Թեեւ Ներսես Նազարյանի եւ Վլադիմիր Գասպարյանի լարված հարաբերությունների մասին հայտնի էր վաղուց, սակայն ապրիլի 9-ից ընդամենն օրեր անց, այն էլ` մասնագիտական տոնի` ՀՀ ոստիկանության օրվա նախօրեին Նազարյանին Երեւանի ոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանը շատերը կապեցին ՀՀ իշխանության եւ ընդդիմության առաջնորդների երդմնակալության օրը տեղի ունեցած իրադարձությունների հետ: Այդպես է դա, թե ոչ` դժվար է միանշանակ ասել, սակայն այն, որ ՀՀ ոստիկանության երեկ տարածած պարզաբանումն առնվազն չի արտացոլում կայացված որոշման իրական դրդապատճառը, կասկածից դուրս է: «Ոստիկանության համար սկզբունքային է ծառայության եւ բիզնեսի համատեղման բացառումը, այսպես ասած` սերտաճումը հասարակության որոշակի շերտերի հետ, ինչը անխուսափելի է նույն տեղում տեւական աշխատանքի դեպքում, ու բացասաբար է ազդում օպերատիվ իրավիճակի եւ ծառայողական գործունեության արդյունքների վրա: Տվյալ դեպքում, մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երեւան քաղաքի կայազորի աշխատանքի արդյունավետությունը նվազել է, ինչն անթույլատրելի է, եւ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեին իրավիճակը շտկելու համար»,-ասված է ոստիկանության հայտարարության մեջ: Այն, որ Ներսես Նազարյանը փաստացի «համատեղում էր ծառայությունն ու բիզնեսը», հայտնի իրողություն էր դեռեւս Վլադիմիր Գասպարյանի` ՀՀ ոստիկանապետ նշանակվելուց առաջ: Եվ, ի դեպ, Նազարյանը առանձնապես չէր էլ թաքցնում, որ իր ընտանիքը խոշոր բիզնեսներ ունի: Ուստի` ոստիկանության հայտարարությունում նշված պատճառաբանությունը, մեղմ ասած, ժամանակավրեպ է: Եթե Վ. Գասպարյանի համար այդքան «սկզբունքային էր ծառայության եւ բիզնեսի համատեղման բացառումը, ապա նա պետք է Նազարյանին պաշտոնանկ աներ դեռեւս 2 տարի առաջ` իր ՀՀ ոստիկանապետ նշանակվելու հաջորդ իսկ օրը: Իսկ եթե Նազարյանի բիզնես հետաքրքրությունների մասին տեղեկացել է միայն այսքան տարի անց, ապա դա էլ «օպերատիվ իրավիճակը շնչով զգալու» արդյունքն է: Բացի այդ, բիզնեսի եւ ծառայության համատեղման բացառման թեզը որեւէ քննադատության չի դիմանում, երբ պարզապես մտովի փորձում ենք հիշել ոստիկանության բարձրաստիճան սպաների սոցիալական կարգավիճակը: Հեռու չգնալու համար նշենք հենց թեկուզ Քննչական գլխավոր վարչության պետ Գեւորգ Համբարձումյանին` Սերժ Սարգսյանի մտերմագույն օլիգարխի` Ֆլեշի Բարսեղի մերձավորին: Այլ օրինակների համար եւս Գասպարյանը կարիք չունի հեռու գնալու, բավական է ուսումնասիրի հենց իր տեղակալների, մտերիմ շրջապատի «սերտաճածության» աստիճանը: Ասվածը, իհարկե, չի նշանակում, որ Նազարյանը սուրբ էր եւ սերտաճած չէր ինչ-ինչ շրջանակների հետ, «փայ չէր մտնում» որոշ բիզնեսների մեջ: Ամենեւին, պարզապես ազնվության պակասն է խնդիրը, որը այսօր խեղդում է մեզ բոլորիս: Ինչո՞ւ չեք ասում իրականությունը:
ԱՊԱՍԵՐՏԱՃՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ