Արտադրամասերը վաճառում են, որ հեռանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին ամիսներին արտահանման ծավալների կրճատման հետեւանքով դժվարին կացության մեջ են հայտնվել հատկապես փոքր ու միջին ձեռնարկատերերը: Նրանցից շատերը ստիպված են ոչ միայն փակել իրենց արտադրամասերը, այլեւ դրանք վաճառել:

«Ժողովուրդ»-ը բազմիցս օրինակներով ներկայացրել է Հայաստանի գործարար դաշտում ստեղծված պատկերը, այն, որ վերջին ամիսներին ՀՀ-ում փակվել են հազարավոր փոքր ձեռնարկություններ: Ինչպես հայտնի է՝ տեղական արտադրողները դեռեւս նախորդ տարվա նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին բախվեցին այս խնդրին. ռուբլու փոխարժեքի վայրիվերումների հետեւանքով հայ գործարարների համար ռուսական շուկայում մի շարք դժվարություններ առաջ եկան: Նրանցից շատերը նվազեցրին արտահանման ծավալները:

Տուժեցին հատկապես գարեջուր, գինի, կոնյակ արտադրողները, որոնց սպառման հիմնական շուկան Ռուսաստանն է: Այս ամենի արդյունքում որոշ գործարարներ, հարկային եւ վարկային պարտավորությունները չկատարելով, կա՛մ դադարեցրին իրենց գործունեությունը, կա՛մ էլ փակվեցին: Մասնագետների պնդմամբ՝ սպասվում է, որ կրկին տնտեսություններ կփակվեն:

«Ժողովուրդ»-ը փոքրիկ ուսումնասիրություն կատարեց list.am էլեկտրոնային կայքէջում եւ պարզեց, որ բազմաթիվ արտադրամասեր են հանվել վաճառքի: Ըստ տեղադրված հայտարարությունների՝ վաճառվում է երշիկի եւ կաթի արտադրամաս, նաեւ՝ հացի գործող փուռ, մթերային խանութ, հանքային ջրի արտադրամաս եւ այլն: «Ժողովուրդ»-ը իրենց ձեռնարկությունները վաճառքի հանած արտադրողներից հետաքրքրվեց այդ որոշման պատճառների մասին:

Սեպտեմբերի 24-ին վերոնշյալ կայքէջում տեղադրվել է մի հայտարարություն, որտեղ նշված է, որ վաճառվում է կաթի արտադրամաս եւ անասնապահական համալիր, որն ունի երկու անասնագոմ: Նշենք, որ կաթի արտադրամասը համալրված է անհրաժեշտ սարքավորումներով: Այս հայտարարության հեղինակը՝ Արմենը, «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ կաթի արտադրամասը երկար տարիներ շահագործվել է եւ գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Սեւան քաղաքում: Սակայն հիմա չկարողանալով եկամուտ ապահովել՝ սեփականատերերը որոշել են այն վաճառել: Կաթի արտադրամասով հետաքրքրվողներ կան, բայց այն դեռ չի վաճառվել: Ի դեպ, հայտարարության մեջ նշված է նաեւ, որ արտադրամասը կարող են փոխանակել այլ անշարժ գույքով:
Իսկ, ահա, Շենգավիթ վարչական տարածքում վաճառքի է հանվել նորակառույց, մսամթերքի, երշիկի արդեն պատրաստի արտադրամաս, որի արտադրողականությունը 8 ժամում կազմում է 2000 եւ ավել կգ: Այս արտադրամասի վաճառքի մասին հայտարարությունը տեղադրվել է երեկ՝ նոյեմբերի 30-ին: Նշենք, որ վաճառքի հանված երշիկի արտադրամասերը մի քանիսն են: «Չի լինում աշխատել: Բանկը գումար էր խոստացել, բայց չի տալիս, դրա համար էլ վաճառքի ենք հանել: Ունենք հարկային եւ վարկային պարտավորություններ»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անկեղծացավ երշիկի արտադրամասը վաճառող Արմենը:

Մեր այն հարցին՝ արտադրամասը վաճառելուց հետո ինչո՞վ է մտադիր զբաղվել, Արմենը կարճ պատասխանեց. «Վաճառենք, թողնենք, դուրս գանք Հայաստանից»: Նրա խոսքերով, այս ընթացքում ո՛չ գնորդներ են հայտնվել եւ ո՛չ էլ հետաքրքրվում են: Միայն հասցրել է մանր սարքավորումներ վաճառել: Դժվար իրավիճակում հայտնված գործարարը նկատեց, որ արտադրամասը վաճառելուց հետո էլ ստացված գումարով հնարավոր չի լինի բոլոր պարտքերը մարել կամ էլ ներդրած գումարը հետ բերել:
Շենգավիթ վարչական տարածքում վաճառվում է նաեւ հացի գործող փուռ՝ իր մթերային խանութի հետ միասին: Ներկայումս արտադրվում է հաց, բուլկի, լավաշ եւ պելմենի: Հացի գործող փուռը վաճառողը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ փռի եւ խանութի սեփականատերը այս պահին երկրում չէ: Ավելին՝ նա մտադրություն չունի հետ վերադառնալու: Այս պատճառով էլ վաճառում է այն:

Իսկ, ահա, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում վաճառվում է հանքային ջրերի արտադրամաս: Ընկերությունը արտադրում է հանքային ջուր՝ «Էտալոն Ջերմուկ» ապրանքանիշով: Այն ունի երկու հոսքագիծ՝ յուրաքանչյուրը 1 ժամում 6000 շիշ հնարավորությամբ: Մի հոսքագիծը ապակյա շշերի, իսկ մյուսը պլաստիկե շշերի արտադրության համար է: Ըստ հայտարարության՝ ընկերության բոլոր սարքավորումները համապատասխանում են անվտանգության ու էկոլոգիական բարձր չափանիշների: Հայտարարության մեջ նշված է նաեւ, որ հնարավոր է ընկերությունը փոխանակել Երեւանում գտնվող անշարժ գույքի հետ:

Ընկերության ներկայացուցիչներից մեկը՝ Դավիթը, ով վաճառքով է զբաղվում, տեղեկացրեց, որ մոտ 5 տարի գործարանը չի աշխատել: Պատճառը ֆինանսական խնդիրներն են:

Այսպիսով` կարող ենք արձանագրել, որ չնայած ՓՄՁ-ներին աջակցելու մասին կառավարության բազմաթիվ խոստումներին` իրականության մեջ վիճակը բավականին անմխիթար է, եւ որ ամենամտահոգիչն է` բարելավման միտումներն էլ տեսանելի չեն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս