ԱՅՍՕՐ ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՀԱՎԱՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ժամը 18.00-ին, Ազատության հրապարակում կմեկնարկի սահմանադրական փոփոխությունների դեմ կազմավորված «Նոր Հայաստան» ճակատի հրավիրած շուրջօրյա հանրահավաքների շարքը: «Մոտենում ենք եզրագծին, առաջիկա օրերը արտառոց օրեր են լինելու հայ ժողովրդի համար»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է «Նոր Հայաստան» շարժման շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյանը: Վերջինս նաեւ ասել է, որ իրենք երեկ քաղաքապետարանին իրազեկել են հավաքի վայրում վրաններ տեղադրելու մասին, սակայն դեռեւս պատասխան չէին ստացել: Հավաքի հետագա զարգացմումների տարբերակների վերաբերյալ հարցին Սէֆիլյանը պատասխանել է: «Քաղաքացիական անհնազանդության տարաբնույթ տեսակներ գոյություն ունեն: Մենք այդ օրը տարբերակներ կառաջարկենք մեր ժողովրդին, ինչու չէ, նաեւ կլսենք ժողովրդի առաջարկները: Լսելով եւ զգալով մեր ժողովրդի տրամադրությունները՝ պետք է շատ շուտ ամփոփենք եւ որոշենք, թե ինչ ենք անելու: Քանի որ անհնազանդության ձեւերը տարաբնույթ են, վերջնական որոշումը տեղում կկայացվի, բայց փաստ է, որ արդեն որոշում ունենք այդ օրը տուն չվերադառնալ»,- ասել է Սէֆիլյանը: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ սահմանադրական փոփոխությունները որպես առիթ օգտագործելով իշխանափոխության հասնելու կողմնակիցների հռչակած գործողությունների պլանը թեւակոխում է ավարտական փուլ, ուստի մի քանի օրից արդեն պարզ կլինի՝ ոչ-ի ճակատին կհաջողվի՞ իր խոստումներն իրագործել, թե՞ ոչ:

 

 
Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փակ նիստում ասել է, որ ԼՂ խնդրի կարգավորման բանակցություններում հայկական կողմը միշտ պատրաստ է նախագահների մակարդակով հանդիպման, սակայն ադրբեջանական կողմը տարբեր պատճառներով խուսափում է հանդիպումից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախարարը հավելել է նաեւ, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին այցի ժամանակ Հայաստանի առջեւ որեւէ պայման չի դրվել, եւ տարածքներ զիջելու պահանջի մասին լուրերը կեղծ են: Երեկ մենք փորձեցինք ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանից մեկնաբանություն ստանալ պատգամավորների հետ հանդիպման մասին լուրերի առնչությամբ: «Փակ հանդիպումների մասին այլ աղբյուրների տեղեկատվությունը չեմ մեկնաբանում: Իսկ նախագահների մակարդակով հանդիպման մասով կարող եմ ասել, որ համանախագահների կողմից նման առաջարկ եղել է: Եթե պայմանավորվածություն լինի, ապա դրա մասին պատշաճ ժամկետներում կհայտնվի»,- ի պատասխան «Ժողովուրդ»-ին հայտնեց Տ. Բալայանը:

 

 

 
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ավագ եղբայրը` Կորյուն Հակոբյանը, նշանակվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական: Համապատասխան որոշումը վարչապետը ստորագրել է նոյեմբերի 27-ին: Կորյուն Հակոբյանն իր քույրիկի պես սովետական տարիներին կոմկուսի նոմենկլատուրայի ներկայացուցիչներից է եղել: Իսկ Հայաստանի անկախանալուց հետո սահուն ձեւով իր կոմունիստական հայացքների մասին մոռացել է եւ սկսել է յուրացնել ազատական գաղափարախոսությունը: Վերջին քսան տարիներին նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել` հիմնականում ընդերքի վերահսկողությամբ զբաղվող պետական օղակներում: Մասնավորապես, մինչեւ այս տարվա կեսը նա եղել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կոնցեսիոն գործակալության պետը, ընդերքի տրամադրման գործակալության պետը: Իսկ թե ինչ խորհուրդներ պետք է տա Հովիկ Աբրահամյանին նախկին կոմունիստ, այնուհետեւ պահպանողական ՀՀԿ անդամ դարձած Հակոբյանը, դժվար է ասել: Բայց հաստատ տնտեսության ազատականացման հետ կապ չի ունենա:

 

 

 
ՀՀ կենտրոնական բանկի՝ երեկ հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հոկտեմբերին ֆիզիկական անձանց անունով արտերկրից Հայաստան եկած ոչ առեւտրային տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 80 մլն 12 հազար դոլար` անցած տարվա 133 մլն 479 հազար դոլարի դիմաց: Զուտ ներհոսքը դա Հայաստան եկած եւ մեր երկրից արտերկիր փոխանցված գումարների տարբերությունն է: Ընդհանուր այս տարվա տասն ամիսներին ոչ առեւտրային տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 743 միլիոն 566 հազար դոլար, անցած տարի այդ թիվը եղել է մեկ միլիարդ 203 մլն 733 հազար դոլար: Այսինքն՝ ընթացիկ տարում` հունվար-հոկտեմբերի ժամանակահատվածում, անցած տարվա հետ համեմատ բանկային փոխանցումներով Հայաստան եկած ոչ առեւտրային տրանսֆերտների զուտ ներհոսքը նվազել է 460 մլն 167 հազար դոլարով: բերված տվյալները վկայում են, որ արտերկրում բնակվող իրենց հարազատների ուղարկած միջոցներով ապրող Հայաստանի բնակիչներն այս տարի «աղքատացել» են կես միլիարդ դոլարի չափով:

 

 

 

ԵՐԿԱԿԻ

Եվրամիությունը, փորձելով կանխել միգրացիոն ճգնաժամի նոր ալիքը, Թուրքիային խոստացել է երեք միլիարդ եվրոյի աջակցություն, եթե վերջինս ուժգնացնի ներգաղթյալների հոսքի վերահսկողությունը: Նկատենք, որ Թուրքիան հենց այդ չափի ֆինանսական աջակցություն էր պահանջել Եվրոպայից` իր տարածքում ապաստանած փախստականներին պահելու դիմաց: Սակայն անցած երեք ամիսների ընթացքում, երբ միգրացիոն ճգնաժամի առավել սուր փուլն էր, Եվրամիության կողմից որեւէ արձագանք չեղավ՝ ի պատասխան Թուրքիայի պահանջների: Եւ հիմա, երբ աննախադեպ կերպով սրվել են Թուրքիայի եւ Ռուսաստանի Դաշնության հարաբերությունները, եւ արդեն իսկ Ռուսաստանը հայտարարել է Թուրքիայի նկատմամբ զգալի տնտեսական պատժամիջոցների կիրառման մասին, Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնում ընդառաջելու Թուրքիայի ոչ միայն այս, այլեւ մի շարք այլ պահանջներին: Մասնավորապես, բացի 3 միլիարդ եվրոյի աջակցությունից՝ Եվրամիությունը խոստանում է քննարկել Թուրքիային առանց վիզային ռեժիմի տրամադրման հնարավորությունը արդեն 2016թ. աշնանից: Նախօրեին 11 տարվա ընթացքում ԵՄ-Թուրքիա առաջին երկկողմ գագաթնաժողովն ավարտվել է թուրքական տարածքով ներգաղթյալների հոսքի դադարեցմանն ուղղված համաձայնագրի ստորագրմամբ: Նշենք, որ Թուրքիան արդեն մոտ երկու մլն ներգաղթյալ է ընդունել Սիրիայից, որոնց մեծ մասը` մոտ 1.5 միլիոնը, Թուրքիայի տարածքով ներթափանցել է Եվրամիության տարածք:
Այսպիսով` կարող ենք արձանագրել, որ Թուրքիայի միգրացիոն շանտաժն ավելի արդյունավետ է աշխատում, եւ դրա շնորհիվ եվրոպացիներից ավելի հեշտ է կորզել 3 միլիարդ եվրոն եւ սեփական քաղաքացիների` դեպի Եվրոպա ազատ տեղաշարժի հնարավորությունը, քան, օրինակ` հանուն եվրոպական արժեհամակարգի ուկրաինացիների անձնազոհությունը եւ սեփական երկիրը պատերազմական գոտու վերածելը: Ի վերջո, Ուկրաինան հեռու է, ուկրաինացիներն էլ չեն փորձում հատել ԵՄ սահմանները` խաթարելով եվրոպացիների բարեկեցիկ անդորրը:
Ստացվում է, որ «Իսլամական պետության» վրա ծախսած Թուրքիայի գումարները բավականին մեծ եկամուտ ապահովեցին վերջինիս համար թե՛ քաղաքական եւ թե՛ տնտեսական:
Այսքանից հետո չպետք է զարմանալ, որ թուրք-ռուսական, ավելի ճիշտ` Ռուսաստան-ՆԱՏՕ հետագա լարման արդյունքում Եվրամիությունը վերստին ակտիվացնի Թուրքիային ԵՄ ընդունելու քայլերը, իհարկե, մինչեւ անհրաժեշտ պահը: Ըստ ամենայնի` մենք կամաց-կամաց վերաարժեւորելու ենք թե՛ սեպտեմբերի 3-ի որոշումը, թե՛ հայ-թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտության տապալումը:




Լրահոս