«Համո Սահյան պոեզիայի կենտրոն» ՀԿ նախագահ, բանաստեղծի որդի Նաիրի Սահյանը վաճառքի է հանել հոր անտիպ արխիվը: Նա այդ քայլին դիմել է, որպեսզի ստացված գումարով վերականգնվի գրողի հուշաքարը, Երեւանում բացվի Համո Սահյանի արձանը, Լոր գյուղում` թանգարանը:
Նաիրի Սահյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ թանգարանը գրողի հարազատ գյուղում պետք է բացվեր դեռեւս երկու տարի առաջ. «Մանր-մունր աշխատանքներ կան, որոնք մինչեւ հիմա ավարտին չեն հասցվել: Բանաստեղծի ծննդյան 100-ամյակին ստեղծվեց հոբելյանական հանձնաժողով, գնացինք Կառավարություն, որոշվեց, որ պետք է անցկացվի համերգ, տեղի ունենա տուն-թանգարանի բացումը: Արդյունքում համերգը կայացավ, բայց թանգարանի բացումը` ոչ: Նախատեսվում է թանգարանի բակում տեղադրել Սահյանի կիսանդրին, որն, ի դեպ, պատրաստ է, Գետիկ Բաղդասարյանի մոտ է, բայց անհրաժեշտ է դրա տակ պատվանդան սարքել: Այս եւ այլ գործեր մշակույթի նախարարությունն ու մարզպետարանը իրար վրա են գցում»:
Ինչ վերաբերում է բանաստեղծի հուշարձանին, Ն. Սահյանը տեղեկացրեց, որ պետությունը հուշարձանի համար տեղ է հատկացրել Երեւանում (Շախմատի տան հետեւամասում), միայն այսքանը. «Մնացած ծախսերն արդեն մենք պետք է հոգանք»,-ասաց նա:
Բացի դրանից` Համո Սահյանը Կասյան 3 հասցեում հուշաքար ունի, որն այսօր անմխիթար վիճակում է. «Շենքի պատերը մաքրելուց դիմաքանդակը վնասվել էր, քաղաքապետին գրեցի, մարդ ուղարկեցին, կատեգորիկ կերպով հրաժարվեցին իրենց մեղքից, հետո այդ ներկայացուցիչը կոպիտ կերպով ասաց՝ դե, լավ, 100 հազար դրամ կտամ, ես չվերցրեցի նախ, որովհետեւ այդ քանդակի վերականգնումն ավելի մեծ գումար էր պահանջում, եւ հետո` փողն այդպես չեն տալիս, դուք փչացրել եք, դուք էլ գումարը փոխանցեք քանդակագործին պայմանագրով հանդերձ: Ես հո չէի՞ գնացել իրենցից փող մուրալու: Ձեւ կա, օրենք կա: Բայց իրենք ուզում էին բերանս փակեն, որ ձայնս կտրեմ»,-պատմեց գրողի որդին:
Նրա խոսքով` ինքը ոչ մի օգնող ձեռք չունի, ուստի միակ ելքը տեսնում է հոր անտիպ արխիվը վաճառքի հանելու մեջ. «Ո՛չ պետություն կա, ո՛չ մարդիկ. Ամեն բան մնաց իմ ուսերին, արդեն 4 տարի է` պայքարում եմ այս խնդիրները լուծելու համար, սակայն ապարդյուն»,-ասաց նա:
Արխիվի վաճառքից ստացված գումարն, ըստ նրա, ոչ բոլոր անհրաժեշտ ծախսերը կփակի, բայց ինչ-որ չափով խնդիրները կլուծի:
Բանաստեղծի որդին պատմեց, որ ով վաճառքի հանված արխիվը տեսել է, ապշել է, բայց նրանք փող չունեն, որ գնեն. «Մեկն ասաց՝ սա գին չունի, ո՞նց է ձեռքդ գնում` վաճառես, ես կդիմեմ հարուստ օլիգարխների: Դիմել էր, բայց պատասխան չէր ստացել: Մենք դիմեցինք նաեւ թանգարաններից մեկին, այդ արժեքներին ծանոթանալով` ապշեցին, բայց հետո զանգեցին, հրաժարվեցին ձեռք բերել, երեւի բերանները փակել էին: Ինձ չեն սիրում, ես մի քանի անգամ ճիշտն բաներ եմ ասել, իրենց մարդը չեմ, ճանապարհս փակում են. այլ բան մտածել չեմ կարող…»:
Ն. Սահյանը շեշտեց, որ ամենեւին ցանկություն չունի գումար մուրալու. «Մի կողմ դնենք, որ Համո Սահյանը հայրս է, չէ՞ որ նա մեր մեծերից է, մեր ազգի պատվի հարցն է նրա հիշատակը վառ պահելը…»:
Աննա Բաբաջանյան