«Ո՛Չ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ, Ո՛Չ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու ընտրություններում «Առաքելություն» կուսակցության ցուցակը գլխավորող Մեսրոպ Առաքելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ միանգամայն նորմալ է, երբ  քաղաքական ուժը, այդ թվում եւ` «Առաքելություն»-ը,  պաշտոնների է ձգտում:
-Պարո՛ն Առաքելյան, ԿԸՀ-ի տվյալներով՝ «Առաքելություն» կուսակցությունն իր նախընտրական հիմնադրամից առայժմ որեւէ գումար չի ծախսել: Այդ դեպքում կուսակցությունն իր քարոզչական բուկլետներն ի՞նչ գումարներով է տպագրել, ֆինանսական ի՞նչ միջոցներով եք քարոզարշավ իրականացնում:
-Նախընտրական հիմնադրամ ներկայացված հաշվետվությունն ամսի 15-ի դրությամբ է եղել, դրանից հետո մենք գումարի մուտք ենք ունեցել մեր հիմնադրամի հաշվին,  որով համապատասխան տպագրական եւ այլ ծախսեր ենք իրականացրել: Ու արդեն հաջորդ անգամ այդ թվերը ներգրավված կլինեն:
-Բացի բուկլետներ բաժանելուց, քարոզչական էլ ի՞նչ միջոցառումներ է իրականացնում   «Առաքելություն»-ը: Մինչեւ այժմ բոլորի համար անհասկանալի է մնում Ձեր գործելաոճը:
-Մենք ոչ միայն բուկլետներ ենք բաժանում, մեր կուսակցությունը նաեւ բակային հանդիպումներ է ունենում բնակիչների հետ, մենք երեւանցիներին առավել մանրամասն ներկայացնում ենք մեր ծրագիրը, զրուցում ժողովրդի հետ: Սխալ տպավորություն եք ստացել, որ մեր կուսակցությունը միայն բուկլետներ է բաժանում քարոզարշավի ժամանակ: Նորմալ վիճակ է, կարելի է ասել` սպասվածից առավել է հասարակության արձագանքը, մենք մեր համակիրներն ունենք, ովքեր մեր ծրագրերից տեղյակ են: Մենք չենք հերքում, որ մեր ճանաչվածության մակարդակն այն աստիճանի չէ, ինչ մյուսներինն է, սակայն մեզ համար դա խնդիր չէ: Մենք այս ընթացքում նաեւ ճանաչվածություն ենք ձեռք բերում:
-Ոչ իշխանական ուժերը որոշել են կեղծիքների դեմ պայքարելու նպատակով միասնական նախընտրական շտաբ ստեղծել, Ձեր կուսակցությունը միանալո՞ւ է այդ շտաբի աշխատանքներին:
-Նշեմ, որ քարոզարշավի մեկնարկից դեռ բավական երկար ժամանակ առաջ ինքներս էինք նախաձեռնել նման ծրագիր, ընդ որում խոսքը վերաբերում էր ոչ միայն ուղղակի նախընտրական ժամանակաշրջանում կեղծիքները վերացնող շտաբ ստեղծելուն, այլեւ հետընտրական գնահատականներին ու համագործակցությանը Երեւանի ավագանու կազմում: Ընդհանուր առմամբ գաղափարն ընդունելի էր կուսակցությունների կողմից, սակայն պաշտոնական արձագանք չստացավ: Եթե մեզ այլ առաջարկներ լինեն, պատրաստ ենք քննարկել: Իսկ չլինելու դեպքում էլ միանշանակ,  առանց որեւէ պաշտոնական ձեւաչափի, նույնիսկ տեղային մակարդակով պատրաստ ենք համագործակցել այն կուսակցությունների հետ, որոնք ընտրությունների վերահսկման ծրագիր կունենան:
-Քաղաքական դաշտում այդպես էլ անհայտ է մնում Ձեր կուսակցության ուղղվածությունը, ի վերջո, «Առաքելություն»-ն ընդդիմությո՞ւն է, թե՞ իշխանություն: Կարելի՞ է ասել, որ Ձեր կուսակցության նպատակն ընդամենը պաշտոն «պոկելն» Է:
-Կարծում եմ՝ նորմալ է, երբ քաղաքական ուժը ցանկանում է հասնել իշխանության, եթե մենք այսօր իշխանության կրող չենք, ուրեմն ընդդիմադիր դաշտում ենք հանդես գալիս: Սակայն մեր գաղափարները, մեր ծրագրերը սկզբունքորեն տարբերվում են ոչ միայն իշխանական, այլեւ ընդդիմադիր դաշտի ներկայացրած առաջարկներից: Ո՛չ իշխանություն ենք, ո՛չ ընդդիմություն, մենք առաքելություն ենք:
-Այսինքն` Ձեր առաքելությունը պաշտոն ստանա՞լն է:
-Մեր առաքելությունը հենց առաքելություն իրականացնելն է, որը կծառայի մեր երկրի զարգացմանը:
-Ձեր կուսակցության որոշ ներկայացուցիչներ նշում են, որ իրենց վրա ճնշում է գործադրվում, ինչի արդյունքում  մարդիկ ինքնաբացարկ են հայտարարում: Ովքե՞ր են ձեզ  «ճնշողները»:
-Այդ ճնշումները եղել են տեղային մակարդակով. քննարկումներ, համոզումներ, առաջարկներ, բայց այս պահին մենք վստահ շարունակում ենք մեր քարոզարշավը: Այժմ ամեն ինչ նորմալ է:
-Ո՞ւմ եք համարում Ձեր հիմնական մրցակիցը:
-Բոլորի հետ էլ մրցակցում ենք: Մենք միակ կուսակցությունն ենք, որը երբեւէ իշխանության մաս չի կազմել, եւ այժմ որեւէ մեկից ո՛չ նեղացած ենք, ո՛չ ինչ-որ մեկը մեզանից բան է խլել, ո՛չ էլ մենք ենք ինչ-որ մեկից բան խլել: Նորմալ պայքար է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս