Ո՞Վ Է ՎԹԱՐԻ ՄԵՂԱՎՈՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 17-ի առավոտյան՝ ժամը 05:15-ի սահմաններում, Վրաստանի սահման-Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրում տեղի է ունեցել վթար, որի հետեւանքով զոհվել է Վրաստանի Մառնեուլի շրջանի Շահումյան գյուղի 37-ամյա բնակիչ Բախշիկ Օկոյանը: Դեպքից 4 ժամ անց շորով ծածկված նրա դին գտնվում էր միջպետական ճանապարհի եզրին: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը 5-ն անց 50-ի սահմաններում մեկնել է դեպքի վայր: Շտապօգնության ծառայության բուժքույր Կարինե Աբովյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ մահացածի մարմինը շատ էր վնասված, եւ նպատակահարմար չէր տեղափոխել բժշկական կենտրոն: Շտապօգնության խումբը մոտ մեկուկես ժամ գտնվել է պատահարի վայրում: Կ. Աբովյանի վկայությամբ՝ վթարից վիրավոր, Շահումյան գյուղի բնակիչ 26-ամյա Կամո Անտոնյանը տեղափոխվել է Ալավերդու հիվանդանոց: Նշենք, որ Բ. Օկոյանի դին գտնվում էր վրացական պետհամարանիշերով «ֆուռի» եւ վրացական պետհամարանիշերով «Ֆոլկսվագեն»-ի բախման վայրից մոտ 500 մ հեռավորության վրա: Վթարի վայրում էին գտնվում «DAF» մակնիշի «GE SAJ-800» պետհամարանիշերով խոշոր բեռնատարը եւ «Ֆոլկսվագեն» մակնիշի «GE DDS-350» պետհամարանիշերով մարդատարը: Վերջինիս վարորդ, Շահումյան գյուղի բնակիչ, 1982թ. ծնված Սեյրան Անտոնյանը մեզ պատմեց, որ իրենց քաղած սինդրիկը տեղափոխում էին Երեւան, որպեսզի վաճառեին: Սակայն վաղ առավոտյան իր մեքենայի վառելիք գազը սպառվել էր: Մեքենայի 3 ուղեւորները՝ Սեյրանի եղբայր Կամո Անտոնյանը, հարեւան Բախշիկ Օկոյանը եւ Կամոյի բարեկամ Աշոտ Շլեպչյանը, հրել են մեքենան, որպեսզի այն հասցնեն մոտակա գազալցակայան, երբ նրանց հետեւից հարվածել է վրացական համարանիշերով «ֆուռը»: Ս. Անտոնյանն ասաց, որ ինքն այդ ժամանակ միացրել էր մեքենայի հետեւի մասում գտնվող լուսային թարթիչը: «Ֆուռի» վարորդ, Վրաստանի քաղաքացի, 1953թ. ծնված Գիվի Խուբուլավան մեզ ասաց, որ ինքը վրացական ընկերության բեռնատարով սպիրտ էր տեղափոխում Երեւան: Նրա խոսքով՝ բեռնատարի ապակին ներսից քրտնել էր, ինքը սրբիչով մաքրում էր այն, մութ էր, իսկ առջեւում գտնվող «Ֆոլկսվագեն»-ի լուսային թարթիչը միացված չէր: Վրացի վարորդը հավաստիացրեց, որ զոհը եղել է ոչ իր մեքենայի բախման հետեւանքով, եւ որ Բ. Օկոյանի դին գտնվում է իրենց վթարի վայրից մոտ 500 մ հեռու: Նա եւ իր գործընկեր վրացական մեկ այլ բեռնատարի վարորդը մեզ պատմեցին, որ «Ֆոլկսագեն»-ը հրող 3 տղաներին հարվածել է մարդատար մեքենա, ենթադրաբար «Օփել» մակնիշի, որի վարորդը ճողոպրել է դեպքի վայրից: Վրացի վարորդներն ասացին, որ այդ «Օփել»-ի պահեստամասերը թափված են դեպքի վայրում: Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում աշխատում էին Բագրատաշենի բաժանմունքի պետ Կարեն Անտոնյանը, Նոյեմբերյանի ոստիկանության քննչական բաժնի պետ Արթուր Մովսիսյանը  եւ  ՃՈ  2-րդ գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանը: Տեղազննությունից հետո հավանաբար հնարավոր կլինի հստակ պարզել, թե ով է վթարի իրական մեղավորը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս