ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Ստրասբուրգ քաղաքում
Այս մարդիկ Աբդուլա Օջալանին ձերբակալելու օրվանից մինչ այսօր Եվրոդատարանի դիմաց վրան են խփել եւ բողոքի ակցիա են անցկացնում: Ձերբակալվելու օրվանից անցել է արդեն 16 տարի, բայց հարցն ի օգուտ բողոքողների լուծում չի ստանում: Նրանք 24 ժամ անցկացնում են այս վրանում, բայց ապարդյուն:
Հիշեցնենք, որ Աբդուլա Օջալանը ձերբակալվել է 1999 թվականի փետրվարի 15-ին՝ Քրդստանի անկախության եւ քուրդ ժողովրդի իրավունքների ընդլայնման համար Թուրքիայի դեմ պայքարում: Նա թուրքական դատարանի կողմից դատապարտվել է մահապատժի՝ «հայրենիքի դավաճանության» մեղադրանքով, որն ավելի ուշ փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: Նա պատիժը կրում է թուրքական Իմրալը կղզում գտնվող բանտում:
ՀԱՐՑ. Եթե անձն ապաստան ստանալու համար դիմել է եւ մերժում ստացել, ապա կրկին դիմելու ինչ հիմքեր են անհրաժեշտ:
Տիրուհի Ներսիսյան (42 տարեկան, տնային տնտեսհուի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ դիմումը վերջնական (ներառյալ դատական կարգով) մերժվելուց հետո անձը կարող է կրկին դիմում ներկայացնել միգրացիոն պետական ծառայություն՝ Հայաստանում ապաստան ստանալու համար, եթե ի հայտ են եկել նոր իրադարձություններ եւ փաստեր, որոնք բավարարում են հետեւյալ չափանիշներին.
– նոր իրադարձությունները եւ փաստերը ի հայտ են եկել անձի առաջին դիմումի վերաբերյալ ՄՊԾ-ի կողմից որոշում կայացվելուց հետո,
– նոր իրադարձությունները եւ փաստերը հաստատում են հետապնդումների ենթարկվելու անձի երկյուղը կամ հաստատում են նրա քաղաքացիության կամ մշտական բնակության երկիր վերադարձի դեպքում նրա նկատմամբ այնտեղ լուրջ վտանգի առկայությունը:
ՄՊԾ-ն քննության կառնի նոր ի հայտ եկած հանգամանքները եւ փաստերը եւ նոր դիմումի վերաբերյալ կկայացնի որոշում: Նոր դիմումը քննության չի առնվի, եթե առկա չեն նոր իրադարձություններ եւ փաստեր:
Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2010 թվականին ապաստանի հայցով Հայաստանի Հանրապետություն է դիմել 68, իսկ 2014թ.՝ 226 հոգի:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ հղիության եւ ծննդաբերության կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող անձը կարող է օգտվել սոցիալական փաթեթի ծառայություններից: Եվ կցանկանայի իմանալ՝ ժամանակավոր թափուր պաշտոններ զբաղեցնող անձինք օգտվո՞ւմ են սոցփաթեթից:
Լիանա Սամսոնյան (32 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Սամսոնյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հղիության եւ ծննդաբերության կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող անձինք չեն օգտվում սոցիալական փաթեթից: Սակայն աշխատանքի վերադառնալուց անմիջապես հետո կարող են օգտվել սոցիալական փաթեթից, եթե նախքան հղիության եւ ծննդաբերության կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդ գնալը ունեցել են տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի վերջին վեց ամսվա աշխատանքային ստաժ:
Տեղեկացնում ենք նաեւ, որ ժամանակավոր թափուր պաշտոններ զբաղեցնող անձինք օգտվում են սոցիալական փաթեթից, քանի որ նրանք զբաղեցնում են հաստիքացուցակով նախատեսված հաստիք: Հարկ է նշել, որ նրանք եւս պետք է բավարարեն տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի վերջին վեց ամսվա աշխատանքային ստաժ ունենալու պայմանին:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ սոցիալական փաթեթի համար հատկացվող գումարն անկանխիկ գումար է, որը փոխանցվում է աշխատողի անվամբ, հատուկ այդ նպատակով բանկում բացված սոցիալական փաթեթի հաշվին: Այդ հաշվի դրամական միջոցները կանխիկացման ենթակա չեն, սակայն թույլատրվում է կատարել կանխիկ մուտքագրումներ կամ այլ միջոցներից փոխանցումներ: Ի դեպ, 2016թ. հունվարի 1-ից հետո սոցփաթեթի շահառուն նախատեսված ծառայություններից օգտվելու համար պետք է նախապես օգտվի առողջապահական փաթեթի պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության բաղադրիչից: