Սերժ Սարգսյանի հրամանագրով երեկ աշխատանքից ազատվել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը, որն այդ պաշտոնում երեք տարի առաջ փոխարինել էր ներկայումս ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանին: Արզումանյանի փոխարեն նշանակվել է հանրությանը առավելապես «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղից հայտնի Արման Սաղաթելյանը: Վերջինս, իհարկե, որոշակի առնչություն ունի լրատվական դաշտի հետ, վարել է նաեւ «Զինուժ» հաղորդումը եւ մասնակցել մի քանի այլ հեռուստանախագծերի: Սակայն նրա թեկնածության ընտրության հարցում, բնականաբար, այդ գործոնները որոշիչ չեն եղել, քանի որ մասնագիտական կարողություններն ու լրատվամիջոցների հետ ամենօրյա աշխատանքի փորձառությունը առաջնային համարելու դեպքում Սերժ Սարգսյանը բավական մեծ ընտրության հնարավորություն կունենար ու, թերեւս, լրատվամիջոցների գերակշիռ մասի համար առավել հեղինակավոր մասնագետի կնշանակեր: Սակայն, ինչպես տեսնում ենք, Սերժ Սարգսյանը նման կարեւորագույն պաշտոններում նշանակումներ կատարելիս առաջնորդվում է բոլորովին այլ չափորոշիչներով: Տվյալ դեպքում առանցքային նշանակություն է ունեցել այն փաստը, որ Արման Սաղաթելյանը «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն»-ի ոչ անհայտ պետի` Արա Սաղաթելյանի եղբայրն է: Նախագահականում վերջին շրջանում բավական ազդեցիկ դերակատարություն ստանձնած մի ֆունկցիոների, որի հիմնական «տաղանդը» «մուտիլովկաներ սարքելն» է (սա, ի դեպ, նախագահականում ընդունված տերմինալոգիան է): Եվ այն, որ Սերժ Սարգսյանն իր մամուլի խոսնակ է նշանակում հենց նրա եղբորը, արդեն իսկ ցույց է տալիս, որ «մուտիլովկաների» գործելաոճն իրագործվում է ՀՀԿ նախագահի «բարձր հովանու» ներքո: Սերժ Սարգսյանի նորանշանակ խոսնակը նաեւ նախկին «կավեենշչիկ» է` «Նոր հայեր» թիմի ավագը: Ինչպես հիշում ենք, վերջերս մեկ այլ կարկառուն «կավեենշչիկ» էլ` Ռուբեն Ջաղինյանը, նշանակվեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ: (Այո՛, հենց նշանակվեց, քանի որ այս դեպքում ընտրության մասին խոսելը լուրջ չէ:) Այսպիսով` ստացվում է, որ Սերժ Սարգսյանին շարունակում են հետաքրքրել միայն շոուները, եւ նա ամենապատասխանատու պաշտոններին է նշանակում հենց այն մարդկանց, որոնք այդ շոուները բեմադրելու մեծ փորձ ունեն: Սա, իհարկե, քչերին կզարմացնի, քանի որ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից ցույց է տվել, որ հանրային քաղաքականության մեջ ինքը բացառապես ձեւն է կարեւորում, իսկ բովանդակությունը մնում է անփոփոխ: Դա են վկայում նրա բազմաթիվ գեղահունչ ելույթները, որոնցում հնչեցված խոստումներից որեւէ մեկն այդպես էլ կյանքի չկոչվեց: Ինչեւէ, հուսանք, որ նորանշանակ խոսնակը կխախտի Սերժ Սարգսյանի պաշտոնավարումից ի վեր հաստատված ավանդույթը, եւ ավելի ակտիվ կերպով կկատարի իր մասնագիտական պարտականությունները` այդ թվում եւ պարբերաբար մամուլի ասուլիսներ հրավիրելով ու կուտակված հարցերին պատասխանելով:
ՄՈՒՏԻԼՈՎԿԱՅԱՍՏԵՂԾ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ