ՎԱՆՔԵՐՆ ՈՒ ՏԱՃԱՐՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԴՊՐԱՆՈՑՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ 1983-ից սկսած ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների պահպանության միջազգային օր:
 «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հանրապետության մարզերում եւ մայրաքաղաքում հուշարձանների ու դրանց հարակից տարածքների մաքրման աշխատանքներ, երթեր, բաց դասեր եւ լուսանկարների ցուցադրություններ է նախատեսում անցկացնել: Մի քանի հազար աշակերտներ ու ՊՆ զորամասերի ժամկետային զինծառայողներ մաքրման ու բարեկարգման աշխատանքներ կիրականացնեն 500-ից ավելի հուշարձանների հարակից տարածքներում: Այս տարի ԻԿՕՄՕՍ-ը առաջարկել է այդ օրը նշել «Կրթության ժառանգությունը» խորագրի ներքո: Ի՞նչ է ենթադրում այդ խորագիրը, ինչպե՞ս է պահպանվում կրթության ժառանգությունը մեզ մոտ: Այս հարցերի պատասխանները փորձեցինք պարզել վերոնշյալ ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանից:
«Կրթությունն անբաժանելի է հայ ժողովրդից: Դեռ նախաքրիստոնեական շրջանից մեզ հայտնի վաղագույն հայ կրթատունը եղել է Երազամույն տաճարի քրմերի դպրոցը, որը ենթադրաբար գործել է «Զվարթնոց»-ի տեղում: Հայ կրթարանների պատմությունը կապվում է Մեսրոպ Մաշտոցի կողմից գրերի ստեղծմանը ձեռնամուխ լինելու հետ: Դարերի ընթացքում մեր վանքերն ու տաճարները դարձել են դպրանոցներ, հռչակվել որպես կրթական կենտրոններ…»,-ասաց Ա. Փիլիպոսյանը: Նա նշեց, որ այսօր էլ կրթության ժառանգության շատ կենտրոններ, որոնք գրանցված են պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, ծառայում են որպես կրթական օջախներ եւ որպես հայոց պատմության, մշակույթի հուշարձաններ՝ վկայում են հայկական դպրության ակունքների ու զարգացման ընթացքի մասին, ինչը պարտավորեցնում է առավել ուշադիր լինել դրանց պահպանման եւ սերունդներին փոխանցման հարցում. «Մեր մշակութային կրթությունն իրականացվում է նաեւ թանգարանների եւ գրադարանների միջոցով: Նախապես կազմված ծրագրի համաձայն՝ ՀՀ մշակույթի նախարարության մարզային գրադարաններում վերոնշյալ խորագիրը կրող միջոցառումների շարք կիրականացվի: Համոզված եմ, որ այդ միջոցառումները հաղորդակից կդարձնեն հանրությանը պատմության ու մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող կրթօջախներին»:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս