” դաշինքի հիմնադրամի մուտքերը՝ 4 մլն 320 հազար դրամ, մնացել են անփոփոխ, սակայն շուրջ 1,9 մլն դրամով աճել են ծախսերը՝ կազմելով 4 մլն 195 հազար 4 դրամ:
“Փաստինֆո”




Լրահոս