ՆՊԱՏԱԿԸ ՀԻՄՆԱՀԱՏԱԿ ՉՓԼՎԵԼՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակեց այս տարվա 10 ամիսների սոցիալ-տնտեսկան վիճակի վերաբերյալ պաշտոնական վիճակագրության արդյունքները, ըստ որոնց՝ հոկտեմբերի ցուցանիշները եւս Հայաստանի տնտեսության համար ոչ մի լավատեսեւթյուն չեն պարունակում:

Նախ սկսենք նրանից, որ, ինչպես նախորդ ժամանակաշրջաններում, հոկտեմբերին եւս առեւտրի շրջանառության անկում է արձանագրվել: Մասնավորապես, այս տարվա տասն ամիսների արդյունքներով առեւտրի շրջանառությունը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 6,4 տոկոսով, կամ նույնն է թե` 124 միլիարդ 217 միլիոն դրամի չափով: Ըստ այդմ, կարող ենք արձանագրել, որ անցած տարվա համեմատ Հայաստանի սպառողի գնողունակությունը նվազել է հենց վերը նշված թվի չափով: Ի դեպ, հատկապես մանրածախ առեւտուրը, որն ընդհանուր առետրի 58 տոկոսն է կազմում, նվազել է 8,3 տոկոսով: Այսինքն՝ առեւտի անկում հիմնականում բաժին է հասնում հենց մանրածախ առեւտրին, ասել կուզի, որ գնողունակությունը հատկապես նվազել է հենց բնակչության մոտ, իսկ մեծածախ առեւտրի դեպքում պատկերը համեմատաբար բարվոք է:
Ինչ վերաբերում է արտաքին առեւտրաշրջանառության ցուցանիշներին, այս տարվա տասն ամիսների արդյունքներով արտահանումը նվազել է 2,2 տոկոսով: Ի դեպ, այս ցուցանիշը հնարավոր է եղել ապահովել պղնձի խտանյութի արտահանման մոտ 50 տոկոս աճի պայմաններում: Եթե պղնձի խտանյութի արտահանման ծավալներն այդքան կտրուկ չաճեին, ապա իրավիճակի ողբերգականությունը նույնիսկ պաշտոնական վիճակագիրները չէին կարողանա թաքցնել: Ինչեւէ, դեպի ԱՊՀ երկրներ արտահանման ծավալները տասն ամիսների արդյունքով նվազել են 27,5 տոկոսով: Արտաքին առեւտրաշրջանառության տեսանկյունից ԱՊՀ երկրներից Հայաստանի հիմնական գործընկերը Ռուսաստանն է: Հայաստանից դեպի ՌԴ արտահանումն այս տարվա տասն ամիսների արդյունքներով, անցած տարվա համեմատ, նվազել է մոտ 30 տոկոսով: Անցած տարվա տասն ամիսներին Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 253 մլն 773 հազար դոլարի ապրանք, այս տարի այդ ցուցանիշը կազմել է 179 մլն 140 հազար դոլար: Եվրամիության երկրների դեպքում արտահանման անկումն ընդամենը կազմել է 0,9 տոկոս: 2014-ի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Հայաստանից ԵՄ երկրներ է արտահանվել 371 միլիոն 941 հազար դոլարի ապրանք, այս տարի այդ թիվը եղել է 368 միլիոն 649 հազար դոլար: Ի դեպ, այս տարվա տասն ամիսներին ներմուծման ցուցանիշը եւս նվազել է 26,6 տոկոսով, կամ նույնն է թե՝ 970 մլն 471 հազար դոլարի չափով: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի գնողունակությունը, անցած տարվա համեմատ, մոտ մեկ միլիարդ դոլարի չափով նվազել է:
Միակ ցուցանիշը, որ ամեն ամիս շարունակում է հաստատուն աճել, Հայաստանի պարտքի չափն է: Տասն ամիսների արդյունքով Հայաստանի արտաքին պարտքը դարձել է 4 միլիարդ 827 մլն դրամ: Միայն հոկտեմբերին Հայաստանի պարտքն աճել է 48 մլն 496 հազար դոլարով: Ի դեպ, այս տարվա տասն ամիսների ընթացքում ՀՀ կառավարությունը ստորագրել է 15 վարկային համաձայնագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան մեկ միլիարդ դոլար: Այդ գումարների մի մասը նոր-նոր պետք է ստացվի, ուստի արդեն իսկ կարող են կանխատեսել, որ տարեվերջին Հայաստանի պարտքը էլ ավելի կաճի եւ կգերազանցի հինգ միլիարդ դոլարի սահմանագիծը: Հարկ է նշել, որ ներկա վիճակում Հայաստանի պետական պարտքը ՀՀ պետական բյուջեն գերազանցում է մոտ երկու անգամ:
Ի դեպ, այս տարվա տասն ամիսներին բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը, անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, մնացել է նույնը: Սակայն առանձին տրանսպորտային միջոցների կտրվածքով բեռնափոխադրումների անկում է արձանագրվել: Մասնավորապես, երկաթուղային բեռնափոխադրումները նվազել են 19 տոկոսով, երկաթուղային բեռնափոխադրումները 18 տոկոսով, իսկ խողովակաշարային բեռնափոխադրումը, կամ այլ կերպ ասած՝ գազի փոխադրումը նվազել է մոտ 2 տոկոսով: Աճել է միայն ավտոմոբիլային բեռնափոխադրումը` 11,2 տոկոսով: Հենց այս ցուցանիշի շնորհիվ էլ հնարավոր է եղել խուսափել ընդհանուր ծավալի անկում արձանագրելուց:
Մի խոսքով, պաշտոնական վիճակագրության տվյալներն ուսումնասիրելիս հնարավոր չէ գտնել լավատեսության հույսեր տվող գործընթացների վերաբերյալ հուշող ինչ-որ տվյալներ: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի ողջ տնտեսությունը ներկայումս ընդամենը մեկ խնդիր է փորձում լուծել` հիմնահատակ չփլվել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ԳՆՈՒՄ ԵՆ ԱՐԱԳԱԾՈՏՆ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ կուսակցությունը շաբաթը 2 անգամ հանդիպումներ է անցկացնելու Հայաստանի տարբեր մարզերում քաղաքացիներին կուսակցության ծրագրերին եւ առաջիկա քայլերին ծանոթացնելու նպատակով: Հարությունյանը փոխանցեց, որ այսօր կուսակցությունը հանդիպելու է Արագածոտնի մարզի բնակիչների հետ: «Սովորական մարզային այց է: Տեղեկատվական բնույթի հանդիպում է, որի նպատակն է ծանոթացնել կուսակցության ծրագրերին, առաջիկա քայլերին, այսինքն՝ այն ամենին, ինչը կապված է կուսակցության գործունեության հետ, ինչպես նաեւ ծանոթանալ տեղի խնդիրներին, որպեսզի հետագայում հնարավորություններ ունենանք կոնկրետ համայքներով լուծումներ առաջարկել»,- ասաց Հարությունյանը: Վերջինս նշեց, որ ներկայումս իրենց կուսակցությունը զբաղված է տարածքային կազմակերպություններ հիմնելով: «Առաջիկայում նախատեսում ենք տարածքային կազմակերպություններ հիմնել Կապանում եւ Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայքում: Արդեն տասնմեկ տարածքային կազմակերպություններ ենք բացել»,- ամփոփեց Հարությունյանը:

 

ՇՄԱՅՍԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Այսօր ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը ներկայացնելու է իր կողմից կայացրած որոշումը, որն առնչվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կողմից ներկայացված բողոքին ընդդեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը սպառնացել էր հնարավորության դեպքում «գլխատել ու բռնաբարել» բոլոր նրանց, ովքեր բացասաբար են արտահայտվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին: Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ որոշումը կայացված է, եւ այն քվեարկության դրվելուց հետո կհրապարակվի: «Ես այս պահին չեմ կարող որեւէ տեղեկություն տրամադրել, քանի որ դա կլինի ոչ կոռեկտ քայլ հանձնաժողովի նկատմամբ: Ժամը 1-ին տեղի է ունենալու հանձնաժողովի նիստ, որից հետո կհրապարակենք մեր որոշումը»,- ասաց Վ. Բաբայանը:

 

ԹԱՔՈՒՆ Ա՞ՅՑ
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ըստ շրջանառվող տեղեկությունների, նախօրեին գտնվել է Հայաստանում: Նշվում է նաեւ, որ ՌԴ նախարարի այցելությունը Հայաստան «թաքուն» է պահվում հանրությունից ու որեւէ մեկի համար պարզ չէ, թե ինչն է եղել նախարարի այցելության նպատակը: ՀՀ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեցին ՌԴ ՊՆախարարի այցելության լուրը՝ հավելելով, որ եթե նման հանդիպում լիներ, լրատվամիջոցներն այդ մասին կիմանային:

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԿՄԵԿՆԻ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր կմեկնի Բելգիա, որտեղ կմասնակցի Աֆղանստանում խաղաղապահ գործողության իրականացման մեջ ներգրավված երկրների արտգործնախարարների հանդիպմանը։

 

ԴԱՐՁՅԱԼ ՓԱՐԻԶՈՒՄ
Փարիզում մեկնարկել է կլիմայի փոփոխության հարցերով միջազգային համաժողովը։ ՄԱԿ-ի համաժողովին մասնակցելու նպատակով Ֆրանսիայի մայրաքաղաք են ժամանել 150 երկրների ղեկավարներ՝ այդ թվում Միացյալ Նահանգների, Չինաստանի եւ Ռուսաստանի նախագահները։ Փարիզի ահաբեկչություններից շուրջ կես ամիս հետո անցկացվող այս միջոցառման համար կիրառվել են անվտանգության խիստ միջոցառումներ։

 

ՊԱՏՄԱԿԱՆ ՕՐ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Փարիզում ընթացող կլիմայի փոփոխության հարցով ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի արդյունքներից կախված կլինի ամբողջ մոլորակի ապագան: «Սա պատմական օր է: Ֆրանսիան ընդունում է 150 երկրների կառավարությունների ղեկավարներին եւ ներկայացուցիչներին, ողջ աշխարհից հազարավոր պատվիրակների: Խոսքը մեր մոլորակի ապագայի մասին է: Համաժողովի ընթացքում ընդունված որոշումներից կախված կլինի միլիարդավոր մարդկանց ճակատագիրը»,-ասել է Օլանդը:

 

ՉԵՆ ԸՆԿՐԿԻ
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ ռուսական «Սու-24» ինքնաթիռին հասցված հարվածը եղել է Թուրքիայի օդային տիրույթի պաշտպանության նպատակով, այդ պատճառով էլ ոչ ոք դրա համար ներողություն չի խնդրի: «Թուրքիայի սահմանների պաշտպանությունը մեր պարտականությունն է: Մեր բանակն իրականացրել է մեր օդային տիրույթի պաշտպանության իր պարտքը: Ո՛չ Թուրքիայի վարչապետը, ո՛չ նախագահը, ո՛չ այլ պաշտոնատար անձինք ներողություն չեն խնդրի իրենց պարտքի կատարման համար»,- ասել է նա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը:

 

ՉԵՆ ՀԱՆԴԻՊԻ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ Փարիզում համաժողովի շրջանակներում հանդիպում պլանավորված չէ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Հիշեցնենք, որ Էրդողանը մի քանի անգամ ցանկություն էր հայտնել հանդիպել Պուտինի հետ: Բացի այդ` նա փորձել էր նաեւ հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ, սակայն վերջինս հրաժարվել էր:

 

1800 ԿՐԱԿՈՑ
Հանգստյան օրերին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 115 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից եւ ՀԱՆ-17 տիպի նռնականետից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց:




Լրահոս