Վաղը Սերժ Սարգսյանը նշանակելու է ՀՀ վարչապետին: Ու թեեւ այսօր կայանալիք ՀՀԿ ԳՄ նիստում պետք է պաշտոնապես որոշվի վարչապետի թեկնածուի անունը, սակայն վաղուց է հայտնի՝ կառավարության ղեկավարը չի փոխվելու. Տիգրան Սարգսյանը շարունակելու է իր պաշտոնավարումը:
Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանի երդմնակալությունից հետո՝ ապրիլի 9-ին, կառավարությունը Սահմանադրությամբ սահմանված կարգով հրաժարական ներկայացրեց: Եվ հիմա, Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, կառավարության հրաժարականի ընդունումից հետո Ս. Սարգսյանը պետք է տասնօրյա ժամկետում նշանակի վարչապետ, իսկ դրանից հետո՝ քսանօրյա ժամկետում՝ մինչեւ մայիսի 9-ը, ձեւավորի կառավարություն:
Տիգրան Սարգսյանը ՀՀ ամենաերկար պաշտոնավարած վարչապետերից մեկն է. նա այդ պաշտոնում նշանակվել է 2008թ. ապրիլի 9-ին: Սակայն երկար պաշտոնավարումը չի նշանակում, որ նա ամենահաջողված վարչապետն է: Ընդհակառակը. նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանի տնտեսությունը սրընթաց անկում ապրեց. անգամ պաշտոնական վիճակագրությամբ 2008թ. առ այսօր աճել են աղքատությունը, արտագաղթը, երկրի արտաքին պարտքն ու սոցիալ-տնտեսական բեւեռացվածությունը: Ու թեեւ իշխանությունները կատարվածը մեկնաբանում են համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքներով, այնուամենայնիվ, ակնհայտ է նաեւ այն, որ ճգնաժամի հետեւանքները ՀՀ տնտեսության վրա այդքան սոսկալի չէին լինի, եթե նույն կառավարությունն անգործություն չցուցաբերեր այդ ընթացքում: Բացի այդ, Տ. Սարգսյանը Ս. Սարգսյանից հետո երկրորդ պաշտոնյան է, որի հանդեպ հասարակական մեծ դժգոհություն կա:
Ու հիմա հարց է առաջանում. իսկ ի՞նչն է պատճառը, որ երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականության բնագավառում լրջագույն ձախողումներ գրանցած վարչապետը նաեւ ամենաերկար պաշտոնավարողն է: Պատճառը մեկն է. Տ. Սարգսյանն այս իրավիճակում պարզապես անփոխարինելի վարչապետ է: Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ վարչապետն այսօր շատ ավելի մեծ լիազորություններ ունի, քան երկրի նախագահը: Բայց իշխանությունը, այնուամենայնիվ, կենտրոնացած է Ս. Սարգսյանի ձեռքում, իսկ վարչապետը պարզապես անգլիական թագուհու կարգավիճակում է: Այլ կերպ ասած՝ Տ. Սարգսյանն այնքան թույլ է, որ չի էլ փորձում օգտվել իր լծակներից, իսկ դա Ս. Սարգսյանի համար իդեալական վիճակ է: Մանավանդ որ նա չի կարող գտնել էլ ավելի թույլ մեկին, որն այդպես հնազանդ գտնվի իրեն: Մինչեւ հիմա որպես վարչապետի հավանական թեկնածու շրջանառվել են շատերի անունները՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան, Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյան, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյան, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան եւ այլք: Բայց նրանցից յուրաքանչյուրը որոշակի ինքնուրույնություն ունեցող անձ է, եւ այդ պաշտոնում ունենալով Սահմանադրական լայն լիազորություններ՝ նրանք ոչ մի գնով չեն համակերպվի անգլիական թագուհու հնազանդ դերին՝ իշխանության ներսում դառնալով ուժեղ ֆիգուրներ: Իսկ դա, բնականաբար, ձեռնտու չէ Ս. Սարգսյանին, եւ նա վարչապետի պաշտոնում դեռ երկար հանդուրժելու է ձախողված Տ. Սարգսյանին: Ասել է թե՝ վարչապետի հաջողության գրավականը հենց իր թուլության մեջ է:
20 օր անց
Սերժ Սարգսյանը մինչեւ մայիսի 9-ը նշանակելու է նաեւ կառավարության անդամներին: Իշխանական մեր աղբյուրների պնդմամբ՝ միանշանակ որոշված է կառավարությունը ձեւավորել մայիսի 5-ից՝ Երեւանի ավագանու ընտրություններից հետո, որպեսզի նախընտրական շրջանում ընդդիմությանը քննադատությամբ հանդես գալու հնարավորություն չտրվի: Պատահական չէ, որ ՀՀԿ ԳՄ վերջին նիստից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ակնարկել էր, որ առաջիկայում երկու-երեք նախարար է փոխվելու: Եվ ահա, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, առաջիկայում պաշտոնանկ են արվելու ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ու բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Ըստ շրջանառվող լուրերի՝ քննարկվում է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնանկության տարբերակը, ընդ որում դա լինելու է անձամբ նրա ցանկությամբ: Ըստ ամենայնի՝ նախարար կնշանակվի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Այդ դեպքում հավանական է, որ նա նշանակվի Շվեյցարիայում ՀՀ դեսպան, քանի որ շանսոնյե Շառլ Ազնավուրն անձամբ է Ս. Սարգսյանին խնդրել իրեն ազատել այդ պարտականությունից: Հավելենք, որ Էդ. Նալբանդյանը հատուկ կարգավիճակ է ունենալու. նա կոորդինացնելու է եվրոպական երկրներում ՀՀ դեսպանների աշխատանքը: Երեկ Նալբանդյանը հերքել է այս լուրերը:
Հավանական է, որ պաշտոնանկ կարվի նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, որին կնշանակեն Ֆրանսիայում ՀՀ դեսպան: Այս փոփոխությունների համատեքստում հնարավոր է՝ ԿԳ նախարար նշանակվի Հրանուշ Հակոբյանը, իսկ ՀՀ սփյուռքի նախարար դառնա Հայոց ցեղասպանության տուն-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այս բոլոր հարցերը պետք է քննարկվեն ՀՀԿ ԳՄ նիստում, որից հետո նոր որոշում կկայացվի: Նա միայն ասաց, թե կառավարության կազմում հիմնական դերակատարները կլինեն ՀՀԿ-ականները: