«Ո՛վ մարդկային արդարություն, դու ոչինչ ես… թո՛ղ ես թքնեմ քու ճակատիդ…». ո՞վ է խամաճիկը, ո՞վ՝ խամաճիկավարը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 13, Փարիզ… Իրադարձություն, որ ցնցեց ողջ մարդկությանը… սպանդ, որը ոտքի կանգնեցրեց բոլորին: Ֆրանսիայում եռօրյա սուգ հայտարարվեց:

«Մենք Ձեզ հետ ենք, մենք բոլորս ֆրանսիացի ենք: Սա ահաբեկչություն էր ողջ մարդկության նկատմամբ»,-այսպես է նկարագրել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի նկատմամբ իրականացված ահաբեկչությունը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:

«Այդ ողբերգությունը ահաբեկչության բարբարոսական էության հերթական վկայությունն է դարձել, որը մարտահրավեր է նետում քաղաքակրթությանը: Ակնհայտ է, որ այդ չարիքի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է ողջ միջազգային հանրության ջանքերի իրական միավորում»,- նման հայտարարությամբ էլ հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին ուղղված ցավակցական ուղերձում:

Նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզի մի քանի շրջաններում «Իսլամական պետության» ահաբեկիչները կրակ բացեցին խաղաղ բնակիչների ուղղությամբ, իսկ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ, որտեղ ընթանում էր Ֆրանսիա-Գերմանիա խաղը, 3 պայթյուն եղավ, որոնք կազմակերպել էին ահաբեկիչ մահապարտները:

Ահաբեկչության զոհ դարձավ 130 անմեղ քաղաքացի, վիրավորվեց 350 մարդ:

Ու թեև այժմ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, լարվածություն առաջացնող կամ սպառնալիք պարունակող հայտարարություններ այլևս չեն հնչում, այդուհանդերձ Ֆրանսիան շարունակում է անվտանգության համապատասխան միջոցառումների ձեռնարկումն ու երկրի վերահսկողությունն ամենաբարձր մակարդակով: ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են վերահսկվում մինչև անգամ խանութներն ու առևտրի կետերը: Իրավապահներն ու անվտանգության աշխատակիցները զննում են յուրաքանչյուր այցելուի, վերջիններս էլ, բնականաբար, քաջ գիտակցելով դրա անհրաժեշտությունը՝ չեն տրտնջում. սիվուպլե…

Սա դեռ ամենը չէ. պարզվում է՝ Եվրամիությունը, փորձելով լուծել ներգաղթյալների խնդիրը, Թուրքիային 3 մլրդ եվրո է խոստացել, եթե վերջինս ուժգնացնի ներգաղթյալների հոսքի վերահսկողությունը: Բացի այդ գումարից` ԵՄ-ն հավելում է նաև թուրքերին առանց վիզային ռեժիմի տրամադրման հնարավորությունը 2016 թվականի աշնանից: 11 տարվա ընթացքում ԵՄ-Թուրքիա առաջին երկկողմ գագաթաժողովն ավարտվել է թուրքական տարածքով ներգաղթյալների հոսքի դադարեցմանն ուղղված համաձայնագրի ստորագրմամբ:

Թուրքիան արդեն մոտ 2 մլն ներգաղթյալ է ընդունել Սիրիայից: 2015 թվականի ընթացքում 1,5 մլն ներգաղթյալ է ժամանել ԵՄ, որոնց մեծ մասը՝ հենց Թուրքիայի միջով: Հիմա էլ Եվրամիությունը քննարկում է իր երկրի առջև սահմանները փակած Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին: Ա՛յն Թուրքիայի, որը կոտորել է 2 մլն անմեղ զոհերի:

Արդարության մասին չափանիշները բոլոր ժամանակներում նույնն են եղել. և այստեղ տեղին է հիշել Սիամանթոյի խոսքերը՝ «Ո՛վ մարդկային արդարություն, դու ոչինչ ես… թո՛ղ ես թքնե՛մ քու ճակատիդ…»:

Տաթև Հարությունյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս