ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԽԱՆԳԱՐԵԼ ԵՆ
Քարոզչական թռուցիկներ բաժանող «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամներին երեկ խոչընդոտել են Ավան վարչական շրջանում: Ավանի Բրյուսով թաղամասի 63 շենքի լիազորը ՀԱԿ երիտասարդներին ասել է, թե «ստեղ բոլորը հանրապետական են, ստեղ գործ չունեք», եւ սպառնացել, որ եթե չհեռանան, նրանց «ոտքերը ջարդել կտա»: Ավելին, շենքի լիազորը փորձել է խլել թռուցիկների տոպրակն ու պատռել դրանք: Բայց ապարդյուն:
ՀԱԿ ակտիվիստների քարոզչությանը խանգարել են նաեւ Ավանի Բրյուսով թաղամասի 65 շենքի բնակիչ ներկայացած անձինք: ՀԱԿ վարչության անդամներից Արեգ Գեւորգյանը, մեկնաբանելով կատարվածը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Սա օր օրի թափ հավաքող Կոնգրեսի քարոզարշավին լիովին նորմալ արձագանք է ՀՀԿ-ի, նրան սպասարկող թաղային հեղինակությունների եւ նմանատիպ դեպքերին չարձագանքող իրավապահների կողմից: Իշխանությունը բռնազավթողները որեւէ բան չունեն հակադրելու փաստարկված մեղադրանքներին եւ ինտելեկտուալ ակնհայտ առավելություն ունեցող մրցակիցներին, բացի կեղծիքներից, ստից ու բռնություններից»:

ՄԵԿՆԵԼ Է ԱՐՏԵՐԿԻՐ
NEWS.am-ի տեղեկացմամբ` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Հայաստանում չէ: Նա ապրիլի 15-19-ին իր հաշվին արձակուրդ է վերցրել եւ իր մամուլի խոսնակի հավաստմամբ` անձնական հարցերով գտնվում է արտերկրում:

ՀԵՏՈՂՈՐՄՅԱ
Հայաստանը պատրաստ է Հունգարիայի հետ հարաբերությունների կարգավորմանը: Այդ մասին երեկ հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի հետ համատեղ ասուլիսում: «Հայաստանը միշտ պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը Հունգարիայի հետ, բայց այդ ուղղությամբ Հունգարիան պետք է համապատասխան քայլեր կատարի»,-հավելել է Նալբանդյանը:

ՏԵՂՆ Է ԴՐԵԼ
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության հանդիպման ժամանակ ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը, հակադարձելով «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի այն պնդմանը, թե նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է ընտրողների ավելի քան 82 տոկոսի քվեն, ասել է, որ 82-տոկոսանոց կողմ քվեարկություն կարող էր լինել միայն Սովետական միությունում, եւ այդքան ձայն կարող էր հավաքել միայն ԽՄԿԿ առաջին քարտուղար Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւը:

ՀԱՅՐԻԿՅԱՆԻՆ ԿՎԻՐԱՀԱՏԵՆ
Նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կվիրահատվի հաջորդ շաբաթ։ «Եկող շաբաթվանից ամեն ինչ հստակ կլինի։ Վիրահատությունը կտա հիմնական հարցերի պատասխանը, մասնավորապես՝ կվերականգնվի՞ ձեռքիս աշխատանքը, եւ որքա՞ն կտեւի ապաքինումը»,-«Ա1+»-ին ասել է Հայրիկյանը։




Լրահոս