ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻԼԵՄԱՆԵՐԸ – 1

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Սահմանադրության փոփոխության գործընթացը հասնում է իր ավարտին: Ցայսօր իշխանության բոլոր գործողությունները` սկսած քաղաքականությամբ զբաղվելու թույլտվություն ստացողների ցուցակ կազմելուց մինչեւ վարչական ռեսուրսի տոտալ կիրառություն, ինքնաբերաբար ականապատել են նոր Սահմանադրության լեգիտիմությունը: Այս համատեքստում անհրաժեշտ ենք համարում քննելու սահմանադրական այս փոփոխությունների գործընթացի իրավա-քաղաքական առանցքային դիլեմաները` նպատակ ունենալով ամփոփելու ու հասկանալու իրավիճակի իրական բնույթը: Ստորեւ կքննարկենք նոր Սահմանադրության ընդունման իրավական հիմքը` անդրադառնալով ՀՀ սահմանադրական փորձառության յուրահատկություններին ու իշխող կուսակցության տարօրինակ վարքագծին:

Այսպես՝ սահմանադրական այս փոփոխությունների լեգիտիմության բացակայության խնդրին առաջին հերթին բախվում ենք Սերժ Սարգսյանի 2013թ. հրամանագիրը քննելիս: Վերջինս սահմանում է. «Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների նախագիծը»: Հարկ է ուշադրություն դարձնել, որ ՀՀ գործող Սահմանադրությունը բաղկացած է 117, իսկ առաջարկվող տարբերակը` 220 հոդվածներից: Ավելին` չփոփոխված հոդվածները լոկ 4-ն են` 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 203-րդ: Միեւնույն ժամանակ ամբողջովին վերանայված է Սահմանադրության գլուխների քանակը, իսկ հոդվածների բովանդակությունը ոչ մի աղերս չունի գործող Սահմանադրության համապատասխան հատվածների հետ: Անգամ առաջարկվող տարբերակին հպանցիկ հայացքը թույլ է տալիս պնդելու, որ Հայաստանում տեղի են ունենում ոչ թե սահմանադրական փոփոխություններ, այլ լիովին նոր Սահմանադրություն է ընդունվում: Ընդհանրապես, միջազգային փորձը հուշում է, որ նոր Սահմանադրություն ընդունվում է երկու դեպքում` ռազմական հեղաշրջման կամ հեղափոխության հետեւանքով: Հայաստանում, կարծես, այսօր ոչ մեկն էլ տեղի չի ունենում: Փաստացիորեն, Սերժ Սարգսյանի ստեղծած մասնագիտական հանձնաժողովի աշխատանքի արդյունքը ոչ թե փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության նախագիծն է: Խիստ նշանակալից է, որ այս տեսակետը պաշտպանել է նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Կիմ Բալայանը. «ՀՀ նախագահի հրամանագրում կար ընդամենը մեկ սկզբունքային խնդիր, այն է` ներկայացնել բարեփոխումների նախագիծ, բայց ստացվում է` նախագահի հրամանագիրը չի կատարվել, քանի որ ոչ թե բարեփոխումների նախագիծ է ներկայացվել, այլ Սահմանադրության նոր տեքստ»: Հասկանալի է, որ ՍԴ անդամի պարտականությունը իշխանության համար ցանկալի որոշում կայացնելն է, ընդ որում` Կ. Բալայանի դերակատարությունը հատկապես 2008թ. նախագահական ընտրությունների շրջանում անուրանալի է, սակայն այդպիսի բարձր պաշտոնյայի նմանօրինակ հայտարարությունը որեւիցե նորմալ երկրում վիթխարի ցնցումների առիթ պիտի տար` ավարտվելով կա՛մ գործընթացի չեղարկմամբ, կա՛մ դատավորի պաշտոնանկությամբ: Հայաստանում, սակայն, նման «մանրուքների» վրա ուշադրություն դարձնելու ժամանակ չկա:
Սահմանադրական փոփոխությունների գործընթացի առանցքային մեկ այլ հանգամանք է պարզվում 1995 եւ 2005թթ. սահմանադրական գործընթացների համեմատության պարագայում: Ըստ էության, 1995թ. Սահմանադրության մշակման գործընթացը սկիզբ է առել 1990թ. նոյեմբերի 15-ին Գերագույն խորհրդի սահմանադրական հանձնաժողովի ստեղծմամբ: 4.5 տարի տեւած մշակման փուլին մասնակցել են գրեթե բոլոր հասարակական-քաղաքական դերակատարները, իսկ գործընթացը եղել է առավելագույնս հրապարակային: Իսկ, ահա, 2005թ. սահմանադրական փոփոխությունները մեկնարկել էին դեռեւս 1998թ.: Անկախ հանրաքվեների ժամանակ կեղծիքների առկայության հանգամանքից` փաստ է, որ Սահմանադրության ընդունմանը եւ փոփոխմանը նախորդող գործընթացները տարիներ են տեւել: Այս դեպքում, սակայն, իշխանությունը 2014թ. «եռյակի» դեմ «մարտական» գործողությունների օրերին հրապարակեց փոփոխությունների «Հայեցակարգը», 2015թ. հունիսին մայրաքաղաքում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ տարվող բողոքի ցույցերի շրջանում նախագծի մի քանի գլուխները, իսկ մեկ ամիս անց` ամբողջ նախագիծը: Ընդգծենք, որ նախագիծն ԱԺ-ի դատին հանձնելուց ընդամենը օրեր առաջ առանցքային փոփոխություններ մտցվեցին դրանում: Իսկ ԱԺ-ում էլ դրա քննարկման գործընթացը կատարվեց արագացված կարգով` մինչեւ տարեվերջ հանրաքվե նշանակելու անթաքույց միտումով: Փաստացիորեն, նոր Սահմանադրության նախագծի քննարկումը տեւեց ընդամենը 3 ամիս, ինչը պարզապես աննախադեպ է:
Սահմանադրական փոփոխությունների ամենացավոտ կողմը, սակայն, հասարակական-քաղաքական կոնսոլիդացիայի բացակայությունը եղավ: Դրա վառ վկայություններից են թե՛ ս.թ. փետրվարին ԲՀԿ-ի հարկադիր «այոացումը», թե՛ գրպանային ընդդիմության հետ Սերժ Սարգսյանի հանդիպումներին հաջորդած հասարակական պարսավանքը: Ամենակարեւոր բացը, սակայն, առաջադրեց հենց իշխող Հանրապետական կուսակցությունը: 2013թ. նախագահական ընտրություններին նախորդած շրջանում ՀՀԿ-ի գրեթե բոլոր պատգամավորները միաբերան ջախջախում էին խորհրդարանական կառավարման համակարգի օգտին բերվող արգումենտները` պնդելով, որ Հայաստանում նախագահական համակարգը լավագույնն է: Ուղիղ 1 տարի անց ՀՀԿ-ն հիմնովին փոխեց իր դիրքորոշումը` 180 աստիճանով շրջվելով իր` «անայլընտրանք» նախագահական համակարգի դեմ: Անկախ քաղաքականության եւ աշխարհում հնագույն մասնագիտության սերտ առնչություններից` ՀՀԿ-ի այս դիրքորոշումն ինքնին վնասեց սահմանադրական փոփոխությունների նույնիսկ ամենաազնիվ նկրտումները. Հանրապետական կուսակցության այդօրինակ մոտեցումն այլեւս ոչ մի կասկած չթողեց, որ Սահմանադրության փոփոխությունը տեղի է ունենում բացառապես Սերժ Սարգսյանի` իշխանությունից հեռանալու անկարողության պատճառով:
Շարունակելի

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ԱՌԱՅԺՄ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒՄ ԵՆ
Ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման հետեւանքով սրված ռուս-թուրքական հարաբերությունները թեւակոխում են լարվածության նոր փուլ: Նախօրեին Ռուսաստանը տնտեսական պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ: ՌԴ կառավարությունը պատրաստվում է արգելել Թուրքիայից որոշ մթերքների ներմուծումը:
Նշենք, որ պատժամիջոցների նախնական ցուցակում ընդգրկվել են սառեցված մսամթերքը, ընտանի թռչունների միսը, աղացած կամ ծխեցված միսը, կաթն ու կաթնամթերքը՝ այդ թվում կաթնաշոռն ու պանիրը, ձկնեղենը, ծովամթերքը, մրգերն ու ընկուզեղենը, բանջարեղենն ու կանաչեղենը: Թուրքիայի գործողությունների դեմ տնտեսական միջոցառումների ամբողջական ցանկը կհրապարակվի մինչեւ դեկտեմբերի 1-ը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հանձնարարել էր երկու օրվա ընթացքում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանել:
ՌԴ-ի կողմից կիրառվող պատժամիջոցների արդյունքում ԵՏՄ շուկայում առաջացած բացին ունա՞կ է, արդյոք, Հայաստանի տնտեսությունն արձագանքել: Այս պահի դրությամբ պատկան կառույցները՝ ՀՀ կառավարությունն ու գյուղատնտեսության նախարարությունը, միայն խորհրդակցություններ են անցկացնում:
Երեկ այս առիթով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խորհրդակցություն անցկացրեց պետական գերատեսչությունների եւ գործարար աշխարհի ներկայացուցիչների մասնակցությամբ: Վարչապետը հանձնարարեց գերատեսչությունների ղեկավարներին սեղմ ժամկետում կառավարությանը ներկայացնել գործողությունների հստակ ծրագիր: Երեկ նույն թեմայի շուրջ խորհրդակցություն անցկացրեց նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ թարմ պտուղ-բանջարեղեն արտահանող շուրջ 20 ընկերությունների ներկայացուցիչների եւ անհատ ձեռներեցների հետ: Գյուղնախարարի խոսքերով` ներկայումս հանրապետությունում կա բավարար քանակությամբ խաղող, խնձոր, կաղամբ, ծաղկակաղամբ, բազուկ, կարտոֆիլ, գազար, ինչպես նաեւ ջերմոցային արտադրանք, որը հնարավոր է արտահանել դեպի ռուսական շուկա:
Նախարարն հայտնել է, որ այժմ խոշոր արտահանողները տրանսպորտային միջոցներն ավելացնելու քայլեր են ձեռնարկում: Հանդիպման ընթացքում նախարարը ծանոթացել է արտահանող ընկերությունների ներկայացուցիչներին հուզող խնդիրներին եւ խոստացել, որ պետությունն իր կողմից պատրաստ է աջակցել արտահանումն առավել արդյունավետ կազմակերպելու հարցում: Սպասենք եւ տեսնենք՝ սա գյուղնախարարի հերթակա՞ն սին խոստումն է, թե՞ այս անգամ նա իրոք կաջակցի գործարարին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՃԻՇՏԸ ԲՈՅԿՈՏԵԼՆ Է

«Նոր ժամանակներ» կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Վերլուծելով 2015թ. դեկտեմբերի 6-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շուրջ Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացները, «Նոր Ժամանակներ» կուսակցությունը համոզմունք է հայտնում, որ մեր երկրի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերների խորապատկերում հանրաքվեի անցկացումը ապաշնորհ վարչախմբի կողմից հասարակությանը պարտադրված սցենար է, որի իրական նպատակը իշխանության իրական լծակները Սերժ Սարգսյանի ձեռքում պահելն է: Այդ փոփոխությունները ոչ միայն չեն լուծում հասարակության առջեւ ծառացած անհետաձգելի սոցիալ-տնտեսական եւ արժեհամակարգային հիմնախնդիրները, այլեւ վտանգում են պետության արդյունավետ զարգացման գործընթացները: Ելնելով վերոգրյալից եւ գիտակցելով երկրի մայր օրենքի կարեւորությունը հասարակության համար՝ «Նոր Ժամանակներ» կուսակցությունը միաժամանակ կարեւորում է ժողովրդի պատշաճ իրազեկումը առաջադրված փոփոխությունների բազմաթիվ անթույլատրելի նորմերին: Այդ համատեքստում առանձնացնելով քվեարկության դրվող Սահմանադրության նախագծում տեղ գտած մի շարք նորմեր, որոնք անթույլատրելի են դարձնում այդ փաստաթղթի ընդունումը.
1. Նախագծով հնարավորություն է տրվում ապագայում Սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացնել անմիջապես Ազգային Ժողովի միջոցով:
2. Նախագծում համաչափ լուծում չի տրվում կառավարման համակարգի օպտիմալացման գերխնդրին, ինչն էլ ավելի կխորացնի երկրում տիրող ամենաթողության եւ անպատժելիության մթնոլորտը:
3. Նախագծով չի հաջողվել լուծում տալ ազգային անվտանգության եւ բանակի արդյունավետ կառավարման հիմնախնդիրներին;
4. Նախագիծը չի ապահովում աշխարհում ընդունված պառլամենտական կառավարման համակարգին բնորոշ կայուն մեծամասնության ստեղծման սկզբունքների ներդրումը եւ վտանգի տակ է դնում Հայաստանի բազմակուսակցական համակարգը;
«Նոր Ժամանակներ» կուսակցությունը Հ ա յ տ ա ր ա ր ու մ է.
ա) Երկրում տիրող անօրինականության մթնոլորտում սահմանադրական փոփոխությունների անցկացումը ժամանակավրեպ է:
բ) Միանշանակ պետք է բ ո յ կ ո տ ե լ դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեն եւ չգնալ ընտրատեղամաս: Բոյկոտի պարագայում վարչախումբը կանգնում է ծանրագույն խնդրի առաջ. դրական արդյունք արձանագրելու համար նա նախ պետք է ապահովի ընդհանուր մասնակիցների թիվը, որից հետո «ԱՅՈ» -ների թիվը»:




Լրահոս