«ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԵՆՔ ՕՂԱԿՆԵՐԻՑ, ՀԵՆԱՑԱՏԿԻՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Մոսկվայի օլիմպիական մարզապալատում մեկնարկեց Եվրոպայի սպորտային մարմնամարզության անհատական առաջնությունը: Տղամարդկանց մասնակցությամբ աշխարհամասի առաջնությունը սկսվել է 1955թ.-ից, կանանցը` 1957թ.-ից, անհատականը` 2005թ.-ից: Նման ստուգատեսի մասնակցելու թույլտվություն են ստանում մարզաձեւի եվրոպական միության անդամ երկրների միայն առաջատար վարպետները:
Մոսկովյան ստուգատեսով մարմնամարզիկների համար սկսվում է օլիմպիական խաղերի նոր փուլը: Մրցակարգում կատարված փոփոխությունների շնորհիվ որոշ մասնակիցներ կներկայացնեն մարմնամարզական նոր` հետաքրքիր ու բարդ տարրեր: Մեդալներ կխաղարկվեն ե՛ւ բազմամարտում, ե՛ւ առանձին գործիքների վրա վարժություններում: Հայաստանն ունի օլիմպիական խաղերի երեք չեմպիոն եւ մեկ փոխչեմպիոն, բայց Եվրոպայի ոսկե մեդալակիր են եղել միայն օլիմպիական խաղերի եռակի ու աշխարհի առաջնությունների ոսկե դափնեկիր, Հայաստանի 20-րդ դարի լավագույն մարզիկ, օղակների արքա Ալբերտ Ազարյանը եւ նրա շնորհալի հետնորդներից Արթուր Հակոբյանը, որը նվաճել է նաեւ աշխարհի չեմպիոնի կոչումը:
Մոսկովյան ստուգատեսում մեր երկիրը ներկայացնում են հինգ մարմնամարզիկներ՝ Արթուր Դավթյանը, Սերոբ Սողոմոնյանը (բազմամարտ), Հարություն Մերդինյանը (նժույգ թափեր), Վահագն Դավթյանը եւ Արթուր Թովմասյանը (օղակներ):
Հիշեցնենք, որ մինչ այդ Քաթարում կայացել էր աշխարհի գավաթի խաղարկության «A» խմբի մրցաշարը, եւ մեր երկրի ներկայացուցիչներ Արթուր Դավթյանը (հենացատկ) եւ Արթուր Թովմասյանը (օղակներ) արժանացել էին բրոնզե մեդալի:
Մեր մարմնամարզիկների հնարավորությունների վերաբերյալ հարցով դիմեցինք օլիմպիական խաղերի եռակի ու աշխարհի առաջնությունների ոսկե դափնեկիր Ալբերտ Ազարյանին:
-Տղաները հաջողություն պետք է ունենան, բայց դժվարանում եմ ասել` ով եւ որ գործիքի վրա: Բանն այն է, որ մասնակիցներից շատերը միայն մեկ գործիքի վրա են հանդես գալու, ուստի ամբողջ ուժով դրան են պատրաստվել, եւ մեդալներ նվաճելը անչափ դժվար կլինի:
-Ամեն դեպքում, ո՞ր գործիքի վրա են մեր տղաների` հաջողության հասնելու հնարավորություններն ավելի բարձր:
-Կարող եմ նշել օղակները, հենացատկը: Հենացատկից Հարություն Մերդինյանը եղել է Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկությունում զբաղեցրել է 5-րդ տեղը:
-Ի՞նչ կասեք մրցավարների մասին:
-Հայաստանը կներկայացնեն միջազգային կարգի մրցավարներ Հակոբ Սերոբյանը եւ Սոս Սարգսյանը: Եթե մի երկրից, ասենք, երեք հոգի է մասնակցում մրցումներին, պիտի տվյալ երկիրը ներկայացնի միջազգային կարգի երկու մրցավար: Հայաստանից հինգ մարմնամարզիկ է մասնակցում, ու առնվազն երկու մրցավարի մասնակցությունը պարտադիր է: Եթե մի մրցավարով ներկայանանք, այլ երկրից մրցավար կընդգրկեն, մեր ֆեդերացիային էլ կտուգանեն: Հավելեմ, որ մարզիչները Արտյոմ Ավետյանն ու Աշոտ Գասպարյանն են:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս