ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐԵԼԸ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 «Ժողովուրդ»-ի զրուցակիցն է «The Beautified Project» ռոք խմբի անդամ ԱՆԴՐԵ ՍԻՄՈՆՅԱՆԸ: Այս պահին խմբի տղաները զբաղված են իրենց երրորդ ձայնասկավառակի ձայնագրման աշխատանքներով, որը նախ լույս կտեսնի ամերիկյան շուկայում, հետո Հայաստանում:  Խումբը Մոսկվայում կմասնակցի «Արմենիա» մրցանակաբաշխությանը, իսկ վերադառնալուն պես՝ ապրիլի 24-25-ին, Երեւանում հանդես կգա համերգներով: Նրանց համար, ովքեր չգիտեն, նշենք, որ «The Beautified Project» խմբի երեք անդամները սփյուռքահայ են, իսկ երկուսը` վանաձորցի:
-Քանի՞ տարվա պատմություն ունի խումբը:
-Այս տարի արդեն 8 տարեկան ենք:
-Չեմ մտաբերում, որ այս տարիների ընթացքում Հայաստանում մեծ մենահամերգ ունեցած լինեք:
-Կասկադում, Ազատության հրապարակում, Ազնավուրի հրապարակում ունեցել ենք բացօթյա համերգներ, բացի այդ, հիմնական դահլիճը, որ տարին 4-5 անգամ փակում ու համերգ ենք տալիս, Տիկնիկային թատրոնն է: Մենք հաճախ ենք ունենում մենահամերգներ, գուցե ոչ մեծ դահլիճներում, բայց լավ հանդիսատեսով:
-Հայ ունկնդիրը ռոքն ինչպե՞ս է ընկալում:
-Իմ կարծիքով՝ հայ ունկնդիրն ունի շատ լավ ճաշակ, բայց իրեն չի տրվել ընտրության հնարավորություն: Տարիներ շարունակ միատեսակ երաժշտություն է մատուցվել, այն ռոքն էլ որ մատուցվել է, շատ հին է եղել` 70-80-ականների: Փառք Աստծո, ինտերնետը հիմա տվել է հնարավորություն, որ լսեն՝ ինչ կա աշխարհում: Հայաստանում մի շրջան կար, երբ երգիչը կամ երգչուհին կանգնում էր հանդիսատեսի առաջ, բերանն էր շարժում, եւ դա համերգ էր կոչվում: Մարդիկ էլ տոմս էին առնում, գնում նստում այդ դահլիճում ու իրենց խաբված զգում: Հիմա հանդիսատեսն արդեն տարբերակում է՝ որն է համերգը, որը` ոչ: Կովկասի ժողովուրդն ունի այդ պոտենցիալը, որ սիրի, լսի ու նվագի ռոք: Հիմա արդեն նոր ռոք խմբեր են ստեղծվում Հայաստանում, ամեն ինչ զարգանում է:
-Տարածված կարծիք կա, որ ռոքը սատանիստական երաժշտություն է:
-Բոլորը գիտեն, որ ռոքը սատանիզմի հետ կապ չունի, իսկ եթե կապ ունենար, այն տարիներին, երբ Հայաստանում երկրաշարժ եղավ, այդքան օգնություն ռոք խմբերի կողմից չէր ուղարկվի:
-Իսկ Հայաստանում կա՞ շուկա, որտեղ կարելի է ներկայացնել որակյալ ռոք:
-Շուկան շատ մեծ չէ, բայց ես նշեցի, որ տարին 4-5 անգամ Տիկնիկային թատրոնում համերգ ենք տալիս, ու միշտ լիքն է դահլիճը: Ինձ թվում է, որ ռոքն ունի պահանջարկ, ուղղակի հեռուստատեսությամբ դա չի պրոպագանդվում:
-Հիմնականում ո՞ր տարիքային խմբում է ձեր ունկնդիրը:
-15 տարեկանից մինչ 30, բայց նաեւ շատ փոքր ու մեծ ունկնդիրներ էլ եմ տեսել մեր համերգներին:
-Համաշխարհային ռոք աստղերից ո՞ւմ եք սիրում:
-Այն խմբերը, որ ես եմ սիրում, շատ նկուղային են, ինձնից չեք լսի շաբլոն ռոք խմբերի անուններ: Մեծ դեր են ունեցել իմ կյանքում «Մետալիկա»-ն ու էլի խմբեր, որ նկուղային են:
-Կարելի՞ է ձեր խմբի գործունեությունն էլ ինչ-որ չափով նկուղային համարել:
-Ես միշտ ասում եմ՝ ինչքան էլ մեր անունները մեծանան, մեր մտածելակերպը պետք է նկուղային մնա, հենց նկուղային երաժշտությունն է, որ շատ անկեղծ է:
-8 տարվա պատմություն ունեք, երբեւէ ռոքի փառատոների, մրցույթների մասնակցե՞լ եք:
-Մեր երգերից մեկը 2 տարի առաջ «International MTV» հեռուստաընկերությամբ 6-րդ տեղն է գրավել համաշխարհային շքերթի մեջ, ամեն ներկայացնող երկիր իր տեղն ունի այդ չարթի մեջ: Մրցույթների երբեք չենք մասնակցում, իմ կարծիքով՝ երաժշտությունը չպիտի մրցութային լինի, այն արվեստ է, իսկ  արվեստը չպիտի համեմատել սպորտի կամ այլ բնագավառի հետ:
-«Եվրատեսիլ»-ի՞ն էլ մասնակցության հայտ չեք ներկայացրել:
-Ո՛չ, ես երկար տարիներ Անգլիայում եմ ապրել ու գիտեմ, թե Եվրոպայում ինչպես են վերաբերում  «Եվրատեսիլ»-ին: Մասնակցելն ավելի շատ նոր երկրների ցանկությունն է, իսկ լուրջ երկրների համար դա զվարճանքի ծրագիր է:
-Բոլորը դուրս են գնում, Դուք դրսից եկել ու հաստատվել եք Հայաստանում:
-Անգլիայում էլ ես երաժշտական ոլորտում եմ աշխատել: Իմ պապիկի երազանքն է եղել, որ իր թոռներից մեկը Հայաստանում  ապրի: Ես ինձ այստեղ շատ հարմար եմ զգում, շատ եմ սիրում Հայաստանը, երբեք զոհաբերություն չեմ համարում այստեղ ապրելը:
Դրսում շատ եմ համերգներ ունենում, ներկայացնում ենք Հայաստանը, ես իմ ապագան այստեղ եմ պատկերացնում: Որպես քաղաքացի՝ միայն մի բան կուզեմ, որ փողոցում քայլելիս ժողովրդի կողմից պոզիտիվ էներգիա տեսնեմ, ավելի շատ ժպիտ, դրական լիցքեր ապագայի նկատմամբ:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս