«Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում գրել էր, որ արդեն մեկ շաբաթ է՝ Երեւանի սուպերմարկետներում հայկական արտադրության պանիր չկա, ու թերեւս մինչեւ մայիս պանրի նոր խմբաքանակ չի լինի: «Ո՞րն է պատճառը». այս հարցին ՀՀ պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը պատասխանել էր. «Պանիր արտադրող ընկերությունները կաթ չեն ունեցել: Քիչ է եղել: Այս խնդիրը բոլոր ընկերությունների մոտ է»: Նշենք, որ մեր երեկվա հրապարակմանն արձագանքել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը: ԳՆ անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանի խոսքով՝ մեր հանրապետությունում կաթի արտադրությունը կրում է խիստ սեզոնային բնույթ:
Արմեն Գիգոյանի համոզմամբ` հայկական արտադրության պանրի բացակայության պատճառը Հայաստանում ֆերմերային տնտեսությունների չկայացածությունն է. «Անասունների խոտն անցյալ տարի թանկ էր: Գյուղացիների 20-30 տոկոսը գումար չի ունեցել անասուններին կերակրելու համար, եւ մորթել են: Դրա համար էլ կաթը պակասել է: Պանրագործների միությունը մշտապես բարձրաձայնել է այն մասին, որ պետք է ուշադրություն դարձնել ֆերմերային միությունների ստեղծմանը: Հայաստանում այն շերտը պետք է զարգանա, որ ոչ թե երկու ֆերմեր լինի, այլ հիսուն, վաթսուն: Դրա համար էլ հիմա ժողովուրդը մնացել է առանց պանրի»:
Իսկ ՀՀ ԳՆ անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը հակառակն է պնդում` վստահեցնելով, որ գյուղացիներն իրենց անասուններին չեն մորթել. «Սա անտեղյակության արդյունք է: Անասնագլխաքանակը ոչ թե պակասել է, այլ կտրուկ ավելացել: Ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ միայն կովերի գլխաքանակը նախորդ տարվա համեմատ ավելացել է 20 հազարով, ինչը նշանակում է, որ այս տարի նախորդ տարվա համեմատ կարտադրվի շուրջ 40 հազար տոննայով ավել կաթ»:
Ըստ Հովհաննիսյանի՝ շուկայում հայկական արտադրության պանրի պակասության պատճառն այն է, որ վերամշակող ձեռնարկությունները բարձր գնով եւ քիչ քանակությամբ մթերված կաթից գերադասում են պատրաստել այլ կաթնամթերք՝ կաթ, մածուն, թթվասեր, իսկ պանիր պատրաստում են միայն ցածր գնով եւ մեծ ծավալներով մթերված կաթից:
«Ի դեպ, պանրի արտադրությունում մասնագիտացված ձեռնարկությունները («Չանախ» եւ այլն) ձմռան ամիսներին ընդհանրապես չեն գործում եւ արտադրությունը սկսում են ապրիլ-մայիս ամիսներին: Դրան համապատասխան սեզոնային բնույթ են կրում նաեւ վերամշակող ձեռնարկությունների կողմից կաթի մթերման գները: Որպես կանոն՝ կաթի մթերման գներն առավելագույնի են հասնում դեկտեմբեր-մարտ ամիսներին (1 լիտրը՝ 170-200 դրամ), երբ կաթի արտադրության ծավալները կտրուկ նվազում են, իսկ ապրիլ-մայիս ամիսներից, երբ կաթի արտադրության ծավալները խիստ ավելանում են, մթերման գները նվազում են` հասնելով 130-150 դրամի (1 լիտրի հաշվով)»,-բացատրեց Ա. Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, եթե դեկտեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում մեր հանրապետությունում ամսական արտադրվում է շուրջ 20 հազար տոննա կաթ, ապա մայիս-հուլիս ամիսներին կաթի արտադրության ամսական ծավալներն աճում են գրեթե 3,5 անգամ եւ կազմում ավելի քան 70 հազար տոննա:
Ակնկալվում է, որ ընթացիկ տարում կաթի արտադրության ծավալների ավելացմանը զուգահեռ նախորդ տարվա համեմատությամբ պանրի արտադրությունը կավելանա 1,5-2%-ով, ինչն իր հերթին կբերի պանրի գների նվազեցման 7-10%-ի սահմաններում: «Սպասե՛ք մեկ ամիս եւ կտեսնեք, թե հունիսից ինչքան կավելանան պանրի արտադրության ծավալները: Դա էլ իր հերթին կբերի պանրի գնանկման»,-հավելեց նա:
«Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը նույնպես արձանագրել է շուկայում հայկական պանրի բացակայության փաստը: «Հատուկ ուսումնասիրություն չեմ արել, բայց տեղյակ եմ, որ պանիրը քիչ է: Գյուղացիները խոտի թանկ լինելու պատճառով չեն կարողացել անասուններին կերակրել, մորթել են, դրա համար էլ մարդիկ հայտնվել են այսպիսի դրության մեջ: Երբ դեռեւս անցյալ տարի գյուղնախարար Սերգո Կարապետյանին ներկայացրինք, որ անասնակերը քիչ է եւ չի բավարարում, նա հուսադրեց, որ Ղարաբաղից 600 դրամով անասնակեր կբերի: Ու մինչեւ հիմա բերում է: Բերածը չտեսանք: Սուտ, դատարկ խոստումներ է տալիս: Գյուղացին է իր ճարը տեսնում,-վրդովված նկատեց Սեդրակյանը` հավելելով, որ գյուղնախարարության վիճակագրական վարչության կողմից ներկայացված տվյալներին չի հավատում,-նրանք իրական թվերին ստույգ չեն տիրապետում: Պարզապես փորձում են աճ ցույց տալ: Իբր մեր երկրում տնտեսության, ժողովրդավարության, աղքատության նվազեցման առումով աճ կա, եւ կայուն զարգացում է տեղի ունենում: Նպատակն էլ այն է, որ միջազգային կառույցները վստահեն ու վարկեր տան իրենց»:
Իսկ Գյումրիում գործող «Իգիթ» կաթնամթերքի ընկերության տնօրեն Անդրանիկ Իգիթյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ երեք շաբաթ անց շուկան կունենա հայկական արտադրության պանիր. «Հիմա գյուղացին ընկերություններին քիչ կաթ է տալիս: Ամեն տարի էլ այս շրջանում կաթի պակասորդ կա»:
ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ ՍՈՒՏ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ Է ՏԱԼԻՍ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ