Իրականում ինչ է սպասվում ավտոապակիների լուսաթափանցելիության կարգին չհետևած վարորդներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ նոյեմբերի 3-ին Ճանապարհային ոստիկանությունը հայտարարեց, որ բոլոր վարորդներին խորհուրդ է տրվում իրենց տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիությունը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2005 թ. փետրվարի 24-ի «Վերգետնյա տրանսպորտային միջոցներում օգտագործվող անվտանգ ապակիների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 289-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետով սահմանված չափերին, իսկ առջևի հողմապակու և առջևի դռների թաղանթներն ընդհանրապես ապամոնտաժել (հեռացնել), այլապես Ճանապարհային ոստիկանությունն ստիպված կլինի կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:

ՃՈ-ն տեղեկացրեց, որ տրանսպորտային միջոցների հողմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75 տոկոսից ոչ պակաս, առջևի դռների ապակիներինը, առջևի կողային ապակիներինը (առկայության դեպքում) և այլ ապակիներինը` 70 տոկոսից ոչ պակաս: Հետին տեսանելիության 2 հայելիների առկայության դեպքում այլ ապակիների (հետևի դռների ապակիներ և հետևի դիտապակի) լուսաթափանցելիությունը կարող է լինել 70 տոկոսից ցածր:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի (50.000 դրամի) չափով:

ՃՈ հայտարարությունից անցել է մեկ ամիս: ArmLur.am-ը փորձեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերևի և լրատվության վարչությունից տեղեկանալ՝ ի՞նչ քանակությամբ խախտումներ են գրանցվել նոյեմբերի 3-ից մինչ օրս, ըստ այդմ՝ ընդհանուր որքա՞ն են տուգանվել ՃՈ հորդորներին չհետևած ավտովարորդները:

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ոստիկանությունից հայտնեցին, որ վարորդների մեծ մասն, առաջնորդվելով ոստիկանության տարածած հայտարարությամբ, հանել է հողմապակիների մգեցված թաղանթը, իսկ այն վարորդները, ովքեր դեռևս երթևեկում են մգեցված ապակիներով՝ ուղղակի զգուշացվում են (առանց տուգանքի)։

Ոստիկանության ՀԿԼ վարչությունից հայտնեցին նաև, որ ճանապարհային ոստիկանության ստուգայց-միջոցառումները սկսելուց մի քանի օր առաջ բնակչությանը կիրազեկվի։

Հարկ է նկատել, որ ոստիկանության նախնական հայտարարության համաձայն՝ «օրինախախտները» պետք է տուգանվեին: Մինչդեռ, պարզվում է՝ նրանք դեռևս զգուշացվում են: Իհարկե, ողջունելի է, որ վարորդները, անվտանգության նկատառումներից ելնելով, հետևում են ՃՈ հորդորներին, սակայն հասկանալի է, որ մի կողմից սահմանադրական փոփոխությունների, մյուս կողմից՝ Ամանորյա նախաշեմին տուգանքները պետք էր բացառել: Թերևս, մնում է սպասել 2016-ի հունվարին կայանալիք որոշումներին:




Լրահոս