Նոյեմբերի 27-ին հայտնի էր դարձել, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ հայտնելով, թե ՀԱԿ հանձնաժողովի անդամ Վարդան Հարությունյանին կաշառելու փորձ է արվել: Պատգամավորի հաղորդման հիման վրա դեկտեմբերի 1-ին հատուկ քննչական ծառայությունը ձերբակալեց Կենտրոն վարչական շրջանի աշխատակից Զավեն Միրիջանյանին, որը 1-03 շտապ բուժօգնության ծառայության պետի օպերգծով տեղակալ Վահե Միրիջանյանի եղբայրն է:
Հիշեցնենք, որ քրեական գործ հարուցելու հիմքում ընկած է տեսագրությունը, որտեղ թիվ 9 ընտրատարածքի 2-րդ տեղամասի հանձնաժողովի անդամ Զավեն Միրիջանյանը փորձել է կաշառել ՀԱԿ հանձնաժողովի անդամ Վարդան Հարությունյանին: Իսկ ի՞նչ պետք է աներ ՀԱԿ անդամը, եթե վերցներ կաշառքը: Ըստ ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի՝ նա կաշառքի դիմաց պետք է իր լիազորությունները որոշակի ժամանակահատվածում չկատարեր` հնարավորություն տալով ընտրակեղծիքներ իրականացնել: Իսկ ո՞վ է Զավեն Միրիջանյանը:
Անձնագիրը փախցնել է տվել
Դեռեւս 2013 թվականի նախագահական ընտրություններին Զավեն Միրիջանյանը եղել է Երեւանի թիվ 09/02 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը: Նրա հովանավորը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն է: Պարզվում է, որ Զավեն Միրիջանյանի ղեկավարությամբ գործող ընտրատեղամասում մինչ այս տեղի ունեցած ընտրություններն այդքան էլ հարթ չեն անցել: ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ Նար-Դոսի փողոցում՝ Նալբանդյանի անվան դպրոցում տեղակայված թիվ 09/02 տեղամասում մի ընտրող փորձել էր ուրիշի անձնագրով քվեարկել, սակայն երբ վստահված անձինք միջամտել էին, նա վազելով դուրս էր փախել:
Հանձնաժողովի նախագահ Զավեն Միրիջանյանն էլ լրատվամիջոցներին հաստատել էր միջադեպը` փորձելով վստահեցնել, թե. «Ուրիշի անձնագրով չի եկել»: Նկատենք, որ մինչ հանձնաժողովի անդամը փախուստի դիմաց քաղաքացուն ցանկացել էր փրկել անցանկալի հետեւանքներից, վերոնշյալ ընտրատեղամասում գտնվող վստահված անձինք ուշագրավ մանրամասներ էին պատմել տեղի ունեցած խախտումից: Երբ վստահված անձինք քվեարկած քաղաքացիներից երկուսին խնդրել էին ցույց տալ իրենց անձնագրերը, պարզվել էր, որ դրանցում քվեարկությունը հաստատող կնիք չկա: ՀՀԿ-ական հանձնաժողովի նախագահ Զավեն Միրիջանյանը ենթադրել էր, որ թանաքը, հավանաբար, ցնդել է: Ավելի ուշ Միրիջանյանը վերցրել էր քաղաքացու անձնագիրը` իբր ստուգելու համար, սակայն ակնհայտորեն հասկացրել էր երիտասարդին, որ խլի իր ձեռքից անձնագիրն ու դիմի փախուստի, ինչն էլ երիտասարդը հաջողությամբ արել էր ու այդպես էլ մնացել անպատիժ:
Եւ եթե դեռեւս 2013 թվականին իրավապահները նշված ընտրատեղամասում արձանագրված խախատումների մասով քննություն սկսեին եւ հասկանային, թե ով է ուղղորդել քաղաքացիներին կրկնակի քվեարկություն իրականացնել, եւ ինչու է Զավեն Միրիջանյանը քաղաքացուն ասել` փախի, ըստ էության, 2 տարի անց չէինք ունենա հանցափորձի թարմ դեպքը` կաշառքի տեսքով:
Նախարարի թիմակիցն է
Զավեն Միրիջանյանը տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիմակիցն, իսկ վերջինս էլ համարվում է Սերժ Սարգսյանի վստահելիներից մեկը` ի հեճուկս նրա երիտասարդ թիմի: Սակայն դա չխանգարեց, որ դատախազությունը նրան կալանավորելու հրաման տա:
Ձերբակալվածի եղբայրը չի հավատում
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում 1-03 շտապ բուժօգնության ծառայության պետի օպերգծով տեղակալ Վահե Միրիջանյանը, որը ձերբակալված Զավեն Միրիջանյանի եղբայրն է, ասաց, թե չի հավատում, որ եղբայրը կարող էր ՀԱԿ անդամին կաշառք առաջարկել:
-Կաշառքի մասին հրապարակվեց դեռեւս նոյեմբերի 28-ին, իսկ, ահա, Ձեր եղբորը ձերբակալեցին երեք օր անց, մի՞թե մինչ այդ Ձեր եղբորից չհետաքրքրվեցիք, թե ինչ է կատարվում:
-Քննող մարմիններից հարցրեք, ինչո՞ւ եք ինձ հարցնում: Չեմ խոսել իր հետ, տեղեկություն չունեմ, ինչքան Դուք եք տեղյակ, այդքան էլ ես գիտեմ, այլ բան չգիտեմ:
-Ընդունենք, որ տեղյակ չեք, իսկ հավատո՞ւմ եք առաջադրված մեղադրանքի հիմքերին:
-Միանշանակ՝ ոչ:
-Ձեր եղբայրն է, դրա համա՞ր եք այդպես ասում, թե՞ իսկապես չէր կարող գնալ այդ քայլին:
-Դուք հարցնում եք՝ կարող էր անել, ես ասում եմ, որ ոչ: Այլ բան չեմ կարող ասել:
Քնար Մանուկյան