Մեծ է անասնաբուծությունը մեր երկրում զարգացնելու ներուժը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության գյուղատնտեսության նախկին նախարար, Հորդանանյան Բադիայի զարգացման Հաշիմյան հիմնադրամի տնօրեն Սայիդ ալ-Մասրիին, Խայրաթ Բլադի ընկերության տնօրեն Վալիդ Սայիդին, Հորդանանում ՌԴ պատվավոր հյուպատոս Արթուր Մկրտիչևին և ՌԴ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ից, հանդիպման նպատակն է եղել քննարկել մեր հանրապետությունից թե Հորդանան, թե արաբական այլ երկրներ մանր եղջերավոր կենդանիների արտահանման հնարավորությունն և գյուղատնտեսության այս ճյուղի զարգացման հեռանկարները: Ծառայության պետը նշել է, որ մեծ է անասնաբուծությունը մեր երկրում զարգացնելու ներուժը, և կառավարությունն այսօր քայլեր է ձեռնարկում արտահանման ուղղություններն ընդլայնելու և ոլորտն աշխուժացնելու ուղղությամբ: Հյուրերը հետաքրքրված են այս տարածաշրջանի, մասնավո րապես, Հայաստանում բուծվող կենդաների ցեղատեսակների արտահանմամբ և համարում են դրանք մրցունակ իրենց շուկայում: Սայիդ ալ-Մասրիի խոսքերով, իրենք ակնկալում եմ համագործակցության արդյունքում ավելացնել Հայաստանից մանր եղջերավոր կենդանիների արտահանման ծավալները, ստեղծել դրա համար կայուն հիմքեր, զարգացնել ոլորտը:

Ներկայացնելով մեր հանրապետության անասնաբուժական վերահսկողության համակարգը և անասնահամաճարակային իրավիճակը` ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանն ընդգծել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանում չեն գրանցվել կենդանիների սուր վարակիչ հիվանդությունների դեպքեր, դաբաղի վերջին դեպքը եղել է 2004 թվականին: Միաժամանակ ներկայացրել է, որ պետպատվերի շրջանակներում իրականացվում է գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագիր՝ կանխարգելելու նպատակով 10-12 հիվանդություններ, ինչն իր հերթին նպաստում է նաև սահմանակից երկրներից կենդանական հիվանդությունների հնարավոր ներթափանցումն ու տարածումը կանխելուն:

Հանդիպմանը կարևորվել է կենդանիների արտահանումն ու տեղափոխումը Հայաստանի և Հորդանանի միջև ուղիղ բանակցությունների միջոցով ապահովելու հանգամանքը: Նշվել է, որ երկու երկրների պետական լիազոր մարմինները կարող են կամուրջ դառնալ մասնավոր կազմակերպությունների միջև, և այս համատեքստում կարող է կարևոր նշանակություն ունենալ գարնանը Հորդանանում կազմակերպվելիք՝ գյուղատնտեսական կենդանիների ու մսամթերքի ցուցահանդես-կոնֆերանսը, որին մասնակցելու հրավեր ստացել է նաև հայկական կողմը:




Լրահոս