Սեյրան Օհանյանի կնոջ գործը « հարված էր գոտկատեղից ներքև». փնտրվում է գոյություն չունեցո՞ղ լրագրող. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ նրա կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, դեռեւս հունիսի սկզբին դիմել էին ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել այս տարվա գարնանը լույս տեսած մի շարք հրապարակումների հեղինակներին, ըստ որոնց՝ նախարարի կինը, վարելով իր նախկին ընկերոջ ավտոմեքենան, վթարի է ենթարկել այն, ինչի արդյունքում մահացել է գործարար Փայլակ Հայրապետյանի որդին` Հովիկը: Ավելի ուշ՝ նոյեմբերի 8-ին, դատախազությունը որոշում կայացրեց հրապարակման հիման վրա ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի 1-ին մասով (սուտ մատնությունը) քրեական գործ հարուցել, իսկ, ահա, հարուցված քրեական գործի քննությունը հանձնարարվել է ՀՀ  քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությանը:

Գրել էինք, որ վերոնշյալ նյութի հեղինակը «Հայկական ժամ» կայքի լրագրող Ալիս Խեչոյանն էր: Ի դեպ, նշենք, որ ըստ կայքի խմբագիր Աննա Գեւորգյանի՝ արդեն երկար ժամանակ է՝ տեղյակ չէ, թե որտեղ է գտնվում լրագրողը, եւ, առհասարակ, նրա  մասին որեւէ տեղեկություն չունի:

Դեկտեմբերի 1-ին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Հայկական ժամ» կայքի խմբագիր Աննա Գեւորգյանը հայտնեց, որ իրեն հրավիրել են ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչություն՝ հարցաքննության: Ըստ խմբագրի` քննիչը իրենից հետաքրքրվել է, թե որտեղ կարող է լինել հրապարակման հեղինակ Ալիս Խեչոյանը. «Ասում էին՝ նկարագրեք Ալիս Խեչոյանին, հեռախոսահամարներն ունեք նրանից, թե ոչ, ում հետ է կապ ունեցել եւ նման այլ հարցեր: Ինչպես նաեւ հայտնել եմ, որ մենք իր հետ կապ չունենք, եւ նա այլես կայքում նյութ չի հրապարակում»:

Իսկ կա՞ ընդհանրապես նման անուն- ազգանունով մարդ, թե՞ Ալիս Խեչոյան անուն-ազգանունը ծածկանուն էր: «Ժողովուրդ»-ի այս հարցին Աննա Գեւորգյանը պատասխանեց. «Նման լրագրող եղել է, եւ ես հանդիպել եմ նրա հետ, սպասենք դեպքերի զարգացմանը, տեսնենք, թե ինչ ընթացք կունենա գործը»:

Մեր այն դիտարկմանը, թե ընդունո՞ւմ եք, որ հրապարակված նյութը, որտեղ  Ռուզաննա Խաչատրյանին մեղադրում են վթարի մեղսակից լինելու մեջ, լուրջ հարված չէր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին եւ, առհասարակ, նրա ընտանիքին, Աննա Գեւորգյանը պատասխանեց. «Գոտկատեղից ներքեւ հարվածը մեր խմբագրությանն է հասցվել, քանի որ արդեն տեւական ժամանակ է, ինչ խաթարված է մեր բնականոն գործունեությունը, եւ ստեղծված իրավիճակը գոտկատեղից ներքեւ հարված է անկախ մամուլի նկատմամբ: Եթե իրենց հաջողվի այս պատժաձեւը կիրառել լրագրողի նկատմամբ, ապա սա թափվելու է ողջ լրագրողների գլխին»:

Աննա Գեւորգյանից տեղեկացանք, որ այս գործի շրջանակներում դեկտեմբերի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչություն են հրավիրել կայքի լրագրող Հերմինե Մանուկյանին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս