Վարդենիս բնապահպանական հասարակական կազմակերպություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բնապահպանական գործընթացում կարևոր դեր են խաղում կրթությունը և դաստիարակությունը: Այդ խնդիրները դառնում են առաջնային, մանավանդ այն տարածքների համար, որոնք ենթարկվում են մեծամասշտաբ արդյունաբերական շահագործման, կամ ծառայում են որպես ռեկրեացիոն գոտիներ: Հայաստանում այդպիսին է Գեղարքունիքի մարզը, որտեղ գտնվում է Սևանա լիճը` քաղցրահամ ջրի միակ աղբյուրը մեր տարածաշրջանում: 
Ք. Վարդենիսում գործում է հասարակական կազմակերպություն, որի հիմնական խնդիրն է տվյալ ժամանակահատվածում դպրոցականներին ծանոթացնել Հայաստանի բնաշխարհի, առաջացած էկոլոգիական խնդիրների և բնության պաշտպանության մեթոդների հետ: Տվյալ կազմակերպությունը ղեկավարում է ՔՏ և ԲՃ ֆակուլտետի 1-ին կուրսի մագիստրանտ Արա Մադոյանը, ով իր շուրջն է հավաքել մի խումբ երիտասարդ խանդավառների, ովքեր ակտիվորեն աշխատում են տվյալ տարածքում:
Հասարակական կազմակերպության աշխատանքներին օժանդակում է GPM Gold ընկերությունը, ի դեմս ընկերության բնապահպանական և անվտանգության բաժնի 
պետ Անուշ Գևորգյանը:
Ս.թ. ապրիլի 10-ին գ. Սոթքի միջնակարգ դպրոցում կազմակերպվել էր հերթական միջոցառում, որտեղ դպրոցի 10, 11, 12-րդ դասարանների աշակերտները ձևավորվել էին 3 խումբ և մրցում էին միմյանց հետ, բնապահպանական ոլորտի շրջանակներում: Այդ միջոցառմանը հրավիրվել էին որպես ժյուրիի անդամներ` ՀՊՃՀ ՔՏ և ԲՃ ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ա.Թադևոսյանը. ԸՔ և ՔՊ ամբիոնի դոցենտ Գ.Վարդերեսյանը, GPM Gold ընկերության աշխատակիցներ` Ա.Գևորգյանը, Տ.Սադոյանը:
Մրցույթն անցավ շատ հետաքրքիր, աշակերտները պատրաստվել էին բարեխղճորեն, որին նպաստել էին երիտասարդ ուսուցիչներ Անուշ Առաքելյանը և Էդուարդ Պողոսյանը: Աշակերտներն ակտիվորեն պատասխանում էին նաև ժյուրիի կողմից տրված լրացուցիչ հարցերին:
Հանդիպման վերջում ժյուրիի անդամները հայտնեցին իրենց բարեմախթանքներն աշակերտներին և ուսուցչական կոլեկտիվին: Ա.Թադևոսյանը ներկայացրեց ՀՊՃՀ 2013-14 ուս.տարվա ընդունելության կարգը, պատմեց համալսարանի ֆակուլտետների մասին, և որպես հիշատակ բոլոր մասնակիցներին նվիրեց բնապահպանական բացատրական բառարաններ, համապատասխան գրառումով:
Գ.Վարդերեսյանը պատմեց, թե ինչպիսի բնապահպանական խնդիրներ են լուծվում ՔՏ և ԲՃ ֆակուլտետում և ցուցադրեց որոշ աշխատանքներ:
GPM Gold ընկերության բաժնի պետ Ա.Գևորգյանն իր կողմից լավագույն ակտիվ մասնակիցներին` Ասյա Հայրապետյանին, Թամարա Խաչատրյանին և Ավետիս Զարգարյանին հանձնեց գեղատեսիլ գրքեր նվիրված բնությանը:
Այսպիսի միջոցառումները պետք է լինեն բազմաթիվ, որոնք կնպաստեն մեր բնակչության էկոլոգիական կուլտուրայի բարձրացմանը:
Ս.Մխեյան
ք. Սոթքի միջնակարգ դպրոցի 
ուսումնական մասի վարիչ




Լրահոս