«ԲԱՅՑ ԷՍՏՐԱԴԱ ԿԱ՞, ՈՐ ԴՐԱՆԻՑ ՀԵՌԱՆԱՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Վարդան Բադալյանը թեեւ վերջին շրջանում էկրաններին չի երեւում, նշում է, որ այժմ իր համար մասնագիտական աճի առումով բավական արդյունավետ շրջան է: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է իր ներկայիս գործունեության մասին, խոսել է նաեւ շոու-բիզնեսում «չտեղավորվելու» պատճառներից: Երգիչն անդրադարձել է անձնական կյանքին, զրուցել ամենատարբեր հարցերում իր կնոջ ցուցաբերած աջակցությունից:

-Վարդա՛ն, տեւական ժամանակ է` Ձեզ նվիրել եք ժողովրդական երգին: Նախկինում Ձեզ հաճախ էինք տեսնում էկրաններին, հիմա ոչ: Կարելի՞ է ասել, որ հեռացել եք էստրադայից:
-Բայց էստրադա կա՞, որ դրանից հեռանամ (ծիծաղում է): Շոու-բիզնեսում, օրինակ, ես այդքան էլ չկայի, համենայն դեպս հիմա էլ ունեմ իմ շրջապատը ու ոչ ոքից չեմ հեռացել. ընդամենը փոխվել է երգի նկատմամբ իմ մոտեցումը: Փորձում եմ որեւէ բան երգելուց առաջ մտածել, ուզում եմ տարբերակել եթեր գնալու երգը կոորպորատիվներում մատուցվողից: Եթե տարբեր միջոցառումներին հնչող երգի դեպքում կարելի է ինչ-որ կոմպրոմիսի գնալ, ապա եթերով հեռարձակման ենթակա երգի դեպքում` ոչ: Ես դեմ չեմ երաժշտական մյուս ժանրերին, բայց ներկայանում եմ նրանով, որն ինձ մոտ լավ է ստացվում: Իսկ անցումը ժողովրդական երգին շատ կտրուկ չէր. ես սովորել եմ Կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության բաժնում, միշտ էլ երգել եմ ժողովրդական, աշուղական երգեր, ուղղակի մի պահ շեղվեցի ուղուց, ուրիշ ժանրի երգեր կատարեցի: Հետո ժողնվագարանների պետական նվագախմբի հետ կենդանի հնչողությամբ ձայնասկավառակ ձայնագրեցինք, այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց: Ու թեեւ այժմ էկրաններին չեմ երեւում, ինձ համար վերջին 4-5 ամիսը շատ արդյունավետ էր մասնագիտական աճի առումով: Վերջերս «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցություն եղավ, համերգներ ունեցանք Բեյրութում, այդ ամբողջ ընթացքում մի մեծ դպրոց անցանք: Հիմա ժամանակակից աշուղ Երամի երգերից մեկի վրա ենք աշխատում, առաջիկայում այն կհանձնենք հանդիսատեսի դատին:
-Իսկ եղե՞ լ են պահեր, որ ինքներդ Ձեզ շոու-բիզնեսի շրջանակներում չեք «տեղավորել», հասկացել եք, որ դա Ձեր տեղը չէ: Շիտակ, պարզ բնավորությունը երբեւէ չի՞ խանգարել Ձեզ:
-Ես չեմ էլ ուզել շոու-բիզնեսում լինել. դրա համար ո՛չ խելք է պետք, ո՛չ գիտելիք, ո՛չ էլ մի դժվար բան է այնտեղ լինելը: Ուղղակի մարդ կա` իրեն դուր է գալիս այդ շրջապատը, «տուսովկաները», իսկ ես խուսափում եմ անիմաստ հավաքույթներից, թեեւ ինքս շփվող, բաց մարդ եմ: Պարզապես ունեմ սկզբունքներ, որոնք չեմ շրջանցի: Ինչ վերաբերում է շիտակ լինելուն, ինձ թվում է` անկեղծությունն ամեն դեպքում հաղթում է: Այդ հատկությունն ինձ օգնում է, չի խանգարում:
-Գաղտնիք չէ, որ կինը տղամարդուց ճարպիկ, ճկուն էակ է, երբեմն ավելի լավ է զգում վրահաս վտանգը, ավելի հեշտ է դժվար իրավիճակներից ելքեր որոնում: Ձեր կինը Ձեզ խորհուրդներ տալի՞ս է, թիկունքում նրա աջակցությունը հատկապես ո՞ր հարցերում եք զգում:
-Այո՛, կինս ինձ շատ խորհուրդներ է տալիս` նույնիսկ մասնագիտական հարցերին առնչվող: Նա կարող է ինձ օգնել անգամ երգերի, բեմական հագուստի ընտրության հարցում, թեեւ մասնագիտությամբ ճարտարապետ է: Կինս ամեն ինչ անում է, որ ես լիարժեք կերպով կարողանամ նվիրվել իմ գործին, ամիսներով բացակայեմ տանից: Շատ հարցերից նա ավելի լավ է գլուխ հանում, քան ես, եւ, առհասարակ, կարծում եմ` նա ավելի լավն է, քան ես (ծիծաղում է):
-Իսկ ընկերներ շատ ունե՞ք, թե՞ նրանցից շատ չեն ունենում:
-Ընկերներ շատ ունեմ, երգարվեստից, օրինակ, մտերիմ եմ Էրիկի, Նարեկ Բավեյանի հետ: Բայց քիչ թիվ են կազմում նրանք, որոնց հետ իմ շփումն առանձնահատուկ է:
-Հայրիկի լավագույն խորհուրդն իր որդուն ո՞րն է:
-Տղայիս ապագան տեսնում եմ կրթվելու, լավ մասնագետ լինելու մեջ: Ուսանող տարիներին ես շատ եմ անիմաստ ժամանակ կորցրել, կուզենամ, որ նա ավելի խոհեմ գտնվի այդ հարցում:

 

 

 

 

 
«ԽՈՍՏԱՑԱ, ԲԱՅՑ ՉՀԱՍՑՐԵՑԻ»

Դուդուկահար Կամո Սեյրանյանը պատրաստվում է հանդիսատեսի դատին հանձնել նոր տեսահոլովակ: Կատարումը կոչվում է «Հուշեր». այն նվիրված է Կամոյի մտերիմ ընկերոջը, որը կյանիքց հեռացել է երիտասարդ տարիքում: Երաժշտությունը, կարելի է ասել, ներկայացնում է մի կյանքի պատմություն: Հեղինակը Արմեն Ալեքսանյանն է, գործիքավորումը կատարել է Կարեն Անանյանը. «Ձայնագրությանը մասնակցել են նաեւ աշխարհահռչակ երաժիշտներ` մեքսիկացի շեփորահար Ռամոն Ֆլորենսը, որը համագործակցել է Լուիս Միգելի, Յանիի հետ, հարվածային գործիքներ նվագող Արչի Պենան, որն ունի 3 «Գրեմմի» եւ համագործակցել է Շակիրայի հետ»,-«Ժողովուրդ»-ին պատմեց դուդուկահարը:

Նա նշեց, որ պատրաստվում է Մայամիում հունվարին կայանալիք համերգին, որտեղ ներկայանալու է «Forbidden Saints» խմբով: Ի դեպ, Կամոն առաջինը մեզ վստահեց մի տեղեկություն` կապված այս խմբի գործունեության հետ: «Խմբի տղաներն այս տարվա ապրիլին Հայաստանում էին, միասին բավական հետաքրքիր երաժշտություն ենք ձայնագրել. դրանում առկա է ե՛ւ հայկական դուդուկը, ե՛ւ լատինո երաժշտություն` շեփորի նվագակցությամբ. առանձնահատուկ իմպրովիզներ ենք արել: Անգամ տեսահոլովակի մեծ մասն ենք նկարահանել, առաջիկայում այդ աշխատանքը կհասցնենք իր ավարտին»,-պատմեց Կամոն:
Նա նաեւ տեղեկացրեց, որ աշխատում է մեկ այլ խմբի` ռուսական «Bel Suono»-ի հետ, որը խնդրել է Կամո Սեյրանյանին ներկայանալ փետրվարին Մոսկվայում կայանալիք իր համերգին. «Տղաների հետ եւս նոր մտահղացումներ ենք կյանքի կոչում: Խմբի անդամներից մեկն, օրինակ, երաժշտություն էր գրել երեք դաշնամուրի համար, սակայն ես առաջարկեցի նաեւ դուդուկի նվագացությունը. հետաքրքիր համադրություն ստացվեց, ստեղծագործությունը կոչվում է «Աղոթք»»:
Երաժիշտը խոսեց նաեւ կիսատ մնացած իր ծրագրերից` հավաստիացնելով, որ դրանք առաջիկայում անպայման կիրագործի. «Ես երկրպագուներիս խոստացել էի, որ 2015-ին Հայաստանում մենահամերգ կունենամ, բայց չհասցրեցի այն կատարել: Ամեն դեպքում, կարծում եմ` հանդիսատեսը չի նեղանա, եթե ես սպասված համերգով հանդես գամ արդեն 2016-ին: Ծրագրում եմ դրսից հրավիրել երաժիշտների, օրինակ` աշխարհի լավագույն քնարահարներից մեկին` պարագվայցի Վիկտոր Էսպինոլային, ռուս թավջութակահար Ալեքսանդր Ժիրովին, կուբացի կիթառահար Ռեյ Ռիոսին, ինչպես նաեւ Ռամոն Ֆլորենսին եւ Արչի Պենային, որոնց մասին արդեն նշեցի»,-ասաց դուդուկահարը` հավելելով, որ համերգի ծրագրի կեսն արդեն պատրաստ է:
Կա եւս մեկ գործ, որի վրա Կամոն արդեն մեկ տարի է` աշխատում է. նա ձայնագրում է Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը. «Ես ծրագրում էի այն ներկայացնել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, սակայն չհասցրեցի, քանի որ հաճախ եմ բացակայում երկրից, եւ ժամանակս թույլ չի տալիս զբաղվել դրանով: Հուսով եմ՝ այն կավարտեմ 2016-ին: Այս կատարման համար ձայնագրվել է 70-80 հոգանոց մեծ սիմֆոնիկ նվագախումբ: Հիմա վերջնական միքսն է արվում, հավանաբար գարնանը կներկայացնեմ դրա հիման վրա տեսահոլովակ»,-եզրափակեց Կամոն:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է
Պոլսում 89 տարեկանում վախճանվել է վերջին տասնամյակների հայ պոեզիայի ինքնատիպ դեմքերից մեկը` Զարեհ Խրախունին (Արթօ Ճիւմպիւշեան): Այս մասին «Արմենպրես»¬ին տեղեկացրել են Հայաստանի գրողների միության վարչությունից:
Անցած տասնամյակներին ծննդավայրում, հայրենիքում եւ արտերկրում Զարեհ Խրախունին հրատարակել է բանաստեղծական բազմաթիվ ժողովածուներ` «Քար կաթիլներ»¬ից (1964) մինչեւ «Տօնականչ» (2010), որոնք բազմադարյա հայ պոեզիայի ավանդույթների յուրովի շարունակությունն են` կյանքի եւ մտածողության նոր, արդիական տեղաշարժերին ու չափումներին համապատասխան: Կատարել է բարձրորակ թարգմանություններ հատկապես ֆրանսիական ժամանակակից պոեզիայից: Իր երկերը եւս թարգմանվել են աշխարհի մի շարք լեզուներով` ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, վրացերեն, ռուսերեն եւ այլն: Նրա գրչին են պատկանում նաեւ արվեստագիտական, գրականագիտական ուսումնասիրություններ: Խրախունին 1989 թվականին արժանացել է Վազգեն Ա Հայրապետի կոնդակին եւ Սուրբ Սահակ¬Սուրբ Մեսրոպ շքանշանին: Նա արժանացել է նաեւ Համազգային «Անահիտ» գրական, ՀԲԸՄ Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամի, ֆրանսահայ գրողների «Էլիզ Գաւուքճեան-Այվազեան», «Հայկաշէն Ուզունեան» գրական մրցանակներին: Պարգեւատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», Թուրքիայի Հայոց պատրիարքության Ա կարգի շքանշաններով: 2012թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

 

ՎԱՍԻԼԵՎԻ ԿԵՐՏԱԾ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Հայ հռչակավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը հանրությանը քիչ հայտնի երկու քանդակ ունի, որոնց հեղինակը 20-րդ դարի 2-րդ կեսի լատվիական քանդակագործության ամենավառ ներկայացուցիչներից մեկն է` Իգոր Վասիլեւը: Իսկ թե որտեղ են դրանք այժմ գտնվում, ցավոք, հայտնի չէ: Այս մասին հայտնեց «Քանդակագործ Իգոր Վասիլեւ: Մեծ սիրտը» գրքի հեղինակներից մեկը` Իլոնա Յախիմովիչը նոյեմբերի 30-ին՝ նույն գրքի շնորհանդեսի ժամանակ: Այն տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Գիրքը, ինչպես անունն է հուշում, նվիրված է Իգոր Վասիլեւին, ով այս տարի կդառնար 75 տարեկան: Այնտեղ ներկայացված է ոչ միայն քանդակագործի կյանքը, այլեւ ընտանեկան արխիվի եզակի լուսանկարներ, ինչպես նաեւ՝ այն ստեղծագործությունների լուսանկարները, որոնք պահպանվում են նրա՝ Ռիգայում գտնվող արվեստանոցում: Իգոր Վասիլեւի քանդակները հայտնի են ամբողջ աշխարհում, նրա աշխատանքները գտնվում են Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուներում, Լատվիայի գեղարվեստի ազգային թանգարանում, Ռիգայի բշկության պատմության թանգարանում, ինչպես նաեւ՝ մասնավոր հավաքածուներում: Վասիլեւի քանդակները զարդարում են Ռիգայի բազմաթիվ հասարակական վայրերը:
Քանդակագործի մասին գրքի մյուս հեղինակը Իլյա Դիմենշտեյնն է: Նշենք, որ երեկոյի ընթացքում ցուցադրվեց նաեւ ռեժիսոր Գերց Ֆրանկի «Զարթոնք» վավերագրական ֆիլմը:




Լրահոս