ԲԱՑՈՒՄ ԵՆ ՈՒ ԲԱՑՈՒՄ
Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Մեքսիկայի Միացյալ Նահանգներում եւ Շվեդիայի Թագավորությունում ՀՀ դեսպանություններ ստեղծելու մասին: Մեքսիկայում ՀՀ դեսպանատան նստավայրը Մեխիկոն է, իսկ Շվեդիայում՝ Ստոկհոլմը:
ԱՍՏՎԱԾԱՊԱՇՏ «ԶՈՐԱՎԱՐԸ»
Ապրիլի 16-ին՝ ոստիկանության տոնի առթիվ հանդիսավոր նիստին, նվերներ է ստացել ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Դրանցից ուշագրավ են մի քանիսը, որոնք լրացնում են Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից նրան շնորհված նոր «տիտղոսի»` զորավարի կերպարը: ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը թուր է նվիրել, իսկ գլխավոր դատախազը՝ ձիու արձանիկ: Ընդ որում, Գորիկ Հակոբյանն ընդգծել է, որ թուրը պատյանի մեջ է նվիրում, ինչը խաղաղության խորհրդանիշ է: Իսկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար, նախկին փոխոստիկանապետ Արմեն Երիցյանը Գասպարյանին «Աստվածաշունչ» է նվիրել:
ՔԱՂԱՔԻՑ ԳՆԱՑ
Երեկ ինքնաբացարկ է հայտնել «Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակի 73-րդ հորիզոնականը զբաղեցնող ՕԵԿ անդամ, գյուղատնտես Գուրգեն Վարդանյանը:
ԱՆԱԿՆԿԱԼ ՁՅՈՒՆ
Լոռու մարզում եւ հատկապես մարզկենտրոն Վանաձորում տեղացած առատ ձյունը վթարների պատճառ է դարձել: Մասնավորապես` Վանաձորի Վարդանանց 49 շենքի առջեւ թաց ձյան ծանրությունից ծառն ընկել է Ռաֆայել Ամոյանին պատկանող մեքենայի վրա՝ պատճառելով լուրջ վնասներ: Բարեբախտաբար, դեպքի պահին մեքենայում մարդ չի եղել:
ՇՈՅԳՈՒՆ ԵՎ ՕՀԱՆՅԱՆԸ
Ապրիլի 17-ին աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն է մեկնել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Երեկ կայացել է ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ռազմական եւ ռազմատեխնիկական երկկողմ համագործակցության ընթացիկ խնդիրները եւ հեռանկարները:
ԱՊԱՔԻՆՎՈՒՄ Է
Ապրիլի 5-ի կեսգիշերին վթարի ենթարկված ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Զոհրաբ Զոհրաբյանն «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Զոհրաբյանի արհեստական շնչառության ապարատն անջատել են, նա ապաքինվում է:
ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԵԶԴԻՆԵՐԻՆ
Սերժ Սարգսյանը եզդիների Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ երեկ շնորհավորական ուղերձ է հղել եզդիական համայնքին: «Մաղթում եմ, որ մեր երկրի եզդիների համար նոր տարին լինի հաջողությունների, երջանկության ու առատության տարի, եւ որ մեր եզդի հայրենակիցները պահպանեն ու զարգացնեն իրենց ազգային ու մշակութային ավանդույթները»,-ասված է ուղերձում: