Կապանում 76-ամյա տղամարդու սպանության գործով մեղադրանք է առաջադրվել տուժողի կնոջը. նա կալանավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ նոյեմբերի 29-ին, Հանրապետությունում սպանության հերթական դեպքն է գրանցվել: Այս անգամ՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում: Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է ներկայացնում:

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով 76-ամյա տղամարդու սպանության համար մեղադրանք է առաջադրվել տուժողի կնոջը։
76-ամյա Ռ.Հակոբյանի դին հայտնաբերվել է 2015 թվականի նոյեմբերի 29-ին՝ գլխի շրջանում ներհրված, ջնջխված վնասվածքներով, իր տան բազմոցին պառկած։ Դեպքի վարի զննությամբ տուժողի կնոջ մահճակալի տակից հայտնաբերվել է կացին և մուրճ՝ արնանման հետքերով: Նմանատիպ հետքեր են հայտնաբերվել նաև կնոջ հողաթափերի վրա:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ռ.Հակոբյանի 64-ամյա կնոջն այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):
Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։
Նկատի ունենալով, որ սպանության մեջ մեղադրվող կինը 1976 թվականից հաշվառված է «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում՝ նրա նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն։
Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս