Կաթողիկոսն ընդունեց պապական նվիրակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Անդրկովկասում պապական նվիրակ Նորին Սրբազնություն Մարեկ արքեպիսկոպոս Սոլչինսկուն:
Հանդիպմանը Մարեկ արքեպիսկոպոսն Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց Հռոմի Ֆրացիսկոս պապի նամակը, որով Սրբազան Քահանայապետը շնորհակալություն է հայտնում Վեհափառ Հայրապետին իր ընտրության առիթով հղված շնորհավորական գրության, ինչպես նաև գահակալության արարողությանն անձնապես ներկա գտնվելու համար: 
“Առանձնակի ուրախություն էր ինձ համար կարողանալ ողջունել Ձեզ Հռոմում իմ առաքելության գահակալությանը…: Ակնկալում ենք շարունակել զորացնել այն բարեկամությունը, որ մենք մի քանի տարի արդեն վայելել ենք”, – ասված է Ֆրացիսկոս պապի նամակում: 
Իր խոսքում շնորհակալություն հայտնելով ջերմ գրության համար` Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերհիշեց իր հանդիպումները Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ ինչպես Արգենտինայում նրա առաջնորդության շրջանում, այնպես և Վատիկանում: Նորին Սրբությունը պապական նվիրակի միջոցով Հռոմի պապին փոխանցեց եղբայրական իր ողջույնները և արդյունաշատ գահակալության բարեմաղթանքները: 
Զրույցի ընթացքում նաև անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու ջերմ հարաբերություններին, մասնավորապես Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Վատիկանի միջև ձևավորված սերտ համագործակցությանը:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:




Լրահոս