ԼՂ խնդիրը չունի ռազմական լուծում. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք հավատարիմ ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում միջնորդության սկզբունքներին»,- APA-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի պատվիրակությունների ղեկավարների (ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերի, Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով պետնախարար Հարլեմ Դեսիր) տարածած համատեղ հայտարարության մեջ:

Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորև.

«Մենք աջակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի նախարարների միջև հանդիպման անցկացմանը, որը կազմակերպում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Վերջին շրջանում տեղի ունեցող սրացումների ֆոնին մենք կոչ ենք անում կողմերին՝ դարձյալ ցուցաբերել հավատարմություն հակամարտության խաղաղ կարգավորմանը ու բանակցությունների ճանապարհով ցրել ամեն տեսակի անլուրջ ու ոչ հավաստի պատկերացումները:

Կողմերը պետք է 2016 թվականին շարունակեն ինտենսիվ երկխոսություն վարել հակամարտության բազմակողմանի կարգավորման շուրջ, որը 2014թ. անցկացվել էր Սոչիի, Ուելսի ու Փարիզի հանդիպումների ժամանակ:

Մենք հատկապես դատապարտում ենք ականանետերի ու այլ ծանր սպառազինությունների օգտագործումը ու ափսոսանք ենք հայտնում, որ այդ զենքի կիրառումից տառապում է խաղաղ բնակչությունը: Լեռնային Ղարաբաղի խնդիրը չունի ռազմական լուծում: Արդարացում չկա մահվանն ու անմեղ մարդկանց տառապանքին: Մենք ամենակոշտ լեզվով կոչ ենք անում կողմերին՝ նվազեցնել լարվածությունը ու խնայել մարդկանց կյանքը:

Համանախագահները ներկայացրել են առաջարկություններ՝ կապված ռիսկերի նվազեցման հետ: Հուսով ենք՝ կողմերը կընդունեն այդ որոշումը՝ ներառելով ԵԱՀԿ-ի հետաքննության մեխանիզմը»:

 




Լրահոս