Թուրքիան և Ադրբեջանը, որոնք չափազանց կարևոր համատեղ ծրագրեր են իրականացնում, դրանով իսկ միավորում են Եվրոպան և Ասիան: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն. փոխանցում է Trend.az-ը:
Նրա խոսքով՝ կարևորագույն ծրագրերից է Տրանսանատոլիական խողովակաշարի նախագիծը (TANAP), որը թույլ է տալիս մեծացնել Թուրքիա ադրբեջանական գազի մատակարարման ծավալներն ու հանել այն Եվրոպա:
«Էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ մեր հարաբերություններն օրեցօր զարգանում են, և սա որևէ կերպ կապ չի կարող ունենալ ռուս-թուրքական հարաբերությունների սրման հետ»,-ասել է Դավութօղլուն:
«Մեզ համար կարևորագույն խնդիրներից մեկը Հայաստանի կողմից Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրումն է»,-հավելել է նա:
Նշենք, որ TANAP ծրագիրը նախատեսում է գազի մատակարարում թուրք-վրացական սահմանով ադրբեջանական «Շահ Դենիզ» գագամուղից մինչև Թուրքիայի արևմտյան սահման: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 10 միլիարդ դոլար:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան