ՀԱՐՑ. Ես գրանցված եմ N 19 պոլիկլինիկայում ու տեղյակ եմ, որ բոլոր ստուգումներն ու անալիզներն իրականացվում են անվճար հիմունքներով: Սակայն հենց նույն պոլիկլինիկայից ինձ տեղեկացրին, որ դիսբակտերիոզի անալիզ հանձնելու համար պետք է վճարեմ տասը հազար դրամ: Արդյո՞ք այդպես է, պարտադի՞ր է վճարել, եթե այո, ապա ինչո՞ւ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Անուշիկ Խաչատրյանի հարցմանն ի պատասխան՝ հայտնում ենք, որ թեեւ սկսած 2006թ. ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունն անվճար է բնակչության բոլոր խավերի համար (անկախ սոցիալական պատկանելությունից), սակայն պետության կողմից տվյալ ծառայության համար երաշխավորված (բազային) ծավալներում ընդգրկվում են հետազոտություններ, որոնց տեսակները եւ գները հաստատվում են ՀՀ առողջապահության նախարարի կողմից՝ համաձայնեցվելով ՀՀ ֆինանսների նախարարության հետ եւ միանման են հանրապետության բոլոր պոլիկլինիկաների համար: Դիսբակտերիոզ հիվանդության հետազոտություններն ընդգրկված չեն պետության կողմից երաշխավորված անվճար հետազոտությունների եւ ծառայությունների ցանկում եւ դրանց գները հաստատվում են բժշկական կազմակերպությունների կողմից:
աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Մարինե Հայրապետյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ յուրաքանչյուր բժշկական կազմակերպություն՝ կախված իր «ախորժակից», ինքն է որոշում, թե ինչ գին սահմանի այդ պոլիկլինիկայում: Եվ բոլորովին գաղտնիք չէ, որ այս հաստատությունը կարող է 10.000 դրամ գին սահմանել, իսկ մյուսը, օրինակ, 30.000 դրամ: Տեսնես այս դեպքում նշված պատկան կառույցներից որեւէ մեկը կբարեհաճի՞ գոնե ժամանակ առ ժամանակ վերահսկել բուժհաստատությունների բարձիթողի վիճակը: