«Ոչ»-ի ճակատը ներկայացնող ուժերը չընդունեցին Ժիրայր Սէֆիլյանի առաջարկը. ինչ տվեց այսօրվա հանրահավաքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Ազատության հրապարակում ավարտվեց ՀԱԿ-ի և ՀԺԿ-ի միացյալ հանրահավաքը, որը հրավիրվել էր ևս մեկ անգամ «ոչ» ասելու սահմանադրական փոփոխություններին:

Ամփոփելով հանրահավաքի արդյունքները` նշենք, որ «Ոչ»-ի ճակատը ներկայացնող ուժերն այսօր ևս չընդունեցին ընդդիմության միացյալ շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյանի առաջարկը՝ Ազատության հրապարակում միանալ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի նստացույցին և այնտեղ տեղափոխել իրենց շտաբը:

Իրենց ելույթներում ՀԱԿ ներկայացուցիչները, թեև խուսափեցին անմիջապես պատասխանել Ժիրայր Սէֆիլյանի, սակայն նշեցին, որ նստացույցին չեն միանա: ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանն իր ելույթում ասաց, որ ՀԱԿ-ի և ՀԺԿ-ի համատեղ շտաբը շատ լավ գիտի իր անելիքներն ու ծրագիրը և դրանք կիրագործի անշեղորեն:

«Մենք իսկապես մշակել ենք այնպիսի ծրագիր, որը հաղթանակով պայքարի ծրագիր է: Բոլորիդ խնդրում եմ զինվել համբերությամբ, իմանալ՝ հաղթում է նա, ով հետևողական է  ու համառ»,- ասաց Զուրաբյանը:

ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանն էլ հայտարարեց, որ հանրահավաքից հետո երթ կանեն, սակայն դրանից հետո չեն վերադառնա Ազատության հրապարակ:

Ինչ վերաբերում է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, վերջինս, իր հավաստմամբ, Ազատության հրապարակում կմնա մինչև «պայքարի ավարտը»: Նա գրեթե ամբողջությամբ կրկնեց իր նախորդ ելույթի բառերը` պետք է վերջ տալ Հանրապետական կուսակցապետությանը:

Հանրահավաքի վերջում Ժիրայր Սէֆիլյանը ևս մեկ անգամ կոչ արեց հավաքվածներին այս օրերին ներկա գտնվել Ազատության հրապարակում և աջակցել «ոչ»-ի շարժումին: Այդ պատճառով «Նոր Հայաստան»-ը ծրագրում է հանրաքվեի օրը` դեկտեմբերի 6-ին, ժամը 20:00-ին, նույնպես հավաքվել Ազատության հրապարակում:




Լրահոս