ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ դեկտեմբերի 2-ին կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստի ընթացքում քննարկվել են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ԲՈՒՀ-երում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման խնդիրները և այլ հարցեր:
Նախարար Արտեմ Ասատրյանը, կարևորելով նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը, նշել է, որ գործող օրենքի համեմատ տարբերություններն էական են.
«Ի տարբերություն գործող օրենքի կարգավորումների, որը վերաբերում է միայն սոցիալական ապահովության հետ կապված խնդիրների կանոնակարգմանը, այս օրենքի նախագիծը իր մեջ ներառում է նոր քաղաքականություն, որը ներդրվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքերի պաշտպանության ոլորտում: Դա առաջին հերթին հավասար հնարավորությունների, մատչելի միջավայրի և այլ անհրաժեշտ հավասար պայմանների ստեղծումն է հաշմանդամություն ունեցող անձանց համար, որպեսզի մենք կարողանանք իսկապես լուծել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները»,- ասել է նախարարը:
Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրականացվող աշխատանքների մասով նախարարը հատկապես կարևորել է սոցիալական մոդելի ներդրումը, այսինքն՝ բժշկական մոդելից անցումը բժշկասոցիալական մոդելի, ուստի կարևորվելու է անձի ոչ միայն առողջական վիճակը, այլ նաև՝ շրջակա միջավայրի ազդեցությունը անձի կենսագործունեության վրա:
Այս առումով վերջին տարիներին մեծ աշխատանքներ են իրականացվել, ստեղծվել է փորձագիտական խումբ և առաջիկա տարվա ընթացքում արդեն նոր մոդելի վերաբերյալ առաջարկը կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:
«Նոր մոդելն ավելի շատ մարդակենտրոն է և հնարավորություն է տալու հաշմանդամություն ունեցող անձանց առավել ներգրավված լինել հասարակական կյանքում»,- ասել է նախարար Արտեմ Ասատրյանը:
Նիստի ընթացքում հնչել են կարծիքներ և առաջարկություններ, որոնց շուրջ նախարարն առաջարկել է առանձին քննարկումներ կազմակերպել:
Ազգային հանձանժողովի նիստին մասնակցել են տարբեր գերատեսչությունների պաշտոնյաներ, տեղական ինքնակառավարման մարմինների և հաշմանդամության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին