Նոյեմբերի 27-ին հայտնի էր դարձել, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ հայտնելով, թե ՀԱԿ հանձնաժողովի անդամին կաշառելու փորձ է արվել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ՝ ՀԱԿ-ի չկաշառվող ներկայացուցիչը եղել է թիվ 9 ընտրատարածքի 2-րդ տեղամասի անդամ Վարդան Հարությունյանը:
Ինչպես հայտնի էր դարձել՝ Լեւոն Զուրաբյանի հաղորդման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով` քաղաքացու ընտրական կամ հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը կամ ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելը, որը կատարվել է նյութապես շահագրգռելով, պատժվում է ազատազրկմամբ` երկուսից մինչեւ հինգ տարի ժամկետով, որից հետո գործը ուղարկվել էր հատուկ քննչական ծառայություն: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ քրեական գործ հարուցելու հիմքում ընկած է տեսագրությունը, որտեղ թիվ 9 ընտրատարածքի 2-րդ տեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը փորձել է կաշառել ՀԱԿ հանձնաժողովի անդամին: Իսկ ինչ պետք է աներ ՀԱԿ անդամը, եթե վերցներ կաշառքը: Ըստ ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի՝ նա պետք է իր լիազորությունները որոշակի ժամանակահատվածում չկատարեր, այսինքն՝ հնարավորություն տար ընտրակեղծիքներ իրականացնել: Գործարքն առաջարկողն էլ եղել էր պետական ինքնակառավարման մարմնի աշխատակից:
Թե ինչու է ՀԱԿ-ը գաղտնի պահում կաշառք առաջարկողի անունը, այդպես էլ անհասկանալի է մնում: Եթե իսկապես Լեւոն Զուրաբյանի նպատակը ընտրակեղծիքների դեմ պայքարելն է, ապա ինչու չեն հրապարակում այն մարդու անունը, որը կոնկրետ գործարք է առաջարկել ՀԱԿ-ին, եւ որ այդ զրույցի ձայնագրությունն էլ առկա է: Եթե ՀԱԿ-ում կարծում են, թե այս ճանապարհով նախաքննության գաղտնիությունն են խախտում, ապա անդամի անունը հրապարակել դեռ չի նշանակում գործի ընթացքը խաթարել: Նախաքննության գաղտնիքը չհրապարակելը կլիներ այն, եթե ՀԱԿ ներկայացուցիչները մանրամասներ պատմեին:
Ինչեւէ: «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ թիվ 9 ընտրատարածքի 2 տեղամասում ՀԱԿ հանձնաժողովի անդամը եղել է Վարդան Հարությունյանը: Իսկ ո՞վ է եղել նրան կաշառելու փորձ արած անձը: «Ժողովուրդ»-ը փորձեց հարցի պատասխանը ստանալ Վարդան Հարությունյանից, սակայն նա հրաժարվեց խոսել` հղում կատարելով նախաքննության գաղտնիությանը. «Կխոսեմ այն ժամանակ, երբ կավարտվի նախաքննությունը, իսկ հիմա չեմ պատրաստվում նախաքննական գաղտնիքը ասել»:
Իսկ թե ինչու է կոնկրետ անձի անունը նախաքննական գաղտնիք համարվում, դժվար է պատկերացնել: Փաստն այն է, որ թիվ 9 ընտրատարածքը սպասարկում է Կենտրոն վարչական շրջանը, որը, ինչպես բոլոր ընտրություններոմ, այնպես էլ դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի օրը, փաստացի ղեկավարվում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի կողմից: Բանն այն է, որ Կենտրոն վարչական շրջանից ընտրված պատգամավորը ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Սադոյանն է, իսկ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը` Արա Սադոյանը: Ասել է թե՝ չի բացառվում, որ ՀԱԿ անդամին կաշառող անձը եղել է հենց վերոնշյալ մարդկանցից մեկի մտերիմը, ինչը իրավիճակն ավելի է բարդացնում: Առավել եւս, որ, ըստ Լեւոն Զուրաբյանի, կաշառելու փորձ արածը եղել է ինքնակառավարման մարմնի աշխատակիցը, այսինքն` Արա Սադոյանի ենթական:
Ինչեւէ, այս իրավիճակում հետաքրքիր է՝ արդյոք ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ու ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը կհամարձակվեն դուրս գալ իշխանական կլանի դեմ ու քրեական գործ հարուցել Գագիկ Բեգլարյանի թիմակիցների նկատմամբ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՊՆ-ԻՆ «ՔՑԵԼՈՒ» ԳՈՐԾՈՎ
ՀՀ պաշտպանության նախարարությանը կես մլն դոլար «քցելու» առիթով կալանավորված «Էյ Ար-Այ Սի Թի» ընկերության տնօրեն Աշոտ Սարգսյանի գործը ուղարկվել է դատարան: Պարզեցինք, որ գործը կքննվի Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդի նստավայրում: Գործով դատավորը Լեւոն Արազյանն է:
Հիշեցնենք, որ Աշոտ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով «Էյ Ար-Այ Սի Թի» ՍՊ ընկերության տնօրեն 2013 թվականին, ՀՀ պաշտպանության նախարարության հետ ՀՀ ԶՈՒ օպերատիվ կառավարման եւ իրավիճակների վերահսկման կենտրոնի տեսակոնֆերանս համակարգի ստեղծման համար կնքել է պայմանագիր:
Ավելի ուշ վերջինս ՊՆ-ին ներկայացրել է փաստաթղթեր, թե արտերկրի ընկերություններից որքան գումարով է ձեռք բերել տեխնիկան: Ըստ ներկայացրած փաստաթղթի, օրինակ, ամերիկյան «Abris distribution IN» ընկերությունից նա տեխնիկան գնել է 631 156,95 ԱՄՆ դոլարի, վրաստանյան «Neotech LTD» ընկերությունից 116 290,82 ԱՄՆ դոլարով, չինական «Guagdong stonesonic Digital technique Co, LTD» ընկերությունից 70.880 ԱՄՆ դոլարով եւ էստոնական «Sevington trade limited» ընկերությունից 25.212 ԱՄՆ դոլարով: Իսկ, ահա, ավելի ուշ այդ ընկերություններին փոխանցել է ձեռքբերված ապրանքների իրական արժեքները` ամերիկյան ընկերությանը 294.636 ԱՄՆ դոլար, վրաստանյան ընկերությանը՝ 45.941,12 ԱՄՆ դոլար, չինական ընկերությանը՝ 35.440 ԱՄՆ դոլար եւ էստոնական ընկերությանը՝ 12.606 ԱՄՆ դոլար, իսկ պայմանագրով ապրանքների ձեռքբերման համար նախատեսված գումարի մնացած մասը՝ ընդհանուր հաշվով 454 հազար 916,65 ԱՄՆ դոլար գումարը, իր ղեկավարած ընկերության հաշվապահական հաշվառման փաստաթղթերով ձեւակերպել է իբրեւ կրեդիտորական պարտք եւ հափշտակել այդ գումարին համարժեք, առանձնապես խոշոր չափերով` 186 միլիոն 136 հազար 612 դրամ գումար:
Իսկ ինչպես է բացահայտվել Աշոտ Սարգսյանի այս պատմությունը: Տեղեկացանք, որ երբ ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ նախարարության աշխատակազմի վերահսկիչ վարչության կողմից 2014 թվականի փետրվար-մարտ ամիսներին կատարել է համակարգի ստեղծման ողջ գործընթացի ուսումնասիրություն, Աշոտ Սարգսյանն այդ մարմնին, այդ թվում` նախաքննական մարմնին, ներկայացրել է կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը` հաշիվ-ապրանքագրեր եւ վճարային փաստաթղթեր: Հավելենք, որ իր գործունեության ընթացքում գործարար Աշոտ Սարգսյանը խաբել է իր հաճախորդներին եւ, օրինակ, 50 հազար դրամանոց տեխնիկան 80 կամ 90 հազար դրամով է վաճառել: Տարիներ առաջ դարձյալ յուրացման մեղադրանքով դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Ինչեւէ: Ինչպես նախորդ փորձն է ցույց տվել, Աշոտ Սարգսյանը, ըստ էության, չէր կարող միայնակ գործել, եւ ըստ լուրերի՝ գործարքին անմիջականորեն առնչվող պաշտոնյաներից է եղել ՊՆ կապի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանը, որն էլ Աշոտ Սարգսյանի համերկրացին է: Արդյո՞ք դատարանում Աշոտ Սարգսյանը կտա իր «հանցակից ընկերոջ անունը», թե ոչ, ցույց կտա ժամանակը:
Ք. Մ.
ԽՈՐՀՐԴԱԿՑԵԼ ԵՆ
ՀՀ ՊՆ վարչական համալիրում նոյեմբերի 30-ին կայացել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ նվիրված 2015թ. նոյեմբերի ընթացքում զինված ուժերում իրականացված ռազմավարական բնույթի միջոցառումների, դրանց արդյունքների եւ առաջիկա անելիքների քննարկմանը: Հատուկ ուշադրություն է դարձվել առաջնագծում եւ մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության ու կարգապահության, մարտական եւ զորահավաքային պատրաստականության միջոցառումների պլանավորմանը եւ անցկացմանը:
ԻՐ ԽՈՍՔԻ ՏԵՐՆ Է
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ արձագանքել է Հայաստանի ազգային հավաքականի 9 առաջատար ֆուտբոլիստների հայտարարությանը. «Հենց իրենց արձագանքն էլ ուզում էի լսել: Մի քիչ շատ արագ արձագանքեցին, բայց ոչինչ: Եթե հիշում եք, հենց ես ասացի, որ ցանկանում եմ հունվարին հանդիպում կազմակերպել ֆուտբոլիստների հետ՝ խոսելու բոլոր հարցերի շուրջ եւ նրանցից ստանալու հստակ ու վերջնական պատասխաններ»: Հայրապետյանն ասել է, որ եթե հավաքականն աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլը ձախողի, հրաժարական կտա։ «Հրաժարական կտամ, եթե այս շրջափուլը ձախողվի։ Եթե չստացվի, հեռանալու եմ։ Ես իմ խոսքի տերն եմ։ Ես ստախոս չեմ։ Եթե չկարողացա կարգավորել, գնալու եմ։ Ասեմ ավելին՝ հրաժարական կտայի, եթե ՖԱՖ-ը մի քիչ դադար տար, 1 ամիս ուշ սկսեր»,- ասել է Հայրապետյանը։
ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԳՈՐԾԻՔ
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը գործարկել է hanraqve.am եւ hanraqve.com կայքէջերը, որոնք կօգնեն ավելի արդյունավետ վերահսկել դեկտեմբերի 6-ին նշանակված հանրաքվեն: «Քաղաքացի դիտորդի» կողմից մշակված համակարգը կօգնի հանրաքվեի վերահսկման արդյունավետության բարձրացմանը: Մուտքագրելով քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը եւ ծննդյան թիվը` կարելի է պարզել՝ արդյոք վերջինս գտնվում է Հայաստանում եւ պատրաստվում է մասնակցել հանրաքվեին: Կարելի է նշում կատարել նաեւ այն անձանց մասին, ովքեր մահացած են, սակայն գտնվում են ընտրողների ցուցակներում:
6 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
2015 թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոխոխությունների հանրաքվեին դիտորդական առաքելություն են իրականացնելու 6 միջազգային դիտորդական կազմակերպություններ` 1. ԱՊՀ դիտորդական առաքելություն՝ 44 դիտորդ, 2. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողով՝23 դիտորդ, 3. օտարերկրյա ԿԸՀ ներկայացուցիչներ՝ 33 դիտորդ, 4. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով՝ 11 դիտորդ, 5. ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ՝ 5 դիտորդ, 6. ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներ: