Անցյալ տարի Օմբուդսմենի մշտադիտարկման արդյունքում բազում մտահոգիչ խնդիրներ արձանագրվեցին նաեւ ութ այլ հատուկ դպրոցներում, որոնք գտնվում էին Երեւանի Քաղաքապետարանի, Տարածքային կառավարման նախարարության եւ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ: Այդ խնդիրների մեծ մասն այսօր արդեն լուծում է ստացել:
Արդեն այս տարի Երեւանի քաղաքապետարանը վերանորոգել եւ կահավորել է Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 2 հատուկ դպրոցի /119 երեխա/ խաղասենյակները, ննջարաններն ու դահլիճը: Ննջարանների գույքն ամբողջովին նորացվել է, փոխվել են մահճակալներն ու հագուստի պահարանները, երեխաների ապրուստը բարելավելու համար ձեռք է բերվել նաեւ անհրաժեշտ այլ կահույք:
Տարածքային կառավարման նախարարության աշխատանքի շնորհիվ բարեկարգվել է Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ դպրոցի /58 երեխա/ ողջ տարածքը, սալիկապատվել են խոհանոցն ու լոգարանները, կարգավորվել է ջրահեռացման խնդիրը: Բարեկարգվել է եւ համակարգիչներով է համալրվել համակարգչային դասասենյակը: Սկսվել են խաղահրապարակի կառուցման աշխատանքները:
Նույն նախարարության ենթակայության տակ գտնվող մի շարք այլ դպրոցներում եւս էական բարելավում է տեղի ունեցել: Այսպես, Աբովյանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ դպրոցում /44 երեխա/ այս տարի արդեն ննջարանները բարեկարգ են: Ի տարբերություն նախորդ այցի՝ այժմ չի հայտնաբերվել ժամկետանց սնունդ, ձեռք է բերվել անհրաժեշտ դեղորայք: Բացի այդ, տեղադրվել է թեքահարթակ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների տեղաշարժն ապահովելու համար: Աշտարակի թիվ 1 հատուկ դպրոցի /45 երեխա/ խոհանոցն ու ճաշարանը վերանորոգվել են եւ համալրվել նոր գույքով, միջանցքներում լուծվել է պատշաճ լուսավորման հարցը: Դպրոցում կա անհրաժեշտ դեղորայք, վերացվել են բժշկական փաստաթղթերում եւ դասամատյաններում եղած թերությունները, իսկ երեխաների հանդեպ կոպիտ վարք ցուցաբերած դաստիարակները ենթարկվել են կարգապահական տույժի: Գորիսի եւ Սիսիանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հատուկ դպրոցներում /70 երեխա/ լուծվել են ջրամատակարարման եւ տաք ջրի խնդիրները: Վանաձորի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ դպրոցում /78 երեխա/ կարգավորվել է սննդի տրամադրման գործընթացը: Դպրոցում լուծվել է նաեւ տաք եւ սառը ջրի ապահովվածության հարցը, ինչպես նաեւ դպրոցը ձեռք է բերել տրանսպորտային միջոց:
Աշխատանքի եւ Սոցիալական հարցերի նախարարության հետ սերտ համագործակցության արդյունքում Կապանի երեխաների խնամքի եվ պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում /69 երեխա/ եւս դրական առաջընթաց կա. բարեկարգվել են հաստատության ննջարանները ու խաղասենյակները, վերանորոգվել են լոգարանները:
Վերը նշված դպրոցներում դեռեւս մնացել են մի շարք խնդիրներ, սակայն հուսադրող եւ դրական է այն, որ այդ դպրոցների համար պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներն ընդունել են դրանց առկայությունը եւ պատրաստակամություն են հայտնել հնարավորինս արագ եւ արդյունավետ վերացնել Օմբուդսմենի վերհանած եւ իրենց ներկայացրած բոլոր թերացումները: