ԴԱՏԱԽԱԶՆ ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեւանի 78-ամյա նախկին դատախազ Նորիկ Փահլեւանյանը, որը 1989թ. դատախազական համակարգից հեռացվել է երեք ադրբեջանցիների սպանության գործը որպես ավտովթար ներկայացնելու համար, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհեց, որ զրկված է դատախազական թոշակ ստանալու իրավունքից: Ունենալով 55 տարվա աշխատանքային ստաժ՝ նա ստանում է 45 հազար դրամ թոշակ, որը չի բավականացնում անգամ կոմունալ վարձերը վճարելու համար:
«Ուզում եմ՝ Սերժ Սարգսյանը հասկանա, որ 45 հազար դրամ թոշակով չես կարող նույնիսկ կոմունալ հասարակ վճարումները կատարել: Դեռ պարտք ենք մնում: Չի բավականացնում: 55 տարի աշխատել եմ, բա 45 հազար դրամ տա՞ս, այն դեպքում, երբ բժշկի մոտ մեկ անգամ հետազոտվելն ավելի թանկ է»,-բողոքեց Ն. Փահլեւանյանը:
Նա երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու պահանջով դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան, գլխավոր դատախազություն: ՍԴ-ից պատասխանել են, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջին համապատասխան` դիմումում բարձրացված հարցն ակնհայտորեն ենթակա չէ քննարկման, այդ պատճառով ՍԴ-ն պարզաբանման լիազորություն չունի:
Իսկ գլխավոր դատախազությունից, նախկին դատախազի դիմումին ի պատասխան, հայտնել են. «Երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու մասին քննարկվել է դատախազությունից կենսաթոշակների նշանակման հանձնաժողովի 06.05.2010թ. նիստում եւ տրվել է բացասական եզրակացություն` նկատի ունենալով, որ Դուք աշխատանքից ազատվել եք 10.05.1989թ., այսինքն՝ մինչեւ ՀՀ Ազգային ժողովի կողմից 01.07.98թ. ընդունված, 12.01.99թ.-ին ուժի մեջ մտած «Դատախազության մասին» ՀՀ օրենքը»:
Ն. Փահլեւանյանը մեզ հետ զրույցում թերթում էր իր աշխատանքային գրքույկն ու մեծ հպարտությամբ ներկայացնում իր աշխատանքային կենսագրությունը. «1981-ին գլխավոր դատախազության շենքի վերանորոգման պատասխանատուն էի: Դա կատարելուց հետո նշանակվեցի Սեւանի միջշրջանային դատախազ: 1988-ն էր. հայ-ադրբեջանական բախումների հետեւանքով Սեւան քաղաքում երեք թուրք սպանվեց: Նրանց սպանության գործը ես ձեւակերպեցի որպես ավտովթար»:
Հիշյալ դեպքից հետո՝ 1988-ի դեկտեմբերի սկզբին, հանրապետության նորանշանակ դատախազ Վլադիմիր Նազարյանը ՀՀ կենտկոմին եւ Մոսկվային հաշվետվություններ ներկայացնելու համար Փահլեւանյանին հրավիրում է իր մոտ եւ տեղեկացնում, որ ազգամիջյան հարցերի նկատմամբ դատախազական հսկողությունը թույլ է, ինչի համար էլ նպատակահարմար չի գտնում Փահլեւանյանին սահմանադրական երկրորդ ժամկետ տալը: Նրան առաջարկում է տեղափոխվել Սպիտակի շրջան որպես ավագ քննիչ: Սակայն Սպիտակում համապատասխան տեղն արդեն զբաղված է լինում, ինչի պատճառով Փահլեւանյանը դուրս է մնում դատախազության համակարգից: 1989թ. մայիսի սկզբին նրանից պահանջում են աշխատանքից ազատման դիմում գրել:
«Եվ սա այն դեպքում, երբ գիշեր-ցերեկ իմ հնարավորությունների սահմաններում օգնում էի սահմանամերձ տարածքների մարտիկներին եւ թիկունքում գտնվող նրանց անօգնական ծնողներին: Ես էլ եմ ծառայել իմ ժողովրդին, բայց ստացվեց, որ ես չե՞մ կանխել ազգամիջյան բախումները: Տասնյակ ընտանիքների բախտն ու ճակատագիրը ոտնահարվում էր թուրքերի կողմից, իսկ այստեղ ընդամենը երեք թուրք էր սպանվել… Անգործ չեմ նստել, աշխատել եմ ու խրախուսվել, պատվոգրերի եմ արժանացել: Արդեն 78 տարեկան եմ, թոշակառու, ընդհանուր աշխատանքային ստաժս 55 տարի է, բայց ստանում եմ ընդամենը 45 հազար դրամ թոշակ: Ապրում եմ տիկնոջս հետ, նա եւս թոշակառու է: Համարվում եմ արդարադատության խորհրդական, փոխգնդապետ, ուստի խնդրում եմ՝ բացատրեք` ի՞նչ կապ ունի 1988-ի ազգամիջյան հարաբերությունների նկատմամբ դատախազական թույլ հսկողությունը 1998-ի հուլիսի 1-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հետ: Այս օրենքի պատճառով զրկվել եմ դատախազական թոշակ ստանալու իրավունքից»,-վրդովված նկատեց մեր զրուցակիցը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս