Այսօր ամբողջ աշխարհում աղջիկներն ու տղաներն առանց որևէ ենթատեքստի ամուր գրկում են իրար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 4-ին ամբողջ աշխարհում տոնվում է ամենաանսովոր տոներից մեկը` Գրկախառնության միջազգային օրը: Այն սկիզբ է առել ԱՄՆ-ում` 1986 թվականին: Տոնի ավանդույթի համաձայն` այդ օրը նույնիսկ կարելի է գրկախառնվել անծանոթի հետ: Օրը նշվում է նաև հունվարի 21-ին:

Չնայած գրկախառնության տոնը բավականաչափ երիտասարդ է, սակայն դժվար է հստակ ասել, թե ով է նրա հեղինակը, և ինչու է այն տոնվում հենց երկու տարբեր օրեր: Ըստ յուրատեսակ լեգենդի` բարեկամական գրկախառնությամբ մարդիկ միմյանց են փոխանցում իրենց հոգու ջերմությունը: Հենց այս օրն ամբողջ աշխարհում աղջիկներն ու տղաներն առանց որևէ ենթատեքստի ամուր գրկում են միմյանց:

Գրկախառնվելն այսօր աշխարհի գրեթե բոլոր երկրներում բարևելու միջոց է, որն արտահայտում է բարևողների մտերմիկ, ընկերական կամ ոչ ընկերական հարաբերությունը: Հայերիս մոտ, սակայն, այն բախվում է սեռական բնույթի խնդրի հետ: Այսօր, թերևս քիչ են այն երիտասարդ տղաները, ովքեր կարող են զուտ ընկերական նկատառումներով համբուրել իրենց մտերիմ ընկերուհիներին. ազգային մտածելակերպի համաձայն` դա անթույլատրելի է, քանի որ տղան պետք է միայն տղային բարեւելիս գրկախառնվի, եթե իհարկե իգական սեռի ներկայացուցչի հետ հարաբերությունները բարեկամական չեն. իսկ աղջիկը, առավել եւս, իրավունք չունի որևէ մտերիմ ընկերոջ այդ ձևով բարևելու:

Բայց ահա եվրոպական երկրներում ամեն բան ճիշտ հակառակն է. այնտեղ միմյանց բարևելիս տղաները չեն գրկախառնվում. դա անում են բարևին փոխարինող մի քանի պայմանական ժեստերի միջոցով: Այնտեղ նորմալ եւ ողջունելի է նաև տղա-աղջիկ և աղջիկ-աղջիկ ձևաչափերով գրկախառնվելը բարևելու ժամանակ: Հայաստան եկած օտարեկրացիներին, բնականաբար, զարմանք է պատճառում տղաների ախպերական գրկախառնությունը. եվրոպացիներ են, անմիջապես ծուռ մտքերով են տարվում:

Գիտնականները նշում են, որ կատարյալ երջանկության համար յուրաքանչյուր ոք օրական առնվազն 8 անգամ պետք է գրկախառնվի: Հաճա՛խ գրկախառնվեք ձեր մտերիմների, հարազատ ընկեր-ընկերուհիների, բարեկամների հետ. գուցե մի օր վերանա այն կարծրատիպը, որ տղան զուտ ընկերական, մաքուր մտքով չի կարող գրկախառնվել իր մտերմուհու հետ: Ինչու՞ ոչ. չէ՞ որ անցյալում են արդեն այն ժամանակները, երբ մարդիկ հաստատակամորեն նշում էին, թե տղա եւ աղջիկ իսկական անշահախնդիր ու մաքուր ընկերություն (ախպերություն) չեն կարող անել:




Լրահոս