ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ըստ օրենքի՝ ես թոշակի պետք է անցնեի 63 տարեկանից՝ 2005թ. փետրվարի 12-ից: Բայց թոշակ ստացել եմ 2009թ. հոկտեմբերից: Սոցապծառայության տարածքային բաժնից պատճառաբանում են, որ ժամանակին դիմում չեմ ներկայացրել: Այդ ժամանակաշրջանում ինչ-ինչ պատճառներով երկրից բացակայում էի, բայց մինչեւ երկրից դուրս գալս ես համապատասխան դիմումը ներկայացրել եմ, սակայն այդ ժամանակ էլ ասացին, որ դեռ շուտ է, եւ չընդունեցին այն: Ասացե՛ք խնդրեմ՝ ում գրպանն է մտել իմ 4 տարվա թոշակը: Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի այն գոնե մասամբ հատուցվի:

Հովհաննես Վարդանյան (դերասան)


ՊԱՏԱՍԽԱՆ.
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվ. 1-ին մասի համաձայն՝ կենuաթոշակը դրա իրավունքն ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա նշանակում է կենuաթոշակ նշանակող uտորաբաժանումը` ըuտ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա՝ ՀՀ կենսաթոշակի իրավունք ունեցող անձի հաշվառման հասցեի մասին տվյալների: Կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացնում է անձամբ:
Օրենքի 34-րդ հոդվ. համաձայն՝ կենսաթոշակ նշանակվում է կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից (բայց ոչ շուտ, քան կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից), եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում: Այդ ժամկետից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից: Կենսաթոշակ նշանակելու ժամկետներին առնչվող որեւէ բացառություն օրենսդրությամբ սահմանված չէ:
Ելնելով վերոգրյալից՝ կենսաթոշակ նշանակելու մասին Ձեր դիմումին նախորդող ժամանակահատվածի համար Ձեզ կենսաթոշակի գումար վճարվել չի կարող:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարարության  կենսաթոշակային
ապահովության վարչություն   

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փորձը ցույց է տալիս, որ մեր իրականության մեջ շատ են նման դեպքերը, երբ թոշակառուները մի կերպ գոյություն են քարշ տալիս իրենց չնչին թոշակով: Հուսանք, որ առաջիկա տարիներին խոստացված «ապահով Հայաստանում» այս եւ նմանատիպ կարեւոր խնդիրները հնարավորինս նվազագույնի կհասնեն, հատկապես կենսաթոշակային ոլորտում:




Լրահոս