ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ԱԼԻՔ Է ՍԿՍՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանում բոլոր ապրանքատեսակների գները պարբերաբար բարձրանում են, եւ առհասարակ, ընդհանուր գնաճային ճնշումը ետեղի չի տալիս: Իսկ վերջին շրջանի գնաճը մասնագետները կապում են դոլարի կուրսի բարձրացման եւ նախագահական ընտրությունների հետ: 
Քանի որ Հայաստանի տնտեսությունը հիմնականում ներկրող եւ ոչ թե արտահանող ուղղվածության է, դոլարային ցանկացած աճ ուղղակիորեն արտացոլվում է ապրանքների գների վրա: Բացի այդ, Հայաստանում ամեն ինչ մոնոպոլացված է, եւ մրցակցային դաշտի բացակայությունը հաճախ բերում է գների կամայական փոփոխության: Եվ եթե դոլարի կուրսի ցանկացած բարձրացում թանկացումներով է ուղեկցվում, ապա հակառակ դեպքում, երբ դոլարի կուրսն իջնում է, գների նվազում գրեթե երբեք չի լինում:
“Ժողովուրդ”-ը շրջեց Երեւանի մի քանի սուպերմարկետներում եւ արձանագրեց որոշակի թանկացումներ: Օրինակ՝ նորզելանդական կարագի 1 կգ-ի արժեքը օրեր առաջ կազմել է 2790 դրամ, իսկ հիմա արժե 2810 դրամ: Թանկացել է նաեւ “Ավեդով” կոչվող ձեթը՝ 1100-ից դարձել է 1120 դրամ: Իսկ “Կրասնիյ օկտյաբր” ռուսական ընկերության “Ծուռթաթ արջուկ” կոչվող կոնֆետի 1 կգ-ն 6600-ից դարձել է 7200 դրամ: Թանկացել է նաեւ ներկրված ձավարեղենը՝ թաիլանդական բրինձը, ձավարը, հնդկաձավարը: Սրանք 10-15 դրամով են թանկացել: Սուրճի որոշ տեսակներ նույնպես թանկացել են:
Որոշ մասնագետներ վերջին թանկացումները պայմանավորում են նաեւ նախագահական ընտրություններով: Քանի որ քարոզարշավի ընթացքում իշխող կուսակցության հովանավորները՝ օլիգարխները, մեծաքանակ ծախսեր են արել, բնականաբար, այդ կորուստները փորձում են գնաճի տեսքով հետ վերադարձնել:
Բացի այդ, մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններից հետո Հայաստանում երկար ժամանակ ընտրություններ չեն լինելու, եւ եթե դրանք ինչ-որ չափով համարվում են թանկացումները զսպող գործոն, ապա այդ գործոնն առաջիկա 4 տարիներին չի լինի, ուստի կարող ենք նոր թանկացումների սպասել:
Մի շարք տնտեսագետներ կարծում են, որ թանկացումները կարող են նաեւ մեկ այլ պատճառով   լինել. գազի եւ էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը շարունակում է մնալ օրակարգում: Եվ որ պահին այդ էներգետիկ ռեսուրսների թանկացման հարցն ավելի հստակեցվի, դա շեշտակիորեն կհարվածի գներին:
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի համոզմամբ՝ գոյություն ունեցող ոչ մրցակցային միջավայրի ու մթնոլորտի դեպքում պետք է սպասել փոքր կամ մեծ թանկացումների: “Սա է սրա դրսեւորումներից մեկը: Մենք հաճախ իրականությունը սվաղելու համար ասում ենք, թե միջազգային շուկաներում էսինչը կամ էնինչը թանկացել է, հիմա նման բան ես չեմ նկատել եւ ոչ էլ լսել եմ, այսինքն՝ մեզանում թանկացումներն ամենայն հավանականությամբ պետք է պայմանավորել սուբյեկտիվ գործոններով: Բացի այդ, հիմնականում շրջանառության մեջ գտնվող իրացվող ապրանքատեսակները ձեռք են բերվում դոլարով, հետեւաբար դոլարի նկատմամբ պահանջարկը բարձրանում է, եւ նրա կուրսն էլ՝ մեծանում”,-բացատրեց Բոստանջյանը: 
Տնտեսագետը կարծում է, որ այսօրվա թանկացումները կապված են նաեւ հետընտրական եւ նախընտրական շրջանների հետ. “Մեր երկրում մի նախագահական ընտրություն տեղի ունեցավ, հիմա էլ ավագանու ընտրությունների պրոցեսում ենք գտնվում: Այնպես որ, ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը, բնականաբար, կարող են մեծ ազդեցություն ունենալ գների փոփոխության վրա”:
Սերժ Սարգսյանը հետընտրական շրջանում մի հետաքրքիր բացահայտում արեց. ըստ նրա՝ հուլիսից գոնե պետական համակարգում աշխատավարձերի զգալի աճ է նախատեսվում: Եթե գործող իշխանությունը զգալի աճ ասելով նկատի ունի 5-10 հազար դրամը, ապա հասարակության կյանքում դա ոչինչ չի փոխի, թեեւ անգամ այդ չափի բարձրացումն է քիչ հավանական:  
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս